Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո Հայաստանին առանձնահատուկ գործընկերոջ դեր է վերապահվում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո Հայաստանին առանձնահատուկ գործընկերոջ դեր է վերապահվում

Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո Հայաստանին առանձնահատուկ գործընկերոջ դեր է վերապահվում

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանի կարծիքով՝ զարգացման բավականին լուրջ հեռանկարներ կան հետբանակցային Իրանի և Հայաստանի միջև:

Tert.am-ի հետ զրույցում նա ասաց. «Այն համաձայնությունները, որ Իրանն ունեցավ Արևմուտքի հետ, բավականին լուրջ հեռանկարներ են բացում Իրանի համար, և այդ համատեքստում Հայաստանի համար բավականին լուրջ փոփոխություններ են սպասվում»:

Անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցին Հայաստան և դիտարկմանը, թե բավական առեղծվածային են պահվում նրա այցելության հանգամանքները՝ անգամ մինչ այժմ նրա այցի ամսաթվի մասին չի խոսվում, Կարեն Խանլարյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ տեխնիկական խնդիր է, ոչ ավելին»:

Նա նշեց, որ չի կարծում, որ Հասան Ռոհանիի՝ Հայաստան այցի անընդհատ հետաձգվելը կապված էր Ադրբեջանի հետ նրա հարաբերությունների, ադրբեջանական սպառնալիքների հետ:

«Թուրքիան Իրանի համար ավելի լուրջ ֆակտոր է, բայց նույնիսկ Թուրքիայի սպառնալիքները Իրանի պես երկրին չեն կարող կանգնեցնել որևէ որոշում կայացնելուց»,- ասաց նա:

Իրանահայ պատգամավորը նկատեց, որ իսկապես հիմնականում Իրան-Հայաստան հարաբերությունների ֆոնին ընդգծվում են Հայաստանի ստացած օգուտները, բայց ըստ նրա, երկու երկրների համագործակցությունը փոխշահավետ է:

«Հայաստանը Իրանի համար ալտերնատիվ երկիր է, և Իրանը չի կարող անտարբեր լինել Հայաստանի նկատմամբ: Իրանը շահագրգռված է իր հարաբերությունները Հայաստանի հետ զարգացնելու ուղղությամբ»,- ասաց Կարեն Խանլարյանը։

Նա նաև նկատեց, որ Իրան-Հայաստան հարաբերությունները հիմնականում համեմատվում են Իրան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան հարաբերությունների հետ. «Մեզ Իրանի արտգործնախարարությունից, նաև վերլուծաբանները հաճախ են վստահեցնում, որ այս երեք հարաբերություններն իրարից անկախ են: Այսինքն՝ հայ-իրանական հարաբերությունները չեն կարող վատ ազդել, օրինակ՝ թուրք-իրանական հարաբերությունների վրա և հակառակը»:

Դիտարկմանը, թե իրականությունն այդպես չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի վարքագիծը կապված Ռոհանիի՝ Հայաստան այցի հետ, Կարեն Խանլարյանը պատասխանեց․ «Ես Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական սկզբունքը ներկայացրի, բայց թե ինչ է կատարվում իրականում, պետք է տեսնենք: Այդ սկզբունքը հետևյալն է՝ երեք երկրների հետ հարաբերություններում Իրանն անկախ է»:

Նա անդրադարձավ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հնարավոր այցին Ադրբեջան, համաձայնեց, որ Իրանը դրան ուշիուշով կհետևի, և հնարավոր է, որ այդ այցից հետո Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները սրվեն, բայց, ըստ իրանահայ պատգամավորի, դա մեծ ազդեցություն չի ունենա Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների վրա:

Ըստ Կարեն Խանլարյանի՝ հայ-իրանական հարաբերությունները բազմավեկտոր են․ «Զարգանում են տնտեսական հարաբերությունները, փոխադրումների առումով Հայաստանը Իրանի համար լավ այլընտրանք է, ռազմավարական, անվտանգության հետ կապված ևս համագործակցություն կա, ահաբեկչության դեմ պայքարի հարցում շատ մեծ համագործակցություն կա Հայաստանի և Իրանի միջև»:

Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը մտավախություն էր հայտնել, որ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո այդ երկրի համար կբացվեն աշխարհի դռները, գուցե Հայաստանը մնա ստվերում: Իրանահայ պատգամավորը կիսեց դեսպանի մտահոգությունը:

«Ես էլ մտահոգություններ ունեմ՝ դրանք արդյոք կարող են հանգեցնել Հայաստանի անտեսմանը կամ ավելի քիչ դեր ունենալուն: Բայց այսօրվա փաստերով պետք է ասեմ, որ Իրանը դեռ ամբողջ աշխարհի համար չի բացվել: Այդ պատժամիջոցներն անմիջապես չեն վերանալու, Իրանն անմիջապես ամենաբարձր մակարդակով չի մտնի առևտրային հարաբերությունների մեջ: Այս ամբողջ անցումային ժամանակաշրջանում Հայաստանին առանձնահատուկ դեր է վերապահվում, այս պատժամիջոցների չեղարկումից հետո Հայաստանը չի կորցնի իր ռազմավարական գործընկերոջ կարգավիճակը»,- ասաց նա:

Անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ՝ Կարեն Խանլարյանը նկատեց, որ Իրանն ունի կրոնական, դավանաբանական կապեր Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանի հետ այդ կապերը մշակութային և պատմական են․ «Չեմ կարծում՝ սրանք գերակշռում են մեկը մյուսին, երկուսն էլ իրենց յուրահատուկ դերն ու նշանակությունն ունեն: Ադրբեջանի անկողմնակալ վերաբերմունքը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ դրա հետ է կապված: Բայց Իրանը ոչ միայն խաղաղ գործընթացին է կողմնակից, այլ նաև արդարության սկզբունքին: Նրա արտաքին քաղաքականության սկզբունքն է՝ խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության վրա: Այս բոլորը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ Իրանը այդ բալանսավորված քաղաքականությունից դուրս է խաղում»:

1