Խեղճ մեխակներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Խեղճ մեխակներ

Խեղճ մեխակներ

Մեխակների կարմիրը նրան թախիծով պարուրեց: Արդեն ո՞րերորդ անգամ էր գնում այդ մեխակները, ո՞րերորդ անգամ էր ծաղկավաճառը սև երիզով կապում ծաղիկներն ու տալուց առաջ ստուգում`զու՞յգ է տվել արդյոք, թե՞ չէ:

Ո՞րերորդ անգամ է՝ չէր հասկանում ծաղիկնե՞րն են դողում, թե՞ իր ձեռքերը:

Ճանապարհին առաջին անգամ խորհեց մեխակների մասին. խեղճ մեխակներ, հիմա ո՞վ է իր սիրելիին մեխակներ նվիրում, մեխակների  «դարն»  անցել է, հիմա ճոխ ծաղկեփնջեր են նվիրում, իսկ մեխակները… մեխակները տխուր վախճան են ունենում: Երկար ժամանակ է՝ նրանց սպիտակով չեն կապում: Ո՞վ փոխեց նրանց ճակատագիրը, ո՞վ իրավունք ուներ…

Նա ձեռքով սրբեց շիրմաքարի փոշին, կարդաց հարազատ անուն-ազգանունը: Լռությունը կախվում էր մերթ ծաղիկներից, մերթ շիրմաքարից: Նրանք երկուսն էլ տխուր էին, թե ծաղիկները, թե սառն ու անշունչ քարը, բայց ծաղիկները դեռ կենդանի էին, նրանք երևի ուզում էին ապրել  դեռ ինչ-որ սիրահարի ձեռքերում կամ էլ՝ ծննդյան նվեր դառնալ… Մեխակները գրկեցին շիրմաքարը. դա միակ տեղն էր, ուր նրանց սպասում էին…

«Քեզ համար նորից մեխակներ եմ բերել… Երեկ ընկերներդ էին եկել, 25 տարի է՝ հոտնկայս խմում են քո անմահության կենացը, բայց դրանից սպասումս ավելի է ծաղկում, երիտասարդանում…»,- կարոտը խաղաց նրա շուրթերին: Ապա կարոտն էլ քարացավ, խառնվեց լռությանը, մեխակներին: Կարոտը խելագարվում էր անզորությունից, պետք էր դեպի անցյալ գնալ, մի քանի հուշ փորփրել՝ հանգստություն գտնելու համար: Եւ կարոտը նրան տարավ դեպի մանկություն, որ երազ էր, կար ու չկար: Հստակ չհիշեց, թե քանի տարեկան էր, երբ մոր ձեռքին առաջին անգամ զույգ մեխակներ տեսավ, աչքերում` անորոշ մի բան. միայն հետո հասկացավ, որ այդ անորոշ մի բանը ցավն էր` կորստի ցավը: Իր հարցին, թե ո՞ւմ համար են մեխակները, մայրը շշնջաց.

— Հայրիկիդ համար են:

— Մենք նրա մոտ ենք գնու՞մ:

— Այո:

— Իսկ ինչու՞  նա մեզ մոտ չի գալիս:

— Մի օր կգա, դու միայն չմոռանաս նրան սպասել:

— Իսկ նա ե՞րբ կգա:

— Երբ մեծանաս,մե՜ծ , սիրուն աղջիկ դառնաս, այդ ժամանակ կգա:

—  Նա ինձ ծաղիկներ կբերի՞:

— Այո, շատ ծաղիկներ:

— Մեխակնե՞ր:

— Չէ, ավելի գեղեցիկ ծաղիկներ:

— Իսկ մեխակները գեղեցի՞կ չեն:

— Իհարկե, գեղեցիկ են: Աշխարհի բոլոր ծաղիկները, ինչպես աշխարհի բոլոր մանուկները, գեղեցիկ են…

Նա չէր ուզում թարթել աչքերը, որպեսզի երազը ցած չգլորվի, նա դեռ ուզում էր երկար մնալ մանկության հետ, բայց ինչ-որ մեկը դատարկել էր մանկության ներկապնակը եւ ընդամենը մեկ գույն էր թողել այնտեղ, և այդ գույնը շատ էր նման շիրմաքարին խոնարհված մեխակների գույնին. դա պատերազմի գույնն էր:

…Մեխակները լուռ ու խոնարհ գրկել էին շիրմաքարը, և թվում էր` նրանք էլ արտասվում էին ցավից կամ էլ, ո՞վ գիտե, գո՞ւցե  իրենց դառը ճակատագիրն էին ողբում…

 Հերմինե Ավագյան

1