ԼՂՀ վերահսկիչ պալատի կողմից ներկայացվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատանքների մի շարք թերություններ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ վերահսկիչ պալատի կողմից ներկայացվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատանքների մի շարք թերություններ

ԼՂՀ վերահսկիչ պալատի կողմից ներկայացվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատանքների մի շարք թերություններ

Այսօր ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիտում ներկայացվեց ԼՂՀ պետական բյուջեից ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները: Համաձայն ներկայացված արդյունքների պետական բյուջեից հատկացված միջոցները նախարարության կողմից օգտագործվել են գործող օրենսդրությանը համապատասխան, սակայն տեղ են գտել մի շարք թերություններ:

 

Աշխատակազմի ղեկավարի 2012-13թթ. հրամաններով  «աշխատավարձի տնտեսված միջոցների հաշվին» որոշ քաղաքացիական ծառայողների  «աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար», բացի ծառայողական գործունեության արդյունքներով տարեկան միանվագ պարգևատրումից, տրամադրվել է պարգևատրումներ, սակայն  «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ԼՂՀ օրենքով նախատեսվում է միայն տարեկան միանվագ և հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգևատրումներ:

 

Վերլուծությունները ցույց են տալիս, որ 2012 և 2013թթ.  «Մշակութային միջոցառումներ» ծրագրով իրականացված ծախսերը գերազանցել են միջոցառումների համար նախատեսված գումարները:

 

Չի պահպանվել ԼՂՀ կառավարության 2009թ. հունվարի 29-ի  «ԼՂՀ շրջանների զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշմամբ սահմանված հանրապետության ամբողջ տարածքում  մշակութային ծառայությունների համաչափությունը ապահովելու պահանջը: 2013թ.  «ԼՂՀ շրջաններում մշակույթի զարգացման ծրագրեր» ծրագրային ուղղության շրջանակներում իրականացված միջոցառումներից միայն  «Մշակութային խաչմերուկ» մրցույթն է ընդգրկել հանրապետության բոլոր շրջանները Մնացած միջոցառումների   գերակշիռ մասը (72.7%) անց է կացվել Շուշիի շրջանում, իսկ Մարտակերտի շրջանում ընդհանրապես անց չի կացվել :

 

Միջոցառումներն իրականացնելիս չի պահպանվել ԼՂՀ կառավարության 2006թ. մարտի 13-ի թիվ 150 որոշմամբ սահմանված ԼՂՀ-ում մշակութային միջոցառումների մասնակիցների սննդի և գիշերավարձի օրական վճարման չափերը: Արդյունքում 2012 և 2013թթ. տարբեր միջոցառումներով արվել է ծախսվել համապատասխան 1575.4 հազ. դրամ և  5761.9 հազ. դրամ գիշերավարձ և օրապահիկ:

2013թ. որոշ դեպքերում միջոցառումների նախահաշիվները կազմվել են չպահպանելով կառավարության որոշմամբ սահմանված սննդի և գիշերավարձի օրական վճարման չափերը: Արդյունքում ավել է նախատեսվել 178.1 հազ. դրամ գիշերավարձ և 260.8 հազ. դրամ օրապահիկ:

 

 

2012թ. Նախարարության փորձագիտական հանձնաժողովի հավանությանն չարժանացած  «Հելսինկյան նախաձեռնություն-92» երիտասարդական թև հասարակական կազմակերպության կողմից ներկայացված  «Քաղաքական բանավեճեր ծրագիր» համար հանձաժողովի նախագահի որոշմամբ հատկացվել է  200,0 հազ. դրամ գումար:

 

2012թ. արտաբյուջետային միջոցներից իրականացվել է 2000.0 հազ. դրամ (3787 եվրո) գումարի փաստաթղթերով չհիմնավորված ծախս :

 

Նախարարության կողմից լիազոր մարմնին արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն չի ներկայացվել` չպահպանելով ԼՂՀ կառավարության պահանջը:

 

Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը նշեց, որ առաջարկով են հանդես եկել, որպեսզի այսուհետ ցանկացած գերատեսչությունում տեղ գտած ֆինանսական խախտումների՝ գերծախսի պատասխանատուն լինի խախտումներ թույլ տված գերատեսչությունը, ոչ թե պակասաորդը լրացվի պետական բյուջեի հաշվին:

1