ԼՂՀ միջազգային ճանաչումը՝ նրա տարածքային ամբողջականությամբ, ոչ միայն մեր ժողովրդի անվտանգության, այլև արժանապատվության հարցն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ միջազգային ճանաչումը՝ նրա տարածքային ամբողջականությամբ, ոչ միայն մեր ժողովրդի անվտանգության, այլև արժանապատվության հարցն է

ԼՂՀ միջազգային ճանաչումը՝ նրա տարածքային ամբողջականությամբ, ոչ միայն մեր ժողովրդի անվտանգության, այլև արժանապատվության հարցն է

Aparaj.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:

 

— Ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ խախտվեց ԼՂՀ տարածքային ամբողջականությունը, և Սահմանադրությամբ ամրագրված մեր հողերն անցան թշնամուն: Արդյո՞ք մենք պետք է հաշտվենք կատարվածի հետ:

 

— 1991-1994 թթ. Ղարաբաղյան ազատագրական պատերազմի տարիներին մեր ժողովրդին հաջողվեց մասամբ վերականգնել պատմական արդարությունը: Ազատագրվեց մեր հայրենիքի մի հատվածը, որտեղ հազարամյակների ընթացքում հայ մարդն իր քաղաքական, տնտեսական, մշակութային, մի խոսքով՝ հանրային կյանքն է կազմակերպել: Նորից հայաշունչ դարձավ լեռնային Արցախի և Կուր-արաքսյան միջագետքի մի հատվածը: Այդ ամենով հանդերձ՝ մենք նաև մեծ կորուստներ ունեցանք, զոհվեցին մեր ազգի լավագույն զավակները, միաժամանակ թշնամու զինակալության տակ հայտնվեց այսօր մեր Սահմանադրությամբ ամրագրված Շահումյանի շրջանը՝ Գետաշենի հետ միասին, Մարտակերտի, Մարտունու շրջանների որոշ հատվածները: Հազարավոր մեր հայրենակիցներ դարձան գաղթականներ: Ցավոք սրտի, այդ ամենի մասին այսօր շատ քիչ է խոսվում: Կարծում եմ, որ ժամանակն է լուծել նաև այդ խնդիրը:

 

Իսկապես, Ձեզ հետ համամիտ եմ, որ ապրիլյան պատերազմական լայնածավալ գործողությունների ժամանակ խախտվեց ԼՂՀ տարածքային ամբողջականությունը: Մենք տարածքային կորուստներ ունեցանք: Սակայն չպիտի մոռանանք, որ պատերազմը դեռ չի ավարտվել: Նկատենք, որ 1994 թվականից մի շարք պատասխանատու անձինք հարաբերական անդորրի պայմաններում կորցրին զգոնությունը, որի արդյունքում պետականաշինության գործընթացում մենք շատ թերացումներ ունեցանք: Դա բացասական հետևանքներ ունեցավ նաև քաղաքացիական հասարակության ստեղծման գործում: Թշնամին այդ տարիներին տենդագին զինվում էր: Ապրիլին փորձեց ուժի կիրառմամբ արցախահայությանը զրկել ազատությունից ու հայրենիքից: Բարեբախտաբար, մեր զինվորականության, հատկապես շարքային զինծառայողների հերոսական կեցվածքի շնորհիվ ձախողվեցին թշնամու ռազմավարական ծրագրերը:

 

Իմ կարծիքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է շատ կարճ ժամանակահատվածում հայկական երկու պետությունների՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի տնտեսությունը, քաղաքական համակարգը դնել ռազմական ռելսերի վրա: Այնուհետև փորձել բանակցությունների միջոցով լուծել մեր կորցրած տարածքների հարցը: Այդ բանակցություններին պետք է մասնակից դառնա նաև արցախյան կողմը: Իսկ եթե դա չստացվի, այդ ամենը պետք է լուծել զենքի ուժով՝ ռազմական գործողությունները տեղափոխելով հակառակորդի տարածք:

 

Ես գտնում եմ, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը՝ նրա տարածքային ամբողջականությամբ, ոչ միայն մեր ժողովրդի անվտանգության, այլև արժանապատվության հարցն է: Ի դեպ, այդ ամենի մասին տարիներ առաջ հանգամանորեն անդրադարձել եմ իմ գիտական աշխատանքների, հատկապես դոկտորական թեզի մեջ: Այդ ամենը հնարավորություն կտա հետագա ժամանակներում առավել կենսունակ և մրցունակ երկիր ունենալ:

 

— Ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններից հետո Արցախ են ժամանել եվրոպական մի շարք երկրներից պատվիրակություններ: Ի՞նչ նպատակով էին այդ այցերը եւ ի՞նչ արդյունքներ  կարող ենք ակնկալել:

 

— Ապրիլյան իրադարձություններից հետո շատ բան փոխվեց թե՛ մեր հանրային կյանքում, թե՛ քաղաքական դաշտում՝ առանձնապես արտաքին քաղաքականության, ռազմական շինարարության ասպարեզում: Ապրիլի 11-ից հետո ԼՂՀ են ժամանել բազմաթիվ պատվիրակություններ տարբեր երկրներից, մասնավորապես՝ եվրախորհրդարանի պատգամավորներ Լատվիայից, Հունաստանից, Չեխիայից, Լյուքսեմբուրգից՝ Հայաստան-Եվրախորհրդարան պատվիրակության ղեկավար Ֆրանկ Էնգելը, Գերմանիայի Բունդեստագի պատգամավորներ, Ֆրանսիայի, Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորներ, սպասվում են նաեւ նոր պատվիրակություններ:

 

Սա վկայում է այն մասին, որ արտաքին քաղաքականության մեջ որոշակի դրական տեղաշարժեր են կատարվում: Կարծում եմ՝ այս տարիներին բանակցային գործընթացը, ըստ էության, պարալիզացված էր եւ էական արդյունք չէր տալիս, որովհետեւ հայկական դիվանագիտական միտքը չկարողացավ ավելի ակտիվ հարձակողական դիրքերից փորձել մեր հարցերին լուծումներ տալ: Դրա փոխարեն Ադրբեջանն անընդհատ ակտիվ գործունեություն էր ծավալում միջազգային տարբեր հարթակներում՝ իր տեսակետը պարտադրելով տարբեր երկրների, ինչը նրան հաջողվեց: Նույնիսկ միջազգային կառույցները սկսեցին ճնշում գործադրել հայկական կողմի վրա. սա մեզ համար բավականին մեծ բացթողում էր: Ղարաբաղյան հիմնահարցը փորձվեց ներկայացնել Ադրբեջանի օգտին՝ գլխիվայր եւ խեղաթյուրված:

 

Ապրիլյան այս իրադարձությունները փոխեցին դեպքերի զարգացման ընթացքը: Ի վերջո, համաշխարհային հանրությունը հասկացավ, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, որը փորձում է ամեն մի հարց լուծել ուժ կիրառելով, գործելով այն մեթոդներով, ինչ մեթոդներով գործում են ահաբեկչական խմբավորումները Սիրիայում, Իրաքում: Այդ ամենի մեջ եվրոպական երկրները  վտանգ տեսան, եւ՝  ոչ միայն Արցախի համար: Եվրոպացիները լավ են հասկանում, որ այս կոնֆլիկտի մեջ իրենց շահն են փորձում որոնել տարբեր ուժային կառույցներ եւ կենտրոններ: Այդ կենտրոնների շահերի բախումը կարող է տարածաշրջանը հասցնել անկանխատեսելի պատերազմական գործողությունների:  Այս մտահոգություններից ելնելով՝ եվրոպական երկրները արմատապես փոխելու են իրենց վերաբերմունքը:

 

— Արցախ ժամանած պատվիրակությունների անդամներից շատերը բարձրաձայնեցին Արցախին իրենց աջակցության մասին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է Արցախի անկախության ճանաչման եւ ժողովրդի ինքնորոշման հարցը առաջ քաշել բանակցություններում: Ի՞նչ եք կարծում՝ ինչ ընթացք կարող է ունենալ հարցի հանգուցալուծումը:

 

 — Հարկ է նշել, որ տարիներ շարունակ մեծանում են այն եվրոպական պատգամավորների թիվը, որոնք իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին: Նրանց շրջանակն ավելի է մեծանում, որովհետեւ ավելի սթափ մտածող գործիչները գիտակցում են, որ հայությունն  Արեւելքում քրիստոնեական քաղաքակրթության կրողն է հանդիսանում եւ ինչ — որ տեղ նաեւ Արեւելքից եկող շատ բացասական երեւույթների դեմ կանգնող մի ուժ է: Պետք է սատարել այդ երկրներին՝ ԼՂՀ-ին եւ ՀՀ-ին, որպեսզի դառնան, այսպես ասած, պարիսպ՝ այդ բացասական նպատակները հետապնդող ուժերի դեմ:

 

Այս պատվիրակությունների ժամանումը հնարավորություն է տալիս կոնկրետ քննարկել ԼՂՀ ճանաչման հարցը: Նրանք լավ են հասկանում, որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ կարողանա սթափ գնահատել իրավիճակը եւ ճանաչել ԼՂՀ անկախությունը:

 

Նման  իրավիճակում, որպեսզի տարածաշրջանը ռազմական գործողությունների մեջ չհայտնվի, միակ ճանապարհը ԼՂՀ ճանաչումն է: Նրանք գտնում են, որ ԼՂՀ ճանաչումը կապահովի տարածքում ապրող ազգաբնակչության անվտանգությունը: Մեր արտաքին քաղաքականությունը պետք է այդ գաղափարը փորձի զարգացնել: Այլ ճանապարհ ես չեմ տեսնում: Մեր դիվանագիտությունը պետք է այդ երկրներին ներկայացնի իրավիճակը, որովհետեւ տեղեկատվական պատերազմում Ադրբեջանը հասել է որոշակի հաջողությունների, եւ եվրոպական,  ամերիկյան երկրներում լավ չեն պատկերացնում մեր պահանջները:

 

Այսօր այդ աշխատանքներին են լծված թե՛ ԼՂՀ, թե՛ ՀՀ խորհրդարանական բոլոր խմբակցությունները:

 

Դրան էր ուղղված ՀՅԴ Հայ Դատի համաժողովի կազմակերպումը ԼՂՀ-ում: Այն նպատակ է հետապնդում հանդես գալ միասնական ճակատով՝ ստեղծելով համահայկական ցանց, որն իր ամբողջ աշխատանքները կուղղի մեկ նպատակի շուրջ: Մայիսի 21-22-ը ԼՂՀ ԱԺ-ում տեղի ունեցավ կուսակցությունների երկրորդ ֆորումը. այն մեկ անգամ եւս փաստեց միասնական ճակատով համահայկական հարցերի շուրջ գործելու անհրաժեշտությունը:

 

— Արտաքին քաղաքականության մեջ ի՞նչ նոր քայլեր է անհրաժեշտ իրականացնել:

 

— Հարցը զուտ ձեւական բնույթից պետք է տեղափոխել գործնական հունի մեջ, այսինքն՝ անհրաժեշտ է, որ Եվրոպական հեղինակավոր կազմակերպություններից, կառույցներից լսենք ոչ թե երկու կողմերին զսպելու հավասարության կոչեր, այլեւ   բարձրաձայնվի, որ հենց Ադրբեջանն է տարածաշրջանում փորձում շիկացած մթնոլորտ ստեղծել: Պատահական չէ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ դեմ էր սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների կիրառմանը: Ի վերջո՝ նա գիտի, որ կրակողը եւ հարձակվողը հենց ինքն է: Ադրբեջանն այսօր իր հասարակությանը ցանկանում է ցույց տալ, որ  կարող է ռազմական ճանապարհով  լուծել  Ղարաբաղյան հարցը: Ապրիլյան իրադարձություններն այս միֆը հօդս ցնդեցրեցին: Ադրբեջանը հասկացավ, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելով չկարողացավ լուծել այն ստրատեգիական խնդիրները, որոնք դրել էր իր առջեւ:

 

Պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարել, ոչ թե լոկ պաշտպանական՝ ինչպես դիվանագիտության մեջ, այնպես էլ այլ ոլորտներում:

 

Չպետք է սպասել, որ Ադրբեջանը հակահայկական քայլ ձեռնարկի, որ մենք պաշտպանվենք, այլ պետք է նախաձեռնող լինել՝ ցույց տալով, որ մենք ոչ միայն պաշտպանվողի դերում ենք, այլեւ պատրաստ ենք հարվածել: Պետք է հասկանալ, որ ուժի դեմ ավելի հզոր  ուժ է կանգնած: Սա է  խաղաղության հիմնական գրավականը:

<<Ապառաժ>>

1