ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի

ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի

03.11.2012թ. 12:11:28

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը եւ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը թեւակոխում է բոլորովին այլ փուլ: Կողմերի հետ դեմ առ դեմ նստելուն ուղղված ջանքերը, որը կոչվում է բանակցություններ, անհայտ հեռանկարների եւ սպասումների փոխարեն, շնորհիվ Հայ Դատի կայուն եւ երկարատեւ աշխատանքների` նոր հորիզոններ են բացում հայկական արտաքին քաղաքական ասպարեզում:

 

Այս նոր փուլը իրենից ենթադրում է Մինսկի խմբի մակարդակով ընթացող այսօրվա բանակցային գործընթացն առանց վնասելու միտումով սկսել պետական եւ համահայկական մակարդակով նոր քաղաքական կուրս` ուղղված այլ երկրների կողմից ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը:

 

Նման ձեւաչափով գործելու արդյունավետությունը կիրառվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:
ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի գործունեության հիմնական ուղղություններից է Հայոց ցեղասպանության եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Այս ուղղությամբ Հայ Դատի հանձնախմբերը տարիներ շարունակ աշխատել, հիմք են նախապատրաստել` սկսելու մի նոր գործընթաց:

 

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը պետք է դառնա հայկական արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը, որի շուրջ անհրաժեշտ է համահայկական մոտեցում: Այս հարցում հայրենի իշխանությունները պետք է հանդիսանան հայկական բոլոր կազմակերպությունների եւ կառույցների հուսալի հենարանը:

 

Աշխարհում արդեն երեք նահանգ` երկուսը ԱՄՆ-ում, եւ երրորդը Ավստրալիայում, ճանաչել են ԼՂՀ անկախությունը եւ կոչ արել իրենց երկրների իշխանություններին` ճանաչել այն: Սա արդեն լուրջ արդյունք է, եւ անկախ այն մոտեցումից, որ իրավական հիմք չեն ներկայացնում աշխարհի համար, այնուհանդերձ, ԼՂՀ միջազգային ճանաչման գաղափարի շրջանառությունն արդեն ծանրակշիռ նշանակություն ունի մեր արտաքին քաղաքականության համար:

 

Սկսված գործընթացը կարող է շրջադարձային լինել ե’ւ Արցախի Հանրապետության, ե’ւ ողջ աշխարհի համար: Այն նպաստավոր նախադրյալներ է ստեղծում առանձին երկրների կողմից մեր երկրի միջազգային ճանաչման համար, կամ գոնե մոտեցնում է այդ գործընթացը: Այն ՙվարակի՚ նման կարող է տարածվել եւ տալ իր ցանկալի արդյունքները:
20-րդ դարից սկսել եւ 21-րդ դարում գերակայություն է դառնում ազգերի ինքնորոշման իրավունքը: Սերունդները ականատեսն են դառնում աշխարհում կազմալուծվող կամ տարանջատվող տասնյակ պետությունների:

 

Մեր երկրի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խեղդել ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Բոլորովին վերջերս այդ համատեքստում Ադրբեջանը ճանաչել է նոր անկախացած Հարավային Սուդանի Հանրապետությունը:

 

Փաստորեն, Ադրբեջանն ընդունում է ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայությունը այլ հանգրվանում, բայց` ոչ մեր դեպքում:

 

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը պետք է դիտել ոչ միայն ազգերի, այլեւ մարդու իրավունքների համատեքստում:

 

 

Մենք կարող էինք օգտվել Ադրբեջանի շատ սայթաքումներից: Պահը չօգտագործելով` մենք տրամաբանորեն դառնում ենք թույլ եւ անկարող կողմ:
Ադրբեջանի կողմից Հարավայի Սուդանի ճանաչումը մեզ համար հաղթաթուղթ է, իսկ մենք վարանելու տեղ չունենք: Այն պետք է օգտագործել ըստ արժանվույն:

 

 

 <<Ապառաժ>>-ի խմբագրական

1