Լիզբոն 5-ի 35-ամյակին նվիրված միջոցառում Ստեփանակերտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Լիզբոն 5-ի 35-ամյակին նվիրված միջոցառում Ստեփանակերտում

Լիզբոն 5-ի 35-ամյակին նվիրված միջոցառում Ստեփանակերտում

1983թ հուլիսի 27-ին հինգ հայ երիտասարդներ գրավեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղակայված Թուրքիայի դեսպանատան շենքը՝ միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության հարցին բևեռելու համար։ Հինգ անձնազոհ երիտասարդները՝ Վաչե Տաղլյանը, Սարգիս Աբրահամյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահինյանը և Արա Քրճլյանը, իրենց գործողությունը որակեցին ոչ թե որպես խենթություն, այլ զոհաբերություն ազատության բագինին։

Այս տարի լրացել է Լիզբոն-5-ի 35 ամյակը։
Այդ կապակցությամբ ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միությունը Լիբանանի Հ.Յ.Դ. Զավարյան Ուսանողական, ՀՅԴ Ավստրալիայի Երիտասարդական և ՀՅԴ ԱՄՆ-ի երիտասարդական Միությունների՝ ճամբարների ծրագրով Արցախում գտնվող անդամների հետ, կազմակերպել է հանրային ձեռնարկ: Այն կայացել է Ստեփանակերտի Ստ. Շահումյանի պուրակում: Միջոցառման ընթացքում ելույթներով և երաժշտական կատարումներով հանդես են եկել Ստեփանակերտի համար 2 և 5 դպրոցներում և Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան դպրոցում ընթացող ճամբարների պատասխանատուներն ու երկու քաղաքների ՀՅԴ պատանեկան միությունների անդամները:

ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկտրյան» կոմիտեի ներկայացուցիչ Արմոնդ Թահմասյանն իր ելույթի խոսքում արժևորել է Լիզբոնի տղաների գործողությունը. «Լիզբոնի 5 տղաները պատահաբար չեն զոհվել, նրանք փառք ու պատիվ են Սփյուռքի ու հայրենիքի համար: Այսօր մենք տեսնում ենք նրանց գործողության շառավիղը, ապրում ենք ազատ, անկախ Արցախ աշխարհում»,- նշել է Արմոնդ Թահմասյանը՝ ավելացնելով, որ հպարտ է դաշնակցական երիտասարդներով, ովքեր շարոնակում են մեր ընկերների կիսատ թողած գործը:

ՀՅԴ Ավստարալիայի երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Արամ Թուֆենկճյանն իր խոսքում նշել է, Լիզբոնի 5 ընկերներն իրենց կյանքը նվիրեցին մեր իրավունքների և արդար դատի համար: «Շնորհիվ Լիզբոն 5-ի հերոսների և ՀՅԴ-ի, մեր դատի շուրջ բարձրացված լռության պատը խորտակվեց: Լիզբոն 5-ի տղաները հայրենիքում չէին ապրում, մենք էլ որպես օտար ափերում ենք ապրող հայեր պետք է շարունակենք պայքարը մինչև հասնենք մեր նպատակներին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչում, Արցախի հանրապետության ճանաչում, կորսված հայրենիքի վերադարձ ու Ազատ անկախ և միացյալ Հայաստանի կերտում»,- ասել է նա:

Ձեռնարկի ընթացքում Լիբանանի Զավարյան Ուսանողական Միության անդամ Լորի Թաշճյանը փոխանցել է ուսանողական միության խոսքը. «Հայրենիքից հեռու Լիբանանի հայահոծ թաղերում ծնված ու մեծացած 5 հայ երիտասարդներ հայրենիքը չտեսած պիտի նահատակվեին հայրենիքի երազն իրենց սրտերում: Այդ օրերին պայքարի դաշտը արևմտյան մայրաքաղաքներն էին, թիրախը՝ թրքական պետության ներկայացուցիչները, իսկ նպատակը՝ քանդել հայ ժողովրդի դեմ գործված Ցեղասպանության շուրջ քաշված լռության պատը: Լիզբոնի գործողությունից հազիվ 5 տարի անց 1988թ. նոր պոռթկում պիտի լսվեր՝ այս անգամ հայրենի հողի արևելյան կողմում: Արցախի հերոս ժողովուրդը «ոչ» պիտի ասեր տասնամյակներ տևած անարդարությանը: Լիզբոնի գործողության օրինակով զինյալ պայքարը մեծ զոհողության գնով պիտի տար իր արդյունքը»:

ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի երիտասարդական միության կողմից ելույթ է ունեցել Հակոբ Հաջիբեկյանը, ով ներկայացրել է Լիզբոնի գործողության ազդեցությունը հայրենիքից դուրս ապրող հայերի վրա: «Լիզբոնի տղաները գիտեին, որ իրենցից առաջ շատերն են քայլել և հույս ունեին, որ իրենցից հետո շատ քայլողներ պիտի լինեին: Մեր Դատը դեռ լուծված չէ, այսօր մեր հերթն է ծառայելու մեր դատին, բոլոր միջոցներով ընդարձակել պայքարը»,- նշել է նա:

Լիզբոն 5-ի 35-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Արցախի կառույցի անդամներ, ստեփանակերտցիներ, Սփյուռքից տարբեր ծրագրերով Արցախում գտնվող հայրենակիցներ, հյուրեր:

1