ԼՂ հակամարտությունը հողերի հանձման գնով լուծելու Ադրբեջանի ու նրան աջակցող ուժերի տարբերակը ձախողվել է. Վահրամ Բալայան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂ հակամարտությունը հողերի հանձման գնով լուծելու Ադրբեջանի ու նրան աջակցող ուժերի տարբերակը ձախողվել է. Վահրամ Բալայան

ԼՂ հակամարտությունը հողերի հանձման գնով լուծելու Ադրբեջանի ու նրան աջակցող ուժերի տարբերակը ձախողվել է. Վահրամ Բալայան

Ադրբեջանը ու Ադրբեջանին սատարող ուժերը ձգտել են ղարաբաղյան հակամարտությունը լուծել հողերի հանձման գնով, բայց ձախողվել են իրենց հաշվարկներում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Վերջինս շեշտեց, որ այդ ուժերը, որոնց անունները նա դժվարացավ տալ, հասկացել են, որ զենքի ուժով հեշտ չէ ժողովրդին ծնկի բերել, հետ կանգնեցնել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մտադրությունից:

 

— ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ հանդիպումից հետո շեշտեց, որ «ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է»: Ձեր կարծիքով՝ սա պատահակա՞ն ուղերձ էր՝ հաշվի առնելով խոսակցությունները, որ քննարկվում է 5 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու տարբերակը:

 

— Կարծում եմ, որ ապրիլյան իրադարձությունները, ռազմական գործողությունների ակտիվացումը շատ բան փոխեցին: Համենայնդեպս, եթե քննության ես ենթարկում եղած տեղեկությունները, հասկանալի է դառնում, որ ոչ միայն Ադրբեջանը, այլև շահագրգիռ այլ կողմեր, ձգտում էին ուժային մեթոդով, ինչ-որ ձևով ինչ-որ բանի հասնեին: Ամենայն հավանականությամբ, հավանաբար տարածքների հետ կապված, ուզում էին ուժով ստիպել, որ մենք ենթարկվենք: Իմ կարծիքով՝ այդ ամենը ձախողվեց, մարդիկ հասկացան, որ զենքի ուժով հեշտ չէ ժողովրդին ստիպել, ծնկի բերել, հետ կանգնեցնել խաղաղ ճանապարհից: Միջնորդների մոտ էլ որոշակի փոփոխություններ են առաջացել, հասկացել են, որ հարցը մտել է փակուղի ու գուցե ներկայացրել են նոր տարբերակ, որին մենք ծանոթ չենք:

 

-Այսինքն՝ կարծում եք, որ Նախագահի շեշտադրումը, որ հարցը կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ, իսկապե՞ս պատահական չէր, և որ եղել է հողերի զիջման տարբերակ:

 

— Հավանական է, որ այդ տարբերակը ծնվել է իրադարձությունների զարգացման արդյունքում, պարզապես Ադրբեջանն ու Ադրբեջանին պաշտպանողները համոզվել են, որ այդկերպ հնարավոր չէ:

 

— Ովքե՞ր են Ադրբեջանին պաշտպանողները:

 

— Չեմ կարող վստահ ասել: Ուժեր կան, որոնք Ադրբեջանին ոգևորում են: Դժվար է անուններ ասելը:

 

— Ինչո՞ւ եք կարծում, որ հակամարտության կարգավորումը՝ տարածքների զիջման գնով, ձախողվեց:

 

— Կարծում եմ, որ ձախողվեց հենց ժողովրդի, բանակի պինդ ու կայուն մնալու արդյունքում: Նրանք այլ հաշվարկներ ունեին, որ պատերազմը կսկսվի, մի քանի օրում կգան կհասնեն Ստեփանակերտի մատույցները, ժողովրդի մեջ երկպառակություն կսկսվի, ժողովուրդը դուրս չի գա երկիրը պահելու, բայց սխալվեցին: Մարդիկ պայքարեցին իրենց ազատության համար 91-ին, հիմա էլ կպայքարեն, ու հեշտ չէ մի կողմ դնել անցյալը, 25 տարիների պատմությունը, կերտված պետականությունը, հաջողությունները:

 

— Իսկ Ռուսաստանը կա՞ պետությունների թվում, որոնք, Ձեր խոսքով, աջակցել են Ադրբեջանին, որ հակամարտությունը լուծվի հողերի հանձման հաշվին:

 

— Չեմ կարող միանշանակ ասել՝ Պուտինն է եղել, թե ով է եղել: Նման փաստ չկա: Ճիշտ է, Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, տնտեսական շահեր ունի Ադրբեջանի հետ, բայց մյուս կողմից էլ դժվար է պնդել, թե համաձայնության մեջ են: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն էլ այս տարածաշրջանում շահեր ունի: Թե նրանցից որ մեկն է ինչ-որ բան արել, չեմ կարող ասել, բայց որ ինչ-որ բան կատարվել է անկասկած է: Ժամանակի ընթացքում ամեն ինչ կբացահայտվի, արխիվներ կգաղտնազերծվեն… Ակնհայտ է եղել, որ Ադրբեջանին ոգևորել են, հենց այնպես չեն արվել այդ հայտարարությունները, բայց Ադրբեջանն էլ, իրենց հովանավորներն էլ սխալվել են:

 

— Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի ակտիվացումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

 

— Դա հասկանալի է: Ռուսաստանը կայսրություն է, որը ձգտում է հետխորհրդային տարածքների վրա ազդեցություն ունենալ: Բնական է, որ Ռուսաստանը ձգտելու է իր խաղը խաղալ Ադրբեջանի վրա, Վրաստանի վրա, Հայաստանի վրա էլ, ու դրան պետք է հանգիստ նայել: Պետություն է, որը ունի իր շահը: Մենք պետք է շատ չոգևորվենք նրանից, որ Ռուսաստանը մեր սահմանները մեր փոխարեն պահելու է: Ամեն ժողովուրդ իր սահմանը պետք է պահի, որ հայրենիքի քաղցրությունը հասկանա:

1