Խաղաղությունը պահպանելու պարագայում է հնարավոր գործնական քննարկումներ անել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Խաղաղությունը պահպանելու պարագայում է հնարավոր գործնական քննարկումներ անել

Խաղաղությունը պահպանելու պարագայում է հնարավոր գործնական քննարկումներ անել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցն ավելի շատ նախապատրաստական է՝ 2019թ. առավել գործնական քայլեր ձեռնարկելու առումով: 2018 թ.-ին դժվար թե ԼՂ հակամարտության կարգավորման առումով վճռորոշ քայլեր արվեն, որովհետև Ադրբեջանում նախագահական ընտրություններ կան և հազիվ թե վճռորոշ որևէ քայլ կատարվի:

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը և համանախագահների տարածաշրջան այցին:

«Գրասենյակի ընդլայնումը մեծ համաձայնություն կնքելու ճանապարհին ամենալավ և ամենաիրատեսական գաղափարներից է, որովհետև իսկապես անհնար է և՛ կրակել, և՛ բանակցել: Լարվածությունն անընդհատ պահելն ավելի է իրարից հեռացնում, իսկ չկրակելու, որոշակի դադար ունենալու, խաղաղությունը պահպանելու պարագայում է հնարավոր գործնական քննարկումներ անել»,- նշեց Վահրամ Բալայանը:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանն այլ ելք չունի, քան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ թիմի անդամների թիվը 7-ից 11 դարձնելուն համաձայնություն տալը: Ըստ նրա՝ հակամարտության խորացման ճանապարհով գնալու Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը շահավետ չէ հենց իր համար:

«Փորձել հարցը լուծել ուժի դիրքից՝ անհեռանկար քաղաքականություն է, և Ադրբեջանը դրանով ոչնչի չի հասնի: Մի օր Ադրբեջանը պետք է նստի սեղանի շուրջը և քննարկումներ անի հակամարտության վերջնական կարգավորման համար»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, Վահրամ Բալայանի կարծիքով՝ գրասենյակի ընդլայնման հարցում որոշակիություն կլինի համանախագահների տարածաշրջան այցից հետո:

«Տեղեկատվություն կար, որ փաստորեն Ադրբեջանն իր համաձայնությունը տվել է, բայց եթե ուշադիր նայում ենք Ադրբեջանի տեղեկատվական դաշտին, ապա կիսատ-պռատ է այդ ամենը: Այսինքն՝ լիարժեք հաստատում չկա այդ ամենին: Տարիների փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանը մեկ բան է ասում, մեկ այլ բան անում: Ամեն ինչ պարզ կլինի համանախագահների այցից հետո»,- նշեց ԼՂՀ ԱԺ փոխնախագահը:

Հարցին, թե համանախագահների այցի ընթացքում հնարավո՞ր է, որ սահմանում լարվածությունը մեծանա, Վահրամ Բալայանը պատասխանեց. «Դա հարաբերական է, որովհետև տարբեր գործոնների ազդեցության տակ է սահմանային լարվածությունը ուժեղանում կամ թուլանում: Այն կապված է և՛ տարածաշրջանային զարգացումների, և՛ ներքաղաքական զարգացումների, մասնավորապես Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Այնպես որ կանխագուշակել, թե ինչ ճանապարհով կգնա, դժվար է»:

1