Խոժոռաբերդ. Բացահայտվող պատմություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Խոժոռաբերդ. Բացահայտվող պատմություն

Խոժոռաբերդ. Բացահայտվող պատմություն

Սա Հայաստան է, և վերջ…

Լեոնիդ Ազգալդյան

«…Հինգերորդը՝ Աղահեճ գավառը, որ այժմ կոչվում է Քաշաթաղ և Խոժոռաբերդ» Ստ. Օրբելյան. «Սյունիքի պատմություն». Երևան, 1986թ. Էջ՝ 70:

13-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, ով շատ կարևոր տեղեկություններ է թողել Սյունիքի վերաբերյալ, գրում է նաև նույն նահանգի Աղահեճ գավառի մասին, որն այդ ժամանակներում տրոհվել էր Քաշաթաղ և Խոժոռաբերդ գավառակների: Պատմիչի հիշատակությունից հետո բազում փորձությունների ենթարկվեց նաև Աղահեճը՝ Քաշաթաղ-Խոժոռաբերդը: Այստեղով անցավ Լենկ Թեմուրը և իր ճանապարհին ավերեց գավառը, որի Հակ գյուղը ավերիչ զորավարի քանդած ու թալանած հազարերորդ բնակավայրն էր: Այդ պատճառով Հակը կոչվեց Մինքյանդ «մին-հազար, քյանդ կամ քենդ-գյուղ»:

Այստեղով անցան պարսիկներն ու թուրքերը, քրդերը, այլ ավարառուներ, ասպատակողներ: 18-20-րդ դարերում ամբողջությամբ հայաթափվեց Աղահեճը, և օտարները տեր դարձան Հայոց հողին: Արցախյան գոյամարտը դարձավ նաև Հայոց պատմական տարածքների ազատագրման ժամանակաշրջան, ու եղավ հնարավորություն՝ շտկելու պատմական անարդարությունը, վերստին հայը դարձավ իր տան տերը:

Եղավ հնարավորություն՝ ուսումնասիրելու տարածքը և հնարավորինս ճշտելու՝ ո՞րն է պատմական բնակավայրը: Օրբելյանի հիշատակությամբ՝ Աղահեճի տարածքում հայտնի և անառիկ բերդ-ամրոցներից են Քաշեթաղուցը և Խոժոռաբերդը: Վերջին տարիներին Քաշաթաղի շրջանում իրականացվել են հնագիտական բազում ուսումնասիրություններ, որին մասնակից եմ եղել: Բացի հոգևոր հուշարձաններից, հայտնաբերվել են մի քանի տասնյակ ամրոցներ, բնակատեղիներ, դամբարանադաշտեր, որոնք պատմում են մեր հայրենիքի այս հատվածի մասին:

Չնայած այս ամենին՝ մինչ օրս անհայտ են՝ ո՞րն է Քաշաթաղ ամրոցը, որն ամենայն հավանականությամբ տարածքում եղել է գլխավորը, և նրա անվամբ է կոչվել գավառը՝ Քաշաթաղ: Անհայտ է նաև Խոժոռաբերդի տեղը: Այսօրվա Քաշաթաղի շրջանի հյուսիսային մասը համընկնում է Սյունիքի Աղահեճ և Արցախի Վայկունիք գավառների բնակավայրերին: Հակարի գետի Աղավնո վտակի աջ ու ահյակ բարձր սարալանջերն են, որոնց վրա են ժամանակին գոյություն ունեցել բնակավայր-ամրոցներ, բերդեր ու հզոր, անառիկ ամրոցներ: Վերջին տարիներին հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու, պատմաբան-ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ նման շատ հնավայրեր ուսումնասիրեցինք: Ամրոցների մեծ մասն ավելի վաղ շրջանի են, քան հիշատակած 13-րդ դարը: Գետի աջակողմյան մասում՝ Միրիկ գյուղում, պահպանվել է մի հզոր ամրոցատեղի, սակայն այն ավելի վաղ շրջանի է:

Նույնանման մեկ այլ ամրոց գոյություն է ունեցել Եզնագոմեր «այժմ՝ Լեռնահովիտ» գյուղի մոտակայքում: Աղավնոյի ձախափնյա Տանձուտ գյուղից մոտ 1կմ հյուսիս՝ ճանապարհին մերձ մի հսկայական ժայռ կա՝ մոտ 100 և ավելի մետր բարձրությամբ ուղղաձիգ պատերով: ժայռն ունի բազում քարայրներ, որոնք ժամանակին եղել են բնակելի: Քարայրներից մեկը փլվել է, սակայն պահպանված պատը հուշում է՝ միջնադարում այն եկեղեցի-մատուռ է եղել: Մեկ այլ քարայրի առաստաղից անընդհատ ջուր է հոսում, որն էլ օգտագործվել է խմելու նպատակով: Այժմ էլ, չնայած շոգ ու չոր եղանակին, ակունքից բխող ջուրը կա: Ժայռի հարավարևմտյան պատին փոսորակներ են՝ ժամանակի ընթացքում սևացած:

Մոտովանցնող արահետը մտնում է սնկաձև ժայռերով հարուստ ձորակ: Այստեղ մի շինության ավերակ կա, որը մատուռ կամ եկեղեցի է եղել: 2 տարի առաջ պատահաբար նկատեցինք, որ այս հսկայական ժայռի հյուսիսարևելյան կողմում պարիսպ կա: Մոտեցանք. պարզվեց՝ մոտ 200մ երկարությամբ, 1,5մ լայնությամբ պարիսպ է, որի որոշ հատվածներ լավ են պահպանվել, որոշները՝ փլվել: Ժամանակին անառիկ ամրոցներից մեկն է եղել: 3 կողմից բնական ամրություններ են, իսկ հյուսիսային կողմում՝ սնկաձև բազում ժայռերով ձորալանջ: Այս տարվա հուլիսի 29-ին հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու, Հենրիկ Դանիելյանի և արձակագիր-հրապարակախոս-գեղանկարիչ Բակուր Կարապետյանի հետ երկրորդ անգամ բարձրացա ամրոցատեղի:

Շրջելով 4 կողմում՝ պարզեցինք, որ ամրոցի հիմնական մուտքը հյուսիսարևելյան կողմում է: Մուտքի մոտ կանգուն է եղել մոտ 10 մետր շառավղով բուրգը, որի հիմքերից վերև մոտ 1մ բարձրությամբ պատ է պահպանվել: Մեծ ու մշակված քարերով են կառուցել բուրգը: Պարիսպն անշաղախ է, հիմնականում մշակված քարերով: Ծառերն ու թփերը, հատկապես՝ ցախավելը, ծածկել են պարսպի ու բուրգի մեծ մասը: Մուտքից մոտ 30մ արևելք պահպանվել են պատերի հետքեր: Դարերի ընթացքում հողը ծածկել է ներսի շինությունները, և միայն պեղումները հնարավորություն կտան ճշտելու ամրոցի հատակագիծը: Ընդհանուր առմամբ որպես կացարան կամ զորանոց օգտագործվել են ամրոցի հարավային կողմի բնական քարայրները:

Զգացվում է՝ դրանց մի մասը մշակված է: Պահպանված պարիսպը հուշում է՝ ամրոցը գոյություն է ունեցել միջնադարում: Նկարահանումներ կատարեցինք նաև թռչող սարքով: Ուսումնասիրելով ամրոցի ողջ տարածքը՝ գտանք նաև 2 գաղտնուղի, որոնցից մեկը պարսպից հարավ է ընկած և իջնում է արևելյան կողմի ձորակ: Մյուսն արևմտյան կողմում է, իջնում է Աղավնոյի ափ: Գետը հեռու չէ այստեղից, իսկ միջնադարում հնարավոր է՝ հունն ավելի մոտ է եղել, և նշված գաղտնուղիով ջուր են հանել ամրոց: Ժայռի հարավային մասում, որտեղ աղբյուրով քարայրն է, նշեցինք՝ փոսորակներ կան, որոնք ելարանատեղեր են հուշում:

Հնարավոր է՝ այս մասում պարաններով են ել ու էջք արել: Այս ժայռամրոցի հարևանությամբ՝ հարավարևմտյան կողմում պահպանվել է մեկ այլ փոքր ամրոցատեղի: Հավանաբար՝ այն դիտակետ է եղել, և 2 ամրոցներ համագործակցել են: Ելնելով ժայռամրոցի խոժոռ ու նոթերը կիտած տեսքից՝ կարելի է ենթադրել, որ հենց Խոժոռաբերդն է ժայռակերտ բերդը: Տարածքում միջնադարում գոյություն ունեին տասնյակից ավելի հայաշատ ու շեն բնակավայրեր, որոնք այսօր էլ կան՝ վերստին հայացած:

Երևի հենց այստեղ են վտանգի պահին միջնադարում պատսպարվել մեր հայրենակիցները, երբ կար Լենկ Թեմուրի ու այլ ասպատակողների վտանգը: Ամրոցի դիմաց՝ գետի աջ ափից բարձրացող բլրի վրա միջնադարյան մեկ այլ ամրոցատեղի կա, սակայն այն ավելի փոքր է: Այստեղից մոտ 5կմ հարավում է Ծիծեռնավանքը՝ Քաշաթաղի Մելիք-Հայկազյանների ապարանքով հանդերձ: Հուսանք՝ կգա ժամանակը, տարածքում կիրականացվեն հնագիտական պեղումներ, և գիտնականները կասեն իրենց խոսքը:

Զոհրաբ Ըռքոյան

1