Ի խնդիր պետության ամուր հիմքերի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Ի խնդիր պետության ամուր հիմքերի

Ի խնդիր պետության ամուր հիմքերի

Մարդկային յուրաքանչյուր հավաքականություն միջանհատական հարաբերությունների հստակեցման համար իր մեջ մշակում է պայմանավորվածություններ: Այդ պայմանավորվածություններն անհրաժեշտ պայման են հավաքականության գոյատևման համար: Պայմանավորվածությունները սահմանափակում կամ լիազորում են` իրավունքներ և պարտականություններ սահմանելով հավաքականությանն անդամակցող յուրաքանչյուր անհատի համար:

Վերը նշված կարգը եղել է մարդկության պատմության հենց այն օրից, երբ պարզվեց, որ Մարդը հանրային էակ է և շարունակվում է մինչև այժմ:

Պայմանավորվածությունները զանազան տարբերակներով են արտահայտել իրենց լինելիությունը պատմության տարբեր հատվածներում: Հավաքականությունների զարգացման ընթացքում այդ պայմանավորվածությունները կրել են նաև այլ անուններ, իսկ այսօր դրանց ընդհանուր առմամբ կոչում ենք օրենք: Օրենքները զանազան դրսևորումներով են ներազդել հավաքականությունների մեջ` համեմվելով կրոնական հասկացողություններով, բարոյական և արժեքային բաղադրիչներով:

Անհրաժեշտ չէ, որ որևէ օրենք գրավոր տեսք ունենա: Կան նաև չգրված օրենքներ, որոնք կարող են կոչվել զանազան անուններով, օրինակ` ավանդույթ: Կան նաև հավաքականության ավելի նեղ շրջանակի համար  չգրված օրենքներ, օրինակ, այսպես կոչված, <գողական հասկացությունները>: Ինչպես ասվեց` հավաքականության գոյատևման համար կարևորը պայմանավորվածության գործադրվելն  է և օրենքի նկատմամբ հարգանքը: Կարևոր չէ, թե այդ օրենքը գրավոր է, բանավոր, ավանդական, թե …

Նույն օրինաչափությունը տարածվում է նաև պետությունների պարագային: Պետական համակարգն առաջին հերթին կանգուն է և գոյատևման, զարգացման ընդունակ, եթե այդ համակարգում տիրական է օրենքը և օրինականությունը: Մի խոսքով` այն պայմանավորվածությունները, որոնք կապում են երկրի յուրաքանչյուր մասնիկին միմյանց  հետ` բաշխելով իրավունքներ և պարտականություններ, հարգվում և գործադրվում են յուրաքանչյուր անհատի կողմից:

Ինչպես զանազան մարդկային հավաքականություններում, այնպես էլ պետության համակարգում տիրող  օրենքից զանցանքի պարագայում նախատեսվում է պատիժ: Պատիժն այն բիրտ ուժն է, որը պարտադրում է հավաքականության մասնիկին` ենթարկվելու համընդհանուր պայմանավորվածությանը:

Իսկ ինչ է դառնում, երբ չի գործում պատժի դրույթը: Դա հավաքականության քայքայման սկիզբն է: Պատժի չգործադրվելը կարող է դրսևորվել հազար ու մի ձևով, օրինակ` օրենքի դիմաց հավասարության խախտմամբ՝ խտրականությամբ, պատժվողի հերոսացմամբ կամ անարդար վճռի կայացմամբ:

Չպետք է մատների արանքից դիտել նման երևույթները, հատկապես` պետական համակարգում: Պետության հիմքերի փտախտը սկսվում է հենց օրենքի անտեսումից և  պատժի զանցառմամբ:

<<Ապառաժ>>-ի խմբագրական, 16 դեկտեմբեր, 2016թ.

1