Խիզախ ու անձնուրաց բուժքույրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Խիզախ ու անձնուրաց բուժքույրը

Խիզախ ու անձնուրաց բուժքույրը

Զոհվել է մարտի դաշտում, հայրենի Ղազանչի գյուղի համար մղված թեժ կռիվներից մեկում:

Դա եղել է 1992 թվականի մարտի 4-ին, ցուրտ ու մառախլապատ այն օրը, երբ թուրքերը եկել չոքել էին այնքա՜ն սիրելի, այնքա՜ն հարազատ ծննդավայրի կոկորդին և ուզում էին խեղդամահ անել այն: Ամենուր լկտիաբար հոխորտում և ամենալպիրշ ձևով հայհոյանքներ էին թափում բնակիչների, կանաց, ծերերի ու մանուկների հասցեներին:

Այս ամենը, բնական է, հայերը կուլ տալ չէին կարող: Ու նրանք ոտքի էին ելել պապերից ժառանգած հողը պահելու, պաշտպանելու համար: Բոլորի մեջ ու բոլորի հետ էր նաև բուժքույր Ֆրիդան՝ Ֆրիդա Հարությունյանը:

Ծնվել է 1964-ին: Տեղի ութամյա դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ­­­­­Կապանի բժշկական ուսումնարանը և բարձր նիշերով 1981-ին ավարտել այն՝ իր խելքով, իր ուժերով, առանց որևէ մեկի օգնության, առանց որևէ մեկի աջակցության: Ավարտել ու աշխատանքի է անցել գյուղի բուժկետում: Սպիտակ խալաթ էր հագնում, ձեռքի տակ եղած դեղամիջոցներով, օգտակար խորհուրդներով ամոքում, բուժում իրեն դիմող հիվանդների վերքերը, ցավերը: Եվ գոհ էր բոլորից, ուրախ էր ընտրած մասնագիտությամբ: Տարիները գալիս գնում, ու նա ավելի էր հմտանում, բանիմաց դառնում, խորանում սիրած մասնագիտության մեջ: Այդպես, 11 տարվա փորձ ուներ, 11 տարի քայլում էր նույն ճանապարհով: Սիրով, անվրդով: Ու միշտ՝ ժպիտը դեմքին: Բայց 88-ի Շարժումը ստիպում է, որ ճանապարհը փոխի: Ու նա հարյուրների, հազարների հետ և նրանց նման ընտրում է մի ուրիշ ճանապարհ, որ լի էր փորձություններով, դառնություններով ու դժվարություններով: Հայրենի հողը, հայրենի երկիրը թուրքի ոտնձգություններից փրկելու, ազատ ու անկախ ապրելու, հայավարի նստելու-վերկենալու, հայավարի բարևելու ու հրաժեշտ տալու, հայերեն բարձր խոսելու համար ոտքի էր կանգնել ողջ Մարտակերտը, Ղարաբաղը, ամբողջ հայությունը: Ուզում էին ինքնուրույն լինել, իրենց գլխի տերը լինել: Այլևս չէին ուզում հպատակի վիճակում ապրել, չէին ուզում առավոտից-իրիկուն «դանըշըր Բաքը» բառերը լսել: Ուզում էին լսել «խոսում է Երևանը», որ այնքան սրտամոտ էր, հաճելի ու գեղեցիկ:

Բոլորի շուրթերին «Միացում» բառն էր, բոլորի ձեռքերին՝ «Արցախ-Հայաստան» վահանակը: Հզոր ու անկասելի շարժումը իր մեջ էր առել բոլոր գյուղերը: Փոքր Ղազանչին, հասկանալի է, բացառություն կազմել չէր կարող: Շրջանի 45 գյուղերի, բնակավայրերի օրինակով նա ևս իր ստորագրությունն էր դրել պատմական որոշման տակ. որոշում, որը օրենքի ուժ ստացավ ­­­­Մարտակերտի շրջխորհրդում (1988, փետրվարի 19), ապա մարզխորհրդի՝ բոլորին հայտնի նիստում (20 փետրվարի, 1988թ.):

Միանալ մայր Հայաստանին… Սա էր բոլորի կամքը, միակ ցանկությունը, բաղձալի երազանքը: Ու սա էր կատաղեցրել, զարմացրել ու զայրացրել գազազած ազերիներին: Որոշման բոթն առնելով, հաջորդ օրն իսկ նրանք շրջափակել էին գյուղը, կտրել կապը շրջկենտրոնի ու Ստեփանակերտի հետ:

Չմոռանանք ասել , որ հայաբնակ այդ գյուղը՝ Ղազանչին, շրջապատված էր Աղդամի շրջանի բազմաթիվ թուրքական գյուղերով: Ահավորն ու սարսափելին այն էր, որ Մարտակերտը Ստեփանակերտին միացնող ճանապարհն անցնում էր այդ թուրքաբնակ գյուղերի միջով: Դե արի ու գնա: Կռիվը, ծեծկռտուքը անխուսափելի էին, քանզի թուրքը ոչ մի օրենք, կարգ ու կանոն չէր ճանաչում: Վիճակը ծանր էր, անտանելի:

Բայց գյուղը չէր հանձնվում, շարունակում էր դիմակայել, կռիվ մղել նենգ ու անարգ թշնամու դեմ: Այդ այն դեպքում, երբ ձեռքի տակ կար ընդամենը 27 ինքնաձիգ:

27 ինքնաձիգ, որ ձեռքից ձեռք էր անցնում: Ցերեկը այն տարեցների մոտ էր, գիշերը՝ երիտասարդների: Զարմանալի է, բայց այսպես էր: 88-ի հունիսից կապը արտաքին աշխարհի հետ իսպառ կտրվեց: Էլ ոչ մի հույս, ոչ մի օգնություն: Արյունոտ իրադարձություններն ասես վերջ ու վախճան չունեին: Գյուղը շնչահեղձ էր լինում:

Եկավ 92-ի մարտի 4-ը՝ ողբերգական ու արյունոտ այդ օրը, երբ անկոտրուն ղազանչեցին հարկադրված էր թողնել հայրենի գյուղը: Այդ օրը, առավոտյան ժամը 8-ին մինչև ատամները զինված ազերիները ռուսական բանակի զինվորների ուղեկցությամբ մտան անօգնական մնացած Ղազանչի ու վառեցին, թալանեցին. վառեցին գեղեցիկ ավանդույթներով, բարի ու աշխատասեր մարդկանցով հարուստ հայկական այդ բնակավայրը:

Ազերիները գիտեին շտաբի տեղը, ու գնդակների տարափ էր, որ տեղում էր անշուք ու խարխուլ այդ տնակի վրա: Բայց այնտեղ ոչ ոք չէր մնացել, գնացել էին թուրքի առաջն առնելու: Համոզված էին, որ վերջին մարտն է, վերջին կռիվը, որ պիտի լուծվի հարազատ բնօրրանի լինել-չլինելու հարցը, ու թեև թվով քիչ էին, բայց համառորեն դիմադրում, դիմակայում էին:

Տանկերի հռնդյունը, արկերի շառաչը ականջ էին խլացնում:

Ֆրիդան, որ փխրուն սիրտ ունի ու քնքուշ հոգի, սանիտարական պայուսակը ուսին (մեջը դեղամիջոցներ, սրսկիչներ, բժշկական այլ պարագաներ էին) շտապում, մի դիրքից մյուսն էր վազում: Նա ասես ոչինչ չէր տեսնում: Միայն հրետանու ահեղ որոտն էր լսում: Բայց եղավ մի պահ, երբ այն լռեց: Ֆրիդան զարհուրեց, վիրակապը ձեռքին վազեց դեպի հրետանու կողմը, բայց արդեն ուշ էր: Խիզախ հայորդին, հմուտ հրետանավորը՝ Մանվելը, արնաշաղախ ընկած էր գետնին: Ֆրիդան հուսահատ կանգնել ու անասելի սարսափ էր զգում: Հանկարծ վիրավորի հառաչ լսեց: Ջոկատի հրամանատար Վազգեն Գրիգորյանն էր, որ մահացու վերք էր ստացել: Ֆրիդան հանեց վիրակապը, կռացավ, որ փաթաթի, դադարեցնի շատ արագ հոսող արյունը, թշնամու գնդակը  խոցեց նրա կուրծքը:

Թուրքերը նայում, հեռվում բարձր հռհռում էին:

Այսքան կարճատև ու ողբերգական եղավ «առյուծի սիրտ կերած» գյուղական աղջկա՝ բուժքույր Ֆրիդա Հարությունյանի  մարտական ուղին:

Սարսափելի լուրը գյուղ հասավ ուշ երեկոյան: Ծնողները մնացել էին սառած, շվարած:

Ինչ կարող էին անել: Եղածը եղած էր: Գոնե դիակը թողնեն փրկել՝ մտածում էր հայրը: Ու նա ավագ որդու՝ Սուրենի հետ, երբ մութն ընկնում է, դուրս է գալիս տնից, գնում հասնում այն  վայրը, ուր համագյուղացիներից շատերն արյուն են թափել, որոնում, գտնում զոհված աղջկա տանջված, չարչարված, բզկտված մարմինը ու պատգարակի վրա բերում հասցնում տուն, հայրական օջախ: Որոշում են դիակը հողին հանձնել հենց իրենց բակում, ցրտից, սառնամանիքից կուչ եկած ծառերի տակ: Այդպես էլ անում են: Միայն տասն օր անց, երբ  մերոնք ազատագրում են գյուղը ու թուրքի հերն անիծելով քշում հեռու-հեռուները, կյանքը հայրենի հողին նվիրած քաջասիրտ աղջկա դին հանգիստ է առնում պապենական գերեզմանում:

Վերքը սպիացել, բայց ցավը, մորմոքը տակավին մնում է: Ֆրիդայի հարազատները, որ հիմա ապրում են անառիկ Շուշիում, կարոտով, կսկիծով ու ափսոսանքով են հիշում իրենց Ֆրիդային, որ այդքան շուտ (28 տարեկան դեռ չկար) հեռացավ կյանքից: Բայց նաև անթաքույց հպարտանում են նրանով՝ քաջ գիտակցելով, որ հայրենի եզերքի համար ընկածները մահ չունեն. նրանք հավերժ ապրում են սերունդների հիշողության մեջ:

Դե, ուրեմն, եկեք միշտ հիշենք, որ մենք կանք ու միշտ պիտի լինենք քաջ Ֆրիդայի նման անմահ հայուհիների, Մանվելի, Նորիկի, Վազգենի ու էլի շատ ու շատ անձնուրաց հայորդիների խիզախումների, հերոսությունների, սխրանքների շնորհիվ, նրանց թափած արյան ու մահվան շնորհիվ:

Միքայել Բալյան

1