Խեղճ մեխակներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Խեղճ մեխակներ

Խեղճ մեխակներ

Զոհված ազատամարտիկ, Աշանի ջոկատի հրամանատար Արմեն Ավագյանի ծննդյան 46-ամյակի հիշատակին:

Այսօր նրա Ծննդյան օրն է:

 

Մեխակների կարմիրը նրան թախիծով պարուրեց:Արդեն ո՞րերորդ անգամ էր գնում այդ մեխակները,ո՞րերորդ անգամ էր ծաղկավաճառը սև երիզով կապում ծաղիկներն ու տալուց առաջ ստուգում`զու՞յգ է տվել արդյոք, թե՞ չէ:

 

Ը՞րերորդ անգամ ծաղիկները նրա ձեռքերում դողում էին:

 

Ճանապարհին առաջին անգամ խորհեց մեխակների մասին.խեղճ մեխակներ,հիմա ո՞վ է իր սիրելիին մեխակներ նվիրում , մեխակների ՙՙդարն՚ անցել է,հիմա ճոխ ծաղկեփնջեր են նվիրում,իսկ մեխակները…մեխակները տխուր վախճան են ունենում:Երկար ժամանակ է,ինչ նրանց սպիտակով չեն կապում :Ո՞վ փոխեց նրանց ճակատագիրը,ո՞վ իրավունք ուներ…

 

Նա ձեռքով սրբեց շիրմաքարի փոշին,կարդաց հարազատ անուն-ազգանունը:Աշնանային լռության մեջ շուրթերն արտասանեցին.ՙՇնորհավոր ծնունդդ,քեզ համար մեխակներ եմ բերել…՚:Կարոտը խաղաց շուրթերին:Կարոտը քամու պես խլեց-տարավ բոլոր բառերը:Կարոտը խելագարվում էր:Կարոտը նրան տարավ դեպի մանկություն,որ երազ էր,կար ու չկար: Հստակ չհիշեց,թե քանի տարեկան էր, երբ մոր ձեռքին առաջին անգամ զույգ մեխակներ տեսավ,աչքերում` անորոշ մի բան. միայն հետո հասկացավ,որ այդ անորոշ մի բանը ցավն էր` կորստի ցավը: Իր հարցին,թե ում համար են մեխակները,մայրը շշնջաց.

 

-Հայրիկիդ համար են,այսօր նրա ծննդյան օրն է:

 

-Մենք նրա մոտ ենք գնու՞մ:

 

-Այո:

 

-Իսկ ինչու՞  նա մեզ մոտ չի գալիս:

 

-Մի օր կգա ,դու միայն չմոռանաս նրան սպասել:

 

-Իսկ նա ե՞րբ կգա:

 

-Երբ մեծանաս,մե~ծ ,սիրուն աղջիկ դառնաս,այդ ժամանակ կգա:

 

-Նա քեզ ծաղիկներ կբերի՞:

 

-Այո,շատ ծաղիկներ,շա~տ ծաղիկներ,-մոր ձայնը երերաց:

 

-Մեխակնե՞ր:

 

-Չէ,ավելի գեղեցիկ ծաղիկներ:

 

-Իսկ մեխակները գեղեցի՞կ չեն:

 

-Իհարկե,քաղցրիկս,իհարկե գեղեցիկ են:աշխարհի բոլոր ծաղիկները,ինչպես աշխարհի բոլոր մանուկները, գեղեցիկ են…

 

Մանկության այս հեքիաթը,որն այնքան էլ հեքիաթ չէր,մի պահ սահեց նրա աչքերով:Մանկության այս հեքիաթում անչափ շատ էին չար հերոսները: Պատերազմի գույներում խառնվել էին բարի ու չարի երանգները,միայն մեկ գույն էր գերիշխում, և այդ գույնը շատ էր նման շիրմաքարին խոնարհված մեխակների գույնին.դա պատերազմի գույնն էր:

 

Հիմա աղջիկը մե~ծ,սիրուն աղջիկ է,բայց էլ չի հարցնում մայրիկին,թե ե՞րբ կգա հայրիկը: Հիմա արդեն ինքն է զույգ մեխակներ տանում հայրիկին ու հավատում է,որ մի օր անպայման կգա…

 

…Մեխակները լուռ ու խոնարհ գրկել էին շիրմաքարը, և թվում էր`նրանք էլ արտասվում էին ցավից կամ էլ,ո՞վ գիտե, գու՞ցե  իրենց դառը ճակատագիրն էին ողբում…

 

 Արմենուհի

 

1