Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անմիջական կապ ունի անվտանգության հետ. Ստեփանակերտ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անմիջական կապ ունի անվտանգության հետ. Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անմիջական կապ ունի անվտանգության հետ. Ստեփանակերտ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է լինի համապարփակ, ինչը ենթադրում է հարցերի համալիր լուծում, այլ ոչ թե ուշադրությունը առանձին խնդիրներին կենտրոնացնելու փորձ։ Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, որում նա խոսել էր «անվտանգության գոտու» տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մասին։

 

Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը շեշտադրումը կենտրոնացնում է որոշ հարցերի վրա, իսկ համանախագահները ստիպված են կամա թե ակամա նույնպես խոսել դրանից։ Այսինքն՝ Ադրբեջանը ստիպում է խոսել այն հարցերից, որոնցով ինքն է հետաքրքրվում, ընդ որում՝ ջանալով երկրորդ պլան մղել հայկական կողմերի շահերը։

 

«Ինչ վերաբերում է տարածքներին, ապա անհրաժեշտ է, որ բանակցություններին մասնակցի Լեռնային Ղարաբաղը, որպեսզի հասկանալի լինի, թե որքան իրական է սահմանների ճշգրտումը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք դիտարկել Ադրբեջանի հետ բոլոր հարցերը։ Սակայն Բաքուն նույնպես պետք է հասկանա, որ տարածքային առումով կամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում վերադարձ անցյալին անհնար է։ Ադրբեջանի պարտադրած պատերազմը, տառապանքները, ցեղասպանությունը, տեղահանումներն անհնար են դարձնում վերադարձը անցյալին, եւ այդ պատճառով 1988թ. սահմանները սկզբունքորեն չեն կարող լինել։ Կարգավիճակի մասին հարցը անմիջականորեն կապ ունի անվտանգության հետ։

 

Այդ պատճառով հակամարտությունը պետք է կարգավորվի այնպես, որ ապագայում ավելի արյունահեղ պատերազմի առիթ չդառնա։ Լեռնային Ղարաբաղը չի կարող թույլ տալ, որ իր անվտանգության համակարգը խոցելի լինի մի պետության համար, որը հերոսացնում է մարդասպաններին եւ որը հայատյացություն է քարոզում»,- ասել է Դավիթ Բաբայանը։

1