Իսկ Արցախի Հանրապետությո՞ւնը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Իսկ Արցախի Հանրապետությո՞ւնը

Իսկ Արցախի Հանրապետությո՞ւնը

Վերջին շրջանում ակնհայտ կերպով զարգանում են /համենայնդեպս այդպես է թվում/ Հայաստան-Եվրամիություն բազմաբովանդակ հարաբերությունները: Այս ֆոնին առավել ընդգծված է Ռուսաստանի ռեակցիան եւ ռուս-հայկական հարաբերությունների կտրուկ վատթարացումը հիմնականում հանրային շրջանակներում:

 

ՀՀ կողմնորոշումը կա’մ Եվրամիություն կա’մ նոր ստեղծվելիք Եվրասիական միություն, կարծես անխուսափելի է դառնում, եւ օր օրի ավելի է մոտենում այդ պահը: Տնտեսական ճնշումներից զատ, մեզ առավել հետաքրքրում է մեկ կարեւոր հարց` ԼՂՀ ճակատագիրը Հայաստանի Հանրապետության` այս կամ այն կողմնորոշման պարագայում:
Հետաքրքրական է, որ տարբեր լրատվամիջոցներում քննարկվում են Հայաստանի Հանրապետությունը ԼՂՀ-ի հետ ընդհանուր սահմանով , կամ առանձին` առանց ԼՂՀ-ի, այս կամ այն կառույցին անդամակցելու հարցերը:

 

Բոլորը սպասում են, թե էլ ինչ փակագծեր են բացվելու, թե ինչ զարգացումներ են հնարավոր, սակայն , այն տպավորությունն է, որ քչերը, կամ ոչ ոք չի ցանկանում լսել ԼՂՀ-ի տեսակետը. իսկ ինչ է ուզում հենց ինքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը: Մի՞թե այս կարեւոր հարցում պետք է անտեսվի ԼՂՀ կարծիքը:

 

Ադրբեջանի կողմից օրեցօր ահագնացող պատերազմի վերսկսման սպառնալիքները, Ռուսաստանի կողմից մեծածավալ զենքի վաճառքը Ադրբեջանին, Ռուսաստանի կողմից կիրառվող չհիմնավորված, բայց հասկանալի տնտեսական, քաղաքական սանկցիաները, եւ դրանով պայմանավորված հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը, ինչպես նաեւ երկրում ստեղծված անհուսադրող իրավիճակը հանգեցնելու է մի իրադրության, որ Հայաստանը ստիպված կլինի դիմելու կտրուկ քայլերի:

 

Ամեն պարագայում, ԼՂՀ-ն պետք է ասի իր խոսքը: Պարզից էլ պարզ է, որ Արցախում անտարբեր չեն այս հարցի նկատմամբ, ոչ էլ անտարբեր են ՀՀ-ի` առանց ԼՂՀ-ի որեւէ կառույցի անդամակցելու հարցով: Այս դեպքում մենք` արցախցիներս, որեւէ կերպ հայտնու՞մ ենք մեր տեսակետը վերահիշյալ հարցերի շուրջ, թե՞ համաձայնելու ենք ՀՀ-ի ցանկացած որոշման` կապված մեր ճակատագրի հետ:

 

Խնդիրն ամենեւին այս կամ այն կառույցին հավակնություն տալու մեջ չէ, այլ մեր շահերը, մեր ձայնը լսելի դարձնելը:
Սպասել եւ հուսալ, որ Արցախի Հանրապետության ճակատագրի շուրջ տարվող բանակցությունները լավ ավարտ կունենան, արդեն գործող տարբերակ չէ. պետք է ամեն ինչ անել յուրաքանչյուր բանակցության կողմ դառնալու համար, եթե այդ բանակցություններում թեկուզ չնչին մաս վերաբերվում է Արցախի Հանրապետությանը: Սա ինքնանպատակ չէ եւ չի կարող լինել, պարզապես Արցախի Հանրապետության առաջին պատասխանատուն նախ եւ առաջ Արցախի Հանրապետությունն է եւ իր ժողովուրդը:

 

Այժմ առավել կարեւոր է Արցախի Հանրապետության արտաքին կապերը, շփումները, հարաբերությունների հաստատումը տարբեր երկրների հետ:
Այս գիտակցումով կարեւոր է, որ յուրաքանչյուր առիթով լսելի լինի նաեւ Արցախի ձայնը, քանզի ՙփոքր եղբոր՚ կարգավիճակը երբեմն կարող է հակառակ արդյունավետությունն ունենալ նման իրավիճակներում:

 

<<ԱՊԱՌԱԺ>>-ի խմբագրական

 

1