ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդիպեց երիտասարդների հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդիպեց երիտասարդների հետ

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդիպեց երիտասարդների հետ

Փետրվարի  10-ի երեկոյան ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդիպում ունեցավ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամների հետ:

 

Հանդիպման ժամանակ Արթուր Աղաբեկյանն անդրադարձավ  երեք կարևոր հարցերի, որոնք հուզում են Արցախի երիտասարդությանը: Նախ՝ նա խոսեց Արցախում պատերազմի վերսկսման խոսակցությունների մասին և հավաստիացրեց երիտասարդներին, որ պատերազմի վերսկսման վտանգ մոտակա տարիներին չկա և չի էլ կարող լինել: <<Պատերազմը հեռու է մեզնից, որովհետև մենք պատրաստ ենք պատերազմին>>, – ասաց նա:

 

Երկրորդ կարևոր հարցը, որի մասին խոսեց Ա. Աղաբեկյանը, երիտասարդության մասնակցությունն է Արցախի տնտեսության զարգացմանը: Նա նշեց, որ երիտասարդները պետք է ներդրում ունենան Արցախի տնտեսության զարգացման գործում, չհանդուրժեն իրենց և իրենց ծնողների սոցիալական ծանր վիճակը և փորձեն փոխել այն: <<Ներկայումս երիտասարդներն ու իրենց ծնողները զբաղված են պետական համակարգում պաշտոններ փնտրելով. դա ճիշտ չէ: Երիտասարդությունը պետք է ձգտի զբաղվել սեփական գործով>>,- ասաց Ա. Աղաբեկյանը և ավելացրեց. <<Կգա ժամանակ, երբ պետությունն այլևս չի կարողանա տանել ուռճացված պետական համակարգի ծանր բեռը. դա չարիք է մեր պետության համար>>:

 

Ներկայումս պետությունը փորձում է բիզնես միջավայր ձևավորել երկրում: Նման օրինակներ են նախկին Ղարմետաքսի, Լապտերների գործարանի, Արաքսի հովտի և այլն ծրագրերը: Այդ ծրագրերին պետք է ակտիվորեն ներգրավված լինի նաև երիտասարդությունը:

 

Երրորդ կարևոր հիմնախնդիրը, որի մասին երիտասարդների հետ կիսվեց փոխվարչապետը՝ քաղաքական պատասխանատվության  հարցն էր: Արթուր Աղաբեկյանը նշեց, որ քաղաքական պատասխանատվության հասկացություն չկա մեր երկրում, և այդ ուղղությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը լուրջ անելիքներ ունի: <<ՀՅԴ-ն միակ քաղաքական ուժն է, որ կարող է ունենալ քաղաքական պատասխանատվություն, քանի որ այն սոցիալիստական գաղափարախոսության կրող է, չի հանդուրժում ծայրահեղ լիբերալիզմը, ապրում է <<Մահ կամ ազատություն>> կարգախոսով, այսինքն՝ չի հանդուրժում ստրկությունը: Ուստի, պետք է ստեղծել ըմբոստ հասարակություն, որը չի հանդուրժելու անարդարությունը: Եվ այդ առումով, հիմնականում երիտասարդության խնդիրը պիտի հանդիսանա՝ ստեղծել այնպիսի արժեքային համակարգ, որտեղ մարդիկ լինեն ըմբոստ, պայքարեն արդարության համար, որտեղ մարդիկ հասկանան, որ Արցախից բարեբեր հող չկա ոչ մի տեղ, որ իրենց զավակներին պետք է մեծացնեն արցախյան հողում և հավատան, որ միայն Արցախում կարող են արժանապատիվ ապրել>>, – նշեց Ա. Աղաբեկյանը:

 

<<Արցախի առջև ծառացած ներկայիս խնդիրները շատ նման են 1990-ականների սկզբին ծառացած խնդիրներին, միայն մասշտաբներն են տարբեր>>.- ավելացրեց Ա. Աղաբեկյանը:

 

Այնուհետև Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին: Հարցերը բազմաթիվ էին և բազմաբնույթ՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորումից մինչև տնտեսական հիմնախնդիրներ:

 

Արցախյան հիմնախնդրի լուծմանը վերաբերող հարցին Ա. Աղաբեկյանը պատասխանեց. <<Արցախյան հարցը լուծված է, այլևս նման հարց չկա, քանի որ այն իր լուծումն է ստացել հանրաքվեի ժամանակ: Ուրիշների համար այդ հարցը կա, ադրբեջանցիների համար՝ կա, բայց մեզ համար՝ չկա>>:

 

Պատասխանելով վերջերս հաճախակի հնչող, այդ թվում՝ նաև հայաստանյան պաշտոնյաների կողմից, այն տեսակետներին, որի համաձայն՝ Արցախի ազատագրված հողերը դիտարկվում են որպես, այսպես ասած, բուֆերային գոտի, Արթուր Աղաբեկյանն ասաց. <<Նման արտահայտություններն անընդունելի են, և հասարակությունը, մասնավորապես երիտասարդությունը, պետք է ընդդիմանա նման հայտարարություններին և իր բողոքի ձայնը բարձրացնի>>:

 

Նաև հարց հնչեց փոխվարչապետի վերջին հայտարարության մասին՝ կապված օվերդրաֆտների և դրանց տոկոսադրույքների հետ: Ա. Աղաբեկյանը կրկնեց իր հայտնած դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ և ավելացրեց, որ հասարակությունն չպետք է չհանդուրժի  այն:

 

Տրամադրվող վարկերի տոկոսադրույքների վերաբերյալ հարցադրմանը՝ Արթուր Աղաբեկյանը պատասխանեց, որ ներկայումս Արցախում բարենպաստ մթնոլորտ է ստեղծված մանր և միջին բիզնեսի զարգացման համար: <<Աշխարհում նման մոտեցում չկա, որ պետության կողմից սուբսիդավորված 6-7 տոկոսանոց բիզնես վարկեր տրամադրվեն: Նման առավելությունը կարելի է օգտագործել բիզնեսի զարգացնելու համար, մանավանդ որ Արցախում բիզնեսի միջին շահութաբերությունը կազմում է 30-40 տոկոս >>, – նշեց նա:

 

Հարցեր հնչեցին նաև գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ, որին անդրադառնալով՝ փոխվարչապետը կարծիք հայտնեց, որ Արցախը որակյալ գյուղատնտեսների կարիք ունի, և հավելեց, որ գյուղացին դեռեւս չի նշանակում գյուղատնտես: 

 

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի եւ երիտասարդների հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը:

 

1