Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել Արցախում աշխատող հնագետների նկատմամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել Արցախում աշխատող հնագետների նկատմամբ

Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել Արցախում աշխատող հնագետների նկատմամբ

Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի օրինակով հայկական երկրորդ պետություն այցելող կամ այնտեղ գործունեություն ծավալող օտարերկրացիների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու փորձեր անող Ադրբեջանը առաջին գործուն պատասխան հարվածն է ստացել միջազգային հանրությունից։ Մարտի 1‐ին Ադրբեջանում Ինտերպոլի ազգային բյուրոյի կողմից շրջաբերական էր ուղարկվել՝ հասցեագրված Ինտերպոլի անդամ‐ երկրներին, 2016 թվականին Արցախի Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում հնագիտական պեղումներ իրականացնող արտասահմանցի եւ հայաստանցի մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 116.0.8‐3 ﴾հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական նորմերը խախտելը﴿, 165.2.2 ﴾հեղինակային կամ հարակից իրավունքները խախտելը﴿, 183.2.1 ﴾հատուկ արժեք ունեցող առարկաներ թալանելը﴿, 183.2.2, 281.2 ﴾Պետության դեմ ուղղված հանրային կոչերը﴿ և 318.02 ﴾Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը﴿ հոդվածների հատկանիշներով:

Ինչպես տեղեկացրել են ՀՀ ոստիկանությունից, շրջաբերականները ստանալուց անմիջապես հետո Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ‐ի կողմից Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանն են ներկայացվել անհրաժեշտ հիմնավորումներ եւ պարզաբանումներ առ այն, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է անում Ինտերպոլին ներքաշել քաղաքական խնդիրների ոլորտ, ինչը, միանշանակ, հակասում է կառույցի կանոնադրության 3‐րդ հոդվածին ﴾այն է՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է որեւէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասսայական բնույթ կրող գործերին և հարցերին﴿ եւ սպառնում է Ինտերպոլի հեղինակությանն ու բարի համբավին:

Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը, իր հերթին, Հայաստանի ոստիկանությունից ստացված տեղեկատվությունը հիմնավոր համարելով, անհապաղ արձագանքել եւ համապատասխան շրջաբերական նամակով նույն օրը դիմել է Ինտերպոլի անդամ‐երկրներին եւ տեղեկացրել, որ այդ անձանց նկատմամբ շրջանառվող տեղեկատվությունը հակասում է Ինտերպոլի կանոնադրության 3‐րդ հոդվածին, եւ այդ անձանց նկատմամբ միջազգային հետախուզում չի կարող իրականացվել:

Փետրվարի 22‐ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական օրենսգրքի վերը հիշատակված հոդվածներով քրեական գործ էր հարուցել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լեւոն Եպիսկոպոսյանի, Իսպանիայի բնագիտության ազգային գիտական թանգարանի հետազոտող Յոլանդո Ֆերնանդես Խալվոյի, Բրիտանական թանգարանի «Ազոխի նախագծի» տնօրեն Բլանֆորդ Թանյու Քինգի եւ Լոնդոնի բնագիտության թանգարանի աշխատակից Փիթեր Էնդրյուի նկատմամբ, որոնք 2002 թվականից պեղումներ են իրականացնում Արցախի Հադրութի շրջանում գտնվող հայտնի Ազոխի քարանձավում։

Հատկանշական է, որ այն ժամանակ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե վերը հիշատակված անձանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ցանկալին իրականության տեղ էր ներկայացնում։

Ստացվում է, որ այն ժամանակ Բաքվում ստում էին, քանի որ հետախուզում հայտարարելու դիմում չէր ներկայացվել։ Այն ներկայացվել է մարտի 1‐ին։ Իսկ այսօր էլ Բաքուն ստացել է իր արժանի ապտակը՝ Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել Բաքվի դիմումի հիման վրա։

Ինտերպոլի այս որոշումը պետք է որ սթափեցնի Ադրբեջանի իշխանություններին, որոնք Լապշինի ձերբակալությունից ու արտահանձնումից այնպես են ոգեւորվել, որ կարծում են, թե նույն կերպ կարող էին վարվել մյուս օտարերկրացիների հետ։ Բաքվում, միգուցե, արդեն հասկանան, որ Լապշինի ձերբակալությունը եւ արտահանձնումը հնարավոր է դարձել բացառապես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքական հաշվարկների եւ Իլհամ Ալիեւին հաճոյանալու ցանկության պայմաններում եւ որ այլ իրավիճակներում, այլ երկրներում նման պատվիրված քաղաքական հաշվեհարդար հնարավոր չէ։ Ինտերպոլի որոշումը կարելի է նույնիսկ բեկումնային համարել, քանի որ այն իսկապես գրեթե վերջ է դնում Ադրբեջանի սանձարձակ նկրտումներին։ Արցախ այցելող օտարերկրացիների որս սկսելու համար Բաքուն իր գրեթե ողջ հույսը դրել էր հենց այդ միջազգային կազմակերպության վրա։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ այս կերպ Բաքվին զգուշացում է արվում, որ միջազգային հանրությունը թույլ չի տա ակնհայտ քաղաքական խնդիրներով հետապնդում իրականացնել Արցախ այցելող օտարերկրացիների նկատմամբ։ Որոշումը կարեւոր է նաեւ այն առումով, որ եթե Լապշինի դեպքից հետո որոշ օտարերկրացիներ, տուրք տալով Բաքվի սպառնալիքներին, հրաժարվեին Արցախ այցելելու մտադրությունից՝ մտավախություն ունենալով, որ Ադրբեջանը կարող է նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել, Ինտերպոլի որոշումից հետո նման մտավախությունները փարատվում են։ Այդ առումով օտարերկրացիների հոսքը դեպի Արցախ կանգնեցնելու փորձերը կարելի է գրեթե ձախողված համարել։

armtimes.com

1