Լիբանանցի պատանիները՝ «Ասպետ» ռազմաուսումնական ճամբարում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Լիբանանցի պատանիները՝ «Ասպետ» ռազմաուսումնական ճամբարում

Լիբանանցի պատանիները՝ «Ասպետ» ռազմաուսումնական ճամբարում

Հուլիսի 10-17-ը Լիբանանից Արցախ ժամանած 15 հայ պատանիներ իրենց ամառային արձակուրդն անցկացրել են Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի զորամասում կազմակերպված «Ասպետ» ռազմաուսումնական ճամբարում:

«Նարնջագույն» դասակի պատանիները 7 օրվա ընթացքում գիտելիքներ են ձեռք բերել ռազմահայրենասիրական դաստիարակության, զինվորական ծառայության, ֆիզիկական առողջության ուղղություններով եւ մասնակիցը դարձել մշակութային եւ մարզական հետաքրքիր միջոցառումների:

Խմբի ավագ Միսաք Գանտահարյանը 2-րդ անգամն է մասնակցում ճամբարին: Ասում է, որ Արցախն իրենց երկիրն է, իրենց երազը, եւ որ եկել են իրենց տուն:

«Լիբանանում ստացած տեսական գիտելիքները հնարավորություն ունեցանք գործնականում կիրառելու: Ծանոթացել ենք բանակի կյանքին եւ ապրել զինվորի նման: Մենք կամովին ենք եկել, եւ շատ ուրախ ենք, որ ձեռք ենք բերել ղարաբաղցի նոր ընկերներ,- ասում է 16-ամյա Միսաքը եւ հպարտ-հպարտ ավելացնում,- Լիբանանում ապրող բոլոր հայերի երազը հայրենիքում ապրելն է: Այս ճամբարը երազանքին հասնելու մի քայլ է առաջ տանում: Ես երկրորդ անգամն եմ մասնակցում, հետեւաբար՝ երկու քայլ առաջ եմ»:

Առավոտյան 07:30-ին՝ վերկաց, առավոտյան մարզանք, անկողնու հարդարում, ապա՝ ռազմական պարապմունքներ, ծանոթություն կից զորամասի սպառազինությանն ու տեխնիկայի պատրաստությանը, հրաձգություն օդամղիչ հրացանից և մարտական փամփուշտով ԱԿ ինքնաձիգից. սա թերեւս բանակային կյանքի կարգացուցակով գործող ճամբարի առօրյայի ոչ լրիվ բովանդակությունն է:

«Ճամբարում ստացած գիտելիքներին ինչ-որ չափով տիրապետում էի. նորությունն ինձ համար առավոտյան կանուխ արթնանալն ու անկողին հավաքելն էր: Նոր տաղանդ եմ բացահայտել իմ մեջ»,-ժպիտը դեմքին ասում է Արի Ավետիսյանը:

Արցախ առաջին անգամ այցելած Սարգիս Աբգարյանի համար ճամբարի խստությունը եւ տիրող կարգուկանոնը խորթ չէին. «Լիբանանում հայ ծնողները փոքրուց են երեխաներին ներարկում հայրենասիրություն: Մենք ծնվել եւ մեծացել ենք հայրենասիրական երգեր եւ հայրենիքի մասին պատմություններ լսելով: Ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռնվեց գալու եւ տեսնելու իմ հայրենիքը: Թեեւ մի քանի օրից պետք է վերադառնամ Լիբանան, բայց իմ հոգին մնալու է Ղարաբաղում»,- ասում է հայ պատանին:

Ճամբարային յոթնօրյակը հագեցած եւ բովանդակալից են դարձրել նաեւ մարզական բազմաթիվ միջոցառումները, վկայությունը՝ բազմաթիվ մրցանակները եւ պարգևները, որ ստացան ճամբարականները տարաբնույթ մրցույթներում հաղթելու և ակտիվ մասնակցության համար:

Հարութ Մարկոսյանը շատ անգամներ է եղել հայրենիքում, սակայն խոստովանում է, որ ճամբարին իր մասնակցությունն առանձնահատուկ է՝ նախ այն պատճառով, որ իր 19-ամյակը տոնել է Արցախում, նոր ընկերների հետ, եւ երկրորդը՝ առիթ է ունեցել շփվելու սահմանը, երկիրը պահող զինվորների հետ:

««Կարոտ» ու «սփյուռքահայ» բառերը հոմանիշ են: Հայրենիքից դուրս ապրողները կարոտում են իրենց հողերը: Խմում են հայրենիքի կենացը, բայց չեն տեսնում, հեռու են: Հիմա մենք հագեցրել ենք մեր կարոտը,- ասում է  Հարութ Մարկոսյանը եւ շարունակում,- ուզում եմ, որ Ղարաբաղը միշտ կանգուն մնա եւ խաղաղ՝ իր բնությամբ եւ հյուրընկալ ժողովրդով»:

Ճամբարի կազմակերպման հիմնական նպատակը նախազորակոչային տարիքի պատանիների նախազորակոչային պատրաստության իրականացումն է: Եթե Արցախի բարձր դասարանների տղաների համար «Ասպետ» ռազմամարզական ճամբարին մեկ անգամ մասնակցելը պարտադիր է` որպես ուսումնական գործընթացի մաս, ապա Հայաստանի եւ Սփյուռքի դպրոցականների համար այն կամավոր է:

16-ամյա Մհեր Ջենանյանին եղբոր՝ «Ասպետ» ճամբարում անցկացրած օրերի պատմություններն են Արցախ բերել: Հետաքրքրություն ու նախանձախնդրություն առաջացնող արկածները 5 տարի ապրեց նաեւ Մհերը:

«Առաջարկ ստանալուց հետո մի վայրկյան անգամ չեմ մտածել: Այստեղ մեկ առ մեկ ապրեցի եղբորս պատմած պահերը: Շնորհակալ եմ Արցախ ֆոնդին եւ մեր խմբապետներին մեզ հարազատ զավակների պես ընդունելու համար»:

Դասակի հրամանատար, լեյտենանտ Վրեժ Գրիգորյանը տղաների հետ 8-օրյա աշխատանքը գնահատեց պատվական:

«Ինձ համար պատիվ էր նրանց հետ համագործակցել: Տղաների հայրենասիրությունը տարբերվում է, խոսքը տարբերվում է, մարդկային որակները տարբերվում են: Նրանք բարձր են պահել մեր դասակի պատիվը»,- նշել է Վրեժ Գրիգորյանը:

Լիբանանցի պատանիներն Արցախի զարկերակը շոշափելուց հետո փաստեցին՝ Լիբանանը կանաչ չէ, Արցախն է կանաչ՝ իր ժողովրդով, իր հայկական խոսքով ու ավանդություններով:

«Այսօր բոլորս ավարտել ենք դպրոցը եւ ընդունվել համալսարաններ՝ օտարությունում ձեռք բերած գիտելիքները եւ փորձը հետագայում հայրենիքին ծառայեցնելու համար: Այդ օրինակը մենք, որպես լիբանանահայեր, ունենք. Վիգեն Զաքարյան, Մհեր Ջուլհաճյան: Կգա այդ օրը, եւ մենք, որպես նոր հերոսներ, կիրականացնենք հայերիս երազանքներն ու նպատակները»,-շեշտել է խմբի ավագ Միսաք Գանտահարյանը:

«Ասպետ» ռազմաուսումնական ճամբարը 9-րդ տարին է կազմակերպվում Արցախում՝ 4 հերթափոխով, 8 օր տեւողությամբ:

Ճամբարը կազմակերպվում է ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի ու պաշտպանության նախարարությունների համատեղ ուժերով: Ռազմաուսումնական ճամբարին մասնակցում են Ստեփանակերտի դպրոցների աշակերտներ, ՀՀ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներ և Լիբանանից ժամանած ՀՅ Դաշնակցության պատանեկան միության անդամներ:

Լուսինե Թեւոսյան

1