ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը դատապարտում է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը դատապարտում է

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը դատապարտում է

ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ իրենց քաղաքական պլատֆորմի հիմքում դնում են խաղաղության և բարիդրացիության հաստատում՝ Արցախի հիմնահարցի հանգուցալուծման ոչ հայանպաստ դիրքորոշումներով: Այդ մտքերի ռազմավարությունը հանգում է «տարածքներ Արցախի միջանկյալ կարգավիճակի դիմաց» կամ, որ նույնն է «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքին: Ընդ որում նրանք փորձում են ապացուցել, որ մեր հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, այլ ամբողջ աշխարհը, որը գործում է մեր դեմ և ստիպում է, որ ընդունենք Մադրիդյան սկզբունքները: Հետաքրքիրն այն է, որ այս ամենը ըստ այդ ուժերի պետք է իրականացնեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները և խոսք անգամ չկա Արցախի ժողովրդի կամ իշխանությունների կարծիքի մասին: Սա փաստորեն անզօրության, հարմարվողականության, «թղթե շերեփի» փառաբանում է, մոռանալով, որ հայ ժողովուրդը կռում է իր սեփական «երկաթե շերեփը»: Ամենատարօրինակն այն է, որ այս ամենի մասին ՀՀ առաջին նախագահը որոշել է հիշեցնել մի ժամանակահատվածում, երբ միջազգային հանրությունը ավելի է ընկալում հայկական կողմի պահանջները, երբ ԱՄՆ-ի և Ավստրալիայի մի շարք նահանգներ ընդունել են Արցախի անկախությունը և վերոհիշյալ գործընթացը շարունակվում է: Շեշտենք նաև, որ այսօր ավելի է խորանում Ադրբեջանի և Թուրքիայի դիվանագիտական մեկուսացման գործընթացը և նրա մաքսիմալիստական քաղաքականությունը չափավորելու միտումները: Փաստորեն այդ քաղաքական ուժերը Արցախին, որպես սուբյեկտ, չեն ճանաչում և ամեն ինչ հանգեցնում են Ադրբեջան-Հայաստանի Հանրապետություն փոխհարաբերությանը:

Արցախը, որպես հայության միասնականության գրավականի ՀՀ առաջին նախագահը հակադրում է հետևյալ մտքերով «Ժողովուրդը մի բան պետք է պահանջի իշխանությունից, լուծի այս խնդիրը … Վերջ տվեք այս մեր դժբախտություններին, մեր տառապանքներին» :

 Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը դատապարտում է ՀՀ-ում առկա այս քաղաքական գաղափարները կրողների կեցվածքը և այն դիտում որպես ոտնձգություն Արցախի սուվերենության նկատմամբ: Վերստին հայտարարում ենք, որ Արցախի անկախությանը այլընտրանք չկա և մեր հազարավոր զոհերի արյունը իզուր չի թափվել:

Գտնում ենք, որ ցեղասպան Ադրբեջանն ու Թուրքիան վարելով հայատյաց քաղաքականություն դա նույնիսկ չեն թաքցնում, իսկ դրան հակադրվելու միակ ձևը ուժեղ և հզոր պաշտպանություն, տնտեսական համակարգ և բարձր ոգի ունենալն է:

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցություն

30, մարտի 2017թ

1