ԼՂԻՄ-ի մարզխորհրդի որոշումը 1988թ. փետրվարի 20-ին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ԼՂԻՄ-ի մարզխորհրդի որոշումը 1988թ. փետրվարի 20-ին

ԼՂԻՄ-ի մարզխորհրդի որոշումը 1988թ. փետրվարի 20-ին

1985թ. հետո գորբաչովյան, այսպես կոչված, «վերակառուցման» քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայությանը հնարավորություն ընձեռեց հանդես գալու իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու և ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորելու:

1987թ. վերջին և 1988թ. սկզբներին կենտրոնական կուսակցական ու պետական մարմիններում ընդունվել են ԼՂԻՄ-ի հայության ներկայացուցիչների չորս պատվիրակություններ, որոնց հավաստիացրել են, թե մոտ ապագայում Արցախի հիմնահարցը արդարացի լուծում կստանա: Ղարաբաղի պատվիրակների՝ կենտրոնական իշխանություններին ներկայացված հանրագրի տակ դրված էին ավելի քան 80 հազար ստորագրություններ:

Ոգևորված կենտրոնական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքից՝ մարզի բոլոր գյուղերում, ձեռնարկություններում, կազմակերպություններում տեղի են ունեցել կոլեկտիվների ժողովներ, որոնցում որոշումներ են ընդունվել ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորելու վերաբերյալ: Դրանց հիման վրա մարզի շրջանների ժողովրդական դեպուտատների խորհուրդները նմանատիպ որոշումներ են կայացրել: Միաժամանակ Ստեփանակերտում և մարզի մյուս շրջկենտրոններում սկսեցին բազմամարդ հանրահավաքներ կազմակերպել: Արցախահայությունը, հավատալով գորբաչովյան վերակառուցմանը, հանրահավաքների ու ցույցերի է դուրս գալիս ԽՍՀՄ պետական դրոշներով, Վ. Ի. Լենինի, Մ.Ս. Գորբաչովի, կուսակցական ու պետական այլ գործիչների լուսանկարներով, ինչպես նաև «Լենին-կուսակցություն-Գորբաչով», «Հանուն վերակառուցման, ժողովրդավարության և հրապարակայնության» ու նման այլ ցուցապաստառներով:

Ընդառաջ գնալով մարզի հայ բնակչության ցանկություններին՝ 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրով:

Որոշումը հետևյալն էր՝

ԼՂԻՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԿԱԶՄ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

 Լսելով և քննարկելով ԼՂԻՄը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև միջնորդության մասին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի պատգամավորների ելույթները, ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց. Ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի խոր ըմբռնման զգացում և լուծել ԼՂԻՄը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը, միաժամանակ՝ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման մասին:

Սակայն կենտրոնը, չնայած իր կողմից հռչակած «վերակառուցման» «հրապարակայնության» և «ժողովրդավարության» քաղաքականությանը, ի սկզբանե Ղարաբաղյան շարժման նկատմամբ անհանդուրժողական դիրք գրավեց, քանի-որ երկրի ներսում ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործումը լուրջ վտանգ էր սպառնում կոմունիստական կուսակցության համապարփակ տիրապետությանը: Ուստի և, պատահական չէր, որ արդեն իսկ փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն իրականությունից հեռու մի որոշում ընդունեց, որ Ղարաբաղյան հիմնահարցի արդարացի լուծմանը ձգտող ժողովրդական շարժումը որակեց որպես «ծայրահեղական» և «նացիոնալիստական», որը հակասում է Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ աշխատավորների շահերին: Միաժամանակ որոշում ընդունվեց հայկական մարզի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացմանը նպաստող միջոցառումներ մշակել:

Վահրամ Բալայան

1