ԼՂՀ-ն համաշխարհային հանրությանը կոչ է անում կտրուկ դիրքորոշում հայտնել սումգայիթյան ջարդերի վերաբերյալ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ԼՂՀ-ն համաշխարհային հանրությանը կոչ է անում կտրուկ դիրքորոշում հայտնել սումգայիթյան ջարդերի վերաբերյալ

ԼՂՀ-ն համաշխարհային հանրությանը կոչ է անում կտրուկ դիրքորոշում հայտնել սումգայիթյան ջարդերի վերաբերյալ

Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  Արտաքին գործերի նախարարությունը  սումգայիթյան ջարդերի տարելիցի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ.

 

«1988 թվականի փետրվարի 27-29 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ և ջարդեր: Երեք օր շարունակ իշխանությունների թողտվության և իրավապահ մարմինների լիակատար անգործության պայմաններում մարդկանց սպանում էին, բռնաբարում և խեղում լոկ այն պատճառով, որ նրանք հայեր էին: Սումգայիթում տասնյակ սպանվածները, հարյուրավոր խեղվածներն ու հազարավոր վտարված հայերը դարձան առաջին զոհերն Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականության` ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հայերի, ովքեր դրանից մեկ շաբաթ առաջ պաշտոնապես հայտարարել էին ինքնորոշման իրենց իրավունքն իրականացնելու մտադրության մասին: Չնայած այդ պահանջներն իրենց բնույթով խաղաղ և օրինական էին, Ադրբեջանն ի սկզբանե հրաժարվեց երկխոսությունից, փոխարենը դիմելով սպառնալիքների և ահաբեկման լեզվին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման բռնաճնշումներին: 

 

 

Ցավոք, առ այսօր սումգայիթյան ջարդերը չեն արժանացել միջազգային հանրության համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատականին: Ավելին, սումգայիթյան կոտորածի մասին ճշմարտության չբարձրաձայնումը, դրա իրական պատճառների պարտակումը և իսկական կազմակերպիչների անպատժելիությունը  ճանապարհ բացեցին Ադրբեջանի ամբողջ տարածքով մեկ էթնիկ զտումներ իրականացնելու համար, որոնք իրենց գագաթնակետին հասան 1990 թ. հունվարին Բաքվում հայերի արյունահեղ կոտորածի և բռնատեղահանման ժամանակ, իսկ հետագայում էլ հանգեցրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ ուղղված լայնածավալ ռազմական ագրեսիայի:         

 

 

Սումգայիթի ողբերգական իրադարձությունները պարարտ հող ստեղծեցին և նպաստեցին հայերի և ամեն հայկականի նկատմամբ կույր ատելության հետագա սաստկացմանը, ինչը հետևողականորեն և հաջողությամբ սերմանվում է Ադրբեջանում և նրա հասարակության մեջ:        

 

 

Այսօր Ադրբեջանում, չնայած միջազգային հանրության` իր բնակչությանը խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու կոչերին, քարոզվում են այլատյացություն, անհանդուրժողականություն և ռազմամոլություն: Ցանկացած ոք, ով հանդես է գալիս հայերի հետ ինչ-ինչ հարաբերություններ հաստատելու օգտին,  ահաբեկվում է և դաժան հաշվեհարդարի ենթարկվում իշխանությունների կողմից: Միևնույն ժամանակ ադրբեջանցի սպան, ով Հունգարիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել իր հայ համակուրսեցուն սումգայիթյան ջարդարարների ձեռագրին համաձայն դաժանորեն սպանելու պատճառով, փառաբանվում է որպես ազգային հերոս և օրինակ երիտասարդ սերնդի համար:          

 

 

25 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակին և համաշխարհային հանրությանը կոչ ենք անում իր կտրուկ դիրքորոշումն արտահայտել մարդկության դեմ կատարված այդ հանցագործության նկատմամբ: Զանգվածային սպանությունների և ջարդերի հստակ ու միանշանակ գնահատականը, դրանց ետևում կանգնած ուժերի դատապարտումը թույլ կտան ոչ միայն կանխել նման հանցագործությունների կրկնությունը, այլ նաև կնպաստեն ադրբեջանական հասարակության բարոյական ապաքինմանը»: 

 

 

1