Խոզի աֆրիկյան ժանտախտի տարածման կանխարգելման դրական արդյունքներ կան Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Խոզի աֆրիկյան ժանտախտի տարածման կանխարգելման դրական արդյունքներ կան Արցախում

Խոզի աֆրիկյան ժանտախտի տարածման կանխարգելման դրական արդյունքներ կան Արցախում

Արցախում արձանագրվել է խոզի աֆրիկյան ժանտախտի դեպքեր 15 բնակավայրերում` հիմնականում Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում. ոչնչացվել է 694 խոզ: Ըստ ԼՂՀ ԳՆ անասնաբուժական եւ անասնապահական պետական տեսչության պետ Տիգրան Առստամյանի` կիրառվել են համապատասխան աշխատանքներ վարակի օջախներում, եւ դա դրական արդյունքներ է տվել:

 

 

Խոզի ժանտախտի առաջին վարակի դեպքեր արձանագրվել են 2007 թվականին եւ այսօր վարակի նոր բռնկումներն անասնաբուժները համարում են 2007 թվականին մարդկանց անտարբերությամբ եւ սխալ եղանակներով կենդանիներին ոչնչացնելը: Այդ հիվանդության դեմ առ այսօր որեւէ պատվաստանյութ չկա: Հիվանդությամբ վարակվում են միայն խոզերը:

 

 

ՙՎարակի դեպքում կենդանիներին պետք է սպանել անարյուն եղանակով եւ այրել, եւ թաղել 2 մետր խորությամբ հորի մեջ, որի դիրքը այնպես պետք է լինի, որ սելավի ժամանակ ջրերը վրայով չհոսեն՚,-նշեց ԼՂՀ ԳՆ անասնաբուժական եւ անասնապահական պետական տեսչության պետ Տիգրան Առստամյանը:
Ըստ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Սասուն Բաղդասարյանի` կառավարության կողմից տրված է հրահանգ` աֆրիկական ժանտախտի վերացման եւ նրա հետագա տարածումը կանխելու միջոցառումների պլան մշակելու համար:

 

 

Տիգրան Առստամյանի համոզմամբ` այս հիվանդության դեմ պայքարը զուտ այնքան մասնագիտական չէ, որքան մարդիկ պետք է գիտակցեն, որ խոզերին պետք է պահեն փակ տեղերում: ՙՊետք չէ հրաժարվել խոզաբուծությունից, այլ պետք է գիտակցենք, որ պետք է անցնենք փակ պահվածքի, պահպանենք հիգիենայի կանոնները եւ նման բռնկումներ չեն լինի՚,-նշեց Տ. Առստամյանը:

 

 

Տիգրան Առստամյանը նշեց, որ միսը, մինչ խանութներ հասնելը, անցնում է համապատասխան հսկողություն, որը հիմա ավելի է խստացվել: Միսը հայտնվում է խանութներում` միայն համապատասխան մասնագետների կողմից անասնաբուժական տեղեկանք տալուց հետո:

 

 

Ստեփանակերտի քաղաքային անասնաբուժական կայանի տնօրեն Բորիս Ալավերդյանը նշում է, որ հիվանդության դեպքեր լինում են: Հիվանդությունը ախտորոշելուց հետո այն վառում են եւ հորում համապատասխան վայրում, որը գտնվում է քաղաքից դուրս: Ստուգումներ կատարվում են օրական երկու անգամ:
Նշենք, որ աֆրիկյան ժանտախտի բռնկումից հետո խոզի մսի պահանջարկն իջել է, իջել են նաեւ գները. նախկին 3600 դրամի փոխարեն այսօր այն արժե 3300 դրամ: Շատ մսավաճառներ էլ առհասարակ խոզի միս չեն ընդունում:

 

 

Նշված հարցազրույցներից հետո  <<Ապառաժը>>  խոսել է մի քանի գյուղերի բնակիչների եւ անասնաբույժների հետ, որոնց վկայությամբ ժանտախտով հիվանդ խոզերի դիերը համապատասխան ձեւով չեն հորվում, այլ պարզապես կենդանիներին մորթում, շպրտում են գյուղից դուրս որեւէ տեղ, կամ էլ հողով պարզապես ծածկում են, որն էլ իրենից լուրջ վտանգ է ներկայացնում. հիվանդությունը ցանկացած պահի կարող է նորից բռնկվել տվյալ գյուղերում:

 

 

Ա. ՆԱՐԻՆՅԱՆ

1