Խնդիր կա, բայց լուծման ձեւը սա չէ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Խնդիր կա, բայց լուծման ձեւը սա չէ

Խնդիր կա, բայց լուծման ձեւը սա չէ

Արդեն շատ է խոսվել եւ գրվել «Սասնա ծռերի»` հուլիսի 17-ի գործողությունից հետո Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

 

Մի բան շատ պարզ է` չկան «կողմեր».  արհեստականորեն ստեղծված «կողմերը» դեպքերի հանգուցալուծումից հետո արդեն ափսոսում են:

«Հաղթողը» փոշմանել է արածի եւ չարածի համար, իսկ «պարտվողը» նույնպես փոշմանած է դուրս եկել չարածի եւ արածի համար:

 

Իրադարձությունների կապակցությամբ ՀՅԴ-ն հենց առաջին օրերին հնչեցրել է իր հստակ տեսակետը՝ խնդիր կա, բայց լուծման ձեւը սա չէ:

 

Ոչ ոք չի կարող հերքել Դաշնակցության գումարտակի ունեցած վաստակը ղարաբաղյան պատերազմի օրերին, սակայն Ժիրոն եւ իրեն համակրող տղաները եղել են այն հազարավոր դաշնակցական եւ համակիր տղաներից, որոնք ծառայել են Դաշնակցության դրոշի ներքո եւ ովքեր կերտել են Շուշիի առանձնակի գումարտակի փառքը:

 

Այն ժամանակ չէին ուզում նշել Դաշնակցության անունը, քանի որ Հայաստանի օրվա իշխանությունները չէին հանդուրժում Դաշնակցությանը, իսկ հիմա Ժիրոյին գովող ու փառաբանողները հենց այն մարդիկ են, ովքեր ժամանակին ցեխ էին շպրտում Դաշնակցության գումարտակի վրա` հնչեցնելով անհեթեթ մեղադրանքներ:

 

Դաշնակցությունից հեռացան շատերը, հեռացան կուսակցության կարգ ու կանոնին չենթարկվող, անձնական փառքի հետեւից ընկնող մարդիկ: Երբ այդ մարդիկ մտան քաղաքական դաշտ, դարձան առաջնորդներ, օգտագործվեցին Դաշնակցությանը մեղադրելու համար:

 

Ահաբեկչությունը նախ եւ առաջ քաղաքական ակտ է, սակայն իր մեջ ունի բարոյական եւ անբարոյական դրսեւորումներ: Երբ Դաշնակցության որոշմամբ ահաբեկչության միջոցով  գետնին է տապալվում Թալիաթը, ոչ ոք չի կարող այդ ակտը համարել անբարոյական: Անբարոյական է վախկոտ, չթիրախավորված, անմեղ կյանքեր խլող եւ ահ ու սարսափ առաջացնող կույր ահաբեկչությունը: Սա Դաշնակցության ոճը չէ:

 

Այս օրերին հիշվեց Բանկ Օտտոմանն ու Լիզբոնը, փորձվեց մեղադրել ՀՅԴ-ին եւ Դաշնակցության ձեռագիրը գտնել հուլիսի 17-ին տեղի ունեցածի մեջ:

 

Երբ Լեւոն Տեր- Պետրոսյանը անօրինական ճանաչեց Դաշնակցության գործունեությունը Հայաստանում, Դաշնակցությունը շատ առիթներ ուներ զենքով հարցեր լուծելու:

 

1992 թվականին, երբ Հայաստանի իշխանությունների կողմից persona non grada հայտարարվեց ՀՅԴ Բյուրոյի օրվա ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը, այդ լարված օրերին նա սփյուռքից դարձյալ համագործակցության ձեռք մեկնեց գործող իշխանությանը` խուսափելով լարվածությունից եւ արյունահեղությունից: Դա է դաշնակցականի սկզբունքայնությունը:

 

Հիշենք ընկեր Հրայր Մարուխյանի խոսքերը.

 

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը յայտարարած է եւ յայտարարում է նաեւ այսօր, որ իր ամբողջ կարելիութիւններով ինքն իրան դնում է Հայաստանի իշխանութիւնների տրամադրութեան տակ — բայց ոչ թէ Հայաստանի իշխանութիւնների գրպանին մէջ, մեր կազմակերպութեան հարիւրամեայ փորձառութեամբ՝ քաղաքական, տեսական, ինչ ձեւով կ՚ ուզէք մօտեցէք, եւ մանաւա՛նդ մարտական…»։

«Ապառաժ»-ի խմբագրական, 3 օգոստոս, 2016թ.

1