Ինչպես 25 տարի առաջ էր, էլի նույն «սապոժնիկ» Սերժիկն եմ մնացել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Ինչպես 25 տարի առաջ էր, էլի նույն «սապոժնիկ» Սերժիկն եմ մնացել

Ինչպես 25 տարի առաջ էր, էլի նույն «սապոժնիկ» Սերժիկն եմ մնացել

70 տարի շարունակ ապրելով ադրբեջանական լծի տակ, անընդհատ ենթարկվելով բռնությունների ու ճնշումների, զրկված լինելով սեփական հողում արժանապատվորեն ապրելու իրավունքից, 1988թ. արցախահայությունը վճռեց տեր կանգնել իր հայրենի հողին եւ իրավունքներին:

 

 

25 տարի է անցել այն օրերից, երբ ալեկոծված ժողովուրդը Ստեփանակերտում եւ մարզի բոլոր շրջաններում դուրս եկավ փողոց` ձեռնոց նետելով ադրբեջանական դրածոներին եւ հայտարարեց սեփական երկրում սեփական ճակատագիրը տնօրինելու իր վճռականության եւ քաղաքական կամքի մասին: 
Այսօր Ստեփանակերտում մեր կողքին է ապրում մի մարդ, ով Արցախյան շարժման ակունքներում է եղել կանգնած: Նրան գրեթե բոլորն էին ճանաչում այդ տարիներին, այսօր էլ տեղաբնակները գիտեն ու հիշում են ՙսապոժնիկ՚ Սերժիկին: Չնայած երկար տարիներ է, ինչ Սերժիկ Գրիգորյանը չի զբաղվում իր նախկին արհեստով, միեւնույն է` նրան բոլորը հիշում են որպես ՙսապոժնիկ՚ Սերժիկ:

 

 

ՙԾնունդով Ղարաղշլաղից եմ (Բերդաձորի ենթաշրջան): Դեռ դպրոցում էի սովորում, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում` 7-րդ կամ 8-րդ դասարանում, մորաքրոջս տղան` Առնո Մկրտչյանը, ով Գորիսում էր ուսանում, հաճախ էր գալիս մեր տուն եւ իր հետ համապատասխան գրականություն էր բերում, եւ մեր մեջ սերմանում էր ազգային զարթոնքը,- տարիներն իրենց սեւ գործն արել են եւ զրուցակիցս` ՙսապոժնիկ՚ Սերժիկը, տարեթվերը եւ որոշ մարդկանց անուններ մոռացել է, ինչն իրեն էլ է մտահոգում: -Այդ տարիներին Գորիսի համալսարանի ՙհայտնի դեպքերից՚ հետո հետապնդումներ են սկսվում Առնոյի նկատմամբ, իսկ ես էլ, ավարտելով 8-րդ դասարանը, մեկնում եմ Բաքու: 80-ական թվականներին կոշիկի արտադրամաս ունեի ՙԿոլցովոյում՚ (այժմ` Հաղթանակի հրապարակ), որտեղ մշտապես երիտասարդներ էին հավաքվում եւ զրույցի հիմնական թեման առկա իրավիճակն էր: Առողջական խնդիրներ ունեի եւ ստացիոնար բուժման կուրս էի անցնում հիվանդանոցում. ինձ հետ` նույն պալատում պառկած էր Ագոի` Արկադի Կարապետյանի հայրը, հենց այդ ժամանակ էլ ծանոթացա Ագոի հետ: Կիսատ թողնելուվ բուժումը, դուրս գրվեցի հիվանդանոցից, քանզի շատ ավելի կարեւոր հարցեր ունեինք լուծելու: Կային համախոհ տղաներ, որոնց հետ Ստեփանակերտում թռուցիկ էինք գրում եւ տարածում: Գտել էինք 1937 թվականի ՙՄերսեդես՚ մակնիշի գրամեքենա, որի երկու տառերը անգամ չկային դրանք ձեռքով էինք ավելացնում թռուցիկներում: Ներկայումս այդ գրամեքենան գտնվում է Զոհված ազատամարտիկների թանգարանում՚:

 

 

Սերժիկ Գրիգորյանը, ելնելով ժամանակի հրամայականից, լինելով նվիրյալ, ինչպես ինքն է նշում` համախոհ տղաների հետ կազմակերպում էին մի շարժում, որը զարթոնք էր դառնալու հայության համար: Այդ ժամանակներում, փորձելով գործել հնարավորինս զգուշավոր, միեւնույն է` երբեմն վերեւներում կանգնած չինովնիկների աչքից չի վրիպել երիտասարդների գործողությունները եւ յուրաքանչյուրն իր լծակներով փորձել էր ճնշել ու լռեցնել ակտիվիստներին:

 

 

ՙՓետրվարի 12-ին տնօրենս կանչել էր ինձ իր առանձնասենյակ եւ հոխորտացել այն բանի համար, որ ես շարժում եմ հրահրում: Հենց այդ վիճաբանության ժամանակ պատուհանից նկատեցի, որ Մարտունիից եկած ցուցարարները երթով բարձրանում են հրապարակ: Առանց հապաղելու դուրս եկա եւ միացա նրանց: Այն ժամանակ ժողովրդին առաջնորդող ծրագիր չկար, եւ ցուցարարները շատ դեպքերում չէին պատկերացնում, թե որն է լինելու հաջորդ քայլը: Նրանց ղեկավարել էր պետք: Որոշ ժամանակ գտնվելով Չեխոսլովակիայում, հեղափոխության ականատես էի եղել, ուստի ջանում էի տեսածս ու իմացածս կիրառել: Բավականին դժվարությամբ մի բարձրախոս գտանք: Առաջինը ելույթ ունենալու ցանկություն հայտնեց Արաքսյան, նրանից հետո խոսեց Ագոն ու էլի ուրիշներ՚,- փորձելով վերհիշել 25 տարվա վաղեմության դեպքերը` պատմեց ՙսապոժնիկ՚ Սերժիկը: 
ՙՍումգայիթի ջարդերից մեկ օր առաջ Ստեփանակերտում միտինգից հետո ես եւ Արաքսյան որոշեցինք, որ պետք է գնանք Մոսկվա. աշխատանքային խմբի անունից դիմում էինք ուզում տանել ու հանձնել Գորբաչովին: Որոշեցինք ու նույն օրն էլ ճանապարհվեցինք Բաքու, այնուհետեւ դժվարությամբ, բայց տոմսեր ձեռք բերեցինք ու մեկնեցինք Մոսկվա: Ի դեպ, Մոսկվա մեկնելու ամբողջ ծախսը ես վերցրել եմ ինձ վրա: Եւ ինչ ծախսեր, որ արել ենք այդ օրերին, դրանք իմ անձնական գումարներն են եղել: Արաքսյայի տղայի տանը երեկոյան նամակ գրեցինք Արաքսյայի հարսի օգնությամբ, որ հանձնենք Գորբաչյովին. ի դեպ Արաքսյայի տղան ռուսական բանակի սպա էր: Այդ գիշեր նա հերթապահությունում էր: Հարսը գրագետ աղջիկ էր ու նա գրեց նամակը: Առավոտյան գնացինք մեր նամակը հասցեատիրոջը հանձնելու:

 

 

 

Բնականաբար, ոչ ոքի չեն թողնում մտնել Կրեմլ. ովքեր էլ ասում են, թե իբր գնացինք Կրեմլ` սուտ խոսքեր են: Գնացինք Գորբաչովի ընդունարանը: Նամակների բաժնում մեծ հերթ էր: Մենք էլ հերթ կանգնեցինք, արդեն հերթում կանգնած ժամանակ ինձ համար հասկանալի էր, որ լուրջ ակնկալիքներ ունենալ պետք չէ: Մի փոքրիկ սենյակում, պարկերի մեջ հավաքում էին օրվա նամակները. արդեն բավական թվով պարկեր կային լցված նամակներուվ: Մի ՙկռասկա տված՚ աղջիկ, վերցնելով մեր նամակը, դրեց հերթական պարկի մեջ: Արաքսյային ասեցի, որ մեր նամակը հենց էս պարկով են վառելու եւ լավ կլինի դուրս գանք ու փորձենք ուրիշ տեղ բարձրացնենք մեր խնդիրը: Որոշեցինք գնալ Գորբաչովի ենթակայության տակ գտնվող ազգային հարցերով բաժինը: Բարեբախտաբար, բաժնի ղեկավարը նորմալ մարդ դուրս եկավ: Մեզ լսելուց հետո ասաց, որ ոչ ոք ոչինչ չի որոշելու, սակայն լավ կլինի, եթե կոլեգիալ ձեւով լսեն մեր հարցը: Ընդունարանում սպասում էինք, երբ ներս մտավ մի երիտասարդ, ով զրույցի ժամանակ ասաց, որ ծնողներն են զանգել Սումգայիթից եւ ասում են, թե ինչպես են հայերին սպանում եւ դրա դեմն առնելու համար ոչ մի մեթոդ չի կիրառվում:

 

 

 

Այդ երիտասարդն էլ մեզ հետ մասնակցեց կոլեգիայի հետ հանդիպմանը, ներկայացրեց, թե ինչ է կատարվում Սումգայիթում: Կոլեգիայի անդամները մեզ փորձում էին համոզել, որ նման բան հնարավոր չէ, ու եթե նման կասկածներ ունենք, լավ կլինի դիմել ներքին գործերի նախարարություն: Մենք երեքով գնացինք ներքին գործերի նախարարություն: Այնտեղ բացառեցին` ասելով, որ Խորհրդային Միությունում նման բան լինել չի կարող, դեռ ավելին` նման բան ասելու համար մեզ պետք է ձերբակալեն: Այնուհետեւ գնացինք կանանց միություն, այնտեղ մեզ լսելուց հետո կարեկցեցին եւ վերջ: Որոշեցինք գնալ Մոսկվայում Հայաստանի մշտական ներկայացուցչություն: Նրանք մեր ասածներին անգամ ուշադրություն չդարձրին: Որոշեցինք գնալ Լուժկովի մոտ: Ընդունարանում գրանցվեցինք եւ սպասում էինք մեր հերթին: Աշխատակազմի անդամներից մեկը կանչեց ինձ, հարցրեց, թե ինչ խնդրով ենք ուզում դիմել: Ինձ լսելուց հետո ասաց.ՙԵթե ընտանիք ունես, վերադարձիր տուն. ձեր խնդիրը նման է փայտի, որն ունի երկու ծայր՚: Էլ չմնացինք: Միանգամից մեկնեցինք Երեւան, այնուհետեւ Ստեփանակերտ՚:

 

 

Զրուցակցիս խոսքերով` հանրության մեջ ունենալով վստահություն, հաճախ են իրեն տեղեկացրել զարգացող դեպքերի մասին:
ՙՄի օր Մոսկվայից վերադառնալուց հետո մի աղջիկ, ով Շուշիում էր բնակվում, ինձ տեղեկացրեց, որ Շուշիում հայերին քաղաքից հանելուց հետո մզկիթից երեք մեքենա զենք են հանել ու տեղափոխել: Ես էլ որոշեցի այս մասին տեղեկացնել այն ժամանակվա ԿԳԲ-ին եւ այդ աղջկա հետ գնացինք այդ համակարգում աշխատող մեր հայերից մեկի մոտ: ԿԳԲ-ում ուրախացան` ինձ տեսնելով, ասացին, որ բավականին ժամանակ է` ինչ ինձ են փնտրում եւ ինձ ուղեկցեցին տնօրենի մոտ: ԿԳԲ-ի տնօրենն իր սենյակում մի քանի գիրք դրեց սեղանին ու ասաց, որ դրանց մեջ ամբողջությամբ ամփոփված են իմ մասին հոդվածները: Իմ հասցեին ուղղված մեղադրանքները լսելով, այլընտրանք չունեի. կամ գլուխս տմբտմբացնելով համաձայնում էի իր մեղադրանքների հետ, կամ ասում էի, որ տեղյակ չեմ: Ծանոթ լինելով այդ համակարգի ներքին խոհանոցին` ինձ մնում էր միայն ասել, որ երեւի սխալվել եմ, միայն թե հնարավորինս շուտ դուրս գայի այդ շենքից: Այնուհետեւ աշխատանքային խմբի տղաներին տեղեկացրի, որ իմ գործունեության մասին ԿԳԲ-ում ամեն ինչ գիտեն, եւ լավ կլինի, եթե իմ գործը փոխեն: Ագոն որոշեց, որ ես պետք է տեղափոխվեմ այլ ոլորտ ու զբաղվեմ զենքի պատրաստման եւ հայթայթման գործով՚:

 

 

Շարժման ակունքներում կանգնած մարդկանցից ամենայն հավանականությամբ շատ քչերն են կարողացել ենթադրել, որ իրենց շարժումը կվերածվի զինված պայքարի: 
ՙԱյն, որ մեր շարժումը վերածվելու է զինված պայքարի, մենք սկզբում չէինք էլ պատկերացնում, ինձ առաջինն այդ մասին ասել է հայրս: Միտինգների երկրորդ կամ երրորդ օրն էր. գիշերները պատասխանատվությունը դրված էր ինձ վրա, եւ ես մնում էի հրապարակում: Մի անգամ հայրս, ով հայրենական պատերազմի հաշմանդամ է, /խելացի մարդ է/, գալիս է հրապարակ, մի փոքր մնում է: Երբ նույն օրը գնում եմ տուն ընթրելու, ասում է` ՙա խոխա, 100 տոկոս կռեվա ինան, ինքն էլ ազգամիջյան կռեվա ինան՚: Այդ մասին ինձ երկրորդն ասել է մի թուրք, ում 14 տարեկանից էի ճանաչում: Արդեն շարժումը սկսված, մի պատահական օր վաղեմի ծանոթս գալիս է իմ մոտ արտադրամաս. ինձ փող էր պարտք, եկել էր գումարը վերադարձներ: Ասաց` եկել եմ քեզ հրաժեշտ տամ ու պարտքդ վերադարձնեմ:

 

 

 

Հենց այդ ժամանակ նա ասաց, որ իր ազգակիցները ճիշտ չեն հասկանում այս ամենը, արյուն է թափվելու: Ըստ նրա` հայերս էլ ենք սխալ թույլ տվել: Հարցրեցի, թե որն է մեր սխալը, ասաց` դուք ոչ թե միացում պետք է պահանջեիք, այլ անջատում: Թուրք ընկերոջս խոսքերով` թուրքերը վախենում են հայերի միավորվելուց, նրանք մտածում են, որ հայերը միանալու պարագայում իրենց վերացնելու են: Ասադին հորդորոցի, որ նման բան չի լինի, որ հանգիստ գնա եւ պարտքն էլ հետ չվերցրեցի` ասելով, որ գումարը վերադարձնելու համար կարիք չկար ուրիշից պարտք վերցնել, երբ կլինի` էն ժամանակ էլ կվերադարձնի:

 

 

Հրապարակում միտինգները շարունակվում էին, գիշերները մնում էինք հրապարակում: Դեռ միտինգի ժամանակ նկատել էի, որ մի անծանոթ երիտասարդ գաղտնի նկարահանումներ էր անում: Ու քանի որ փոքր քաղաք է, մեկս մյուսին, եթե ոչ անունով, ապա դեմքով գիտենք: Հասկանալի էր, որ այդ երիտասարդը մեր քաղաքից չէր: Մոտեցա հարցրեցի, թե ով է, ինչ գործ ունի Ստեփանակերտում: Պարզվեց, որ երիտասարդը Կիրովականից է, ասաց թաքուն է նկարում, քանի որ վախենում է, որ իրեն կբռնեն: Ես խոստացա, որ թույլ չեմ տա, որ իրեն խանգարեն ու հորդորոցի հանգիստ աշխատել: Միտինգից հետո երիտասարդին տարա մեր տուն: Զրույցի ժամանակ պարզվեց, որ Կիրովականի ակտիվիստներից է:

 

 

Չնայած հանրության մեջ կա կարծիք, որ մենք հայերս չենք կարող լինել միասնական եւ որ միշտ ներսից մեկը դավաճանում է, այնուամենայնիվ, արցախյան շարժման տարիներին մեր ազգը ապացուցեց, որ միահամուռ ուժերով պայքարել գիտե, ու առհասարակ միասնական լինել գիտե:
ՙԵս գոհ եմ մեր ժողովրդից, որ ծանր ժամանակներում կարողացել են ճիշտ կողմնորոշվել ու հնարավորինս օգնել են` ինչով կարողացել են: Շարժման օրերին, կոնկրետ տարեթիվն ու օրը չեմ հիշում, սակայն նման մի դեպք է եղել. մի ավտոբուս ՙՕՄՕՆ՚ մի օր եկել են մեր թաղամաս` ինձ բռնելու, քանի որ մեր թաղամասի նախկին անունով` Կարակուզովի անունով երկու փողոց կա, հարցրել են, թե որտեղ է Գրիգորյան Սերժիկի տունը, թաղամասի երեխաները, տեսնելով զինված մարդկանց, ցույց են տվել ներքեւի թաղամասը: Մինչ նրանք ինձ ներքեւի թաղամասում են փնտրել` թաղամասի երեխաներն ինձ տեղեկացրել են, որ օմոնն ինձ է փնտրում: Ես էլ ժամանակին հասցրել եմ հեռանալ տնից: Հասկանալով, որ ՙՕՄՕՆ՚ն ինձ հանգիստ չի թողնելու, մի առ ժամանակով մեկնում եմ Երեւան ու Կիրովական:

 

 

 

Վերցնելով իմ անձնական 45 000 ռուբլին, նպատակադրված գնում եմ Կիրովական` զենք առնելու: Կիրովականում գտա Սեյրանին, բացատրեցի, թե ինչ հարցով եմ գնացել, Սեյրանն էլ ասաց, որ լույսը բացվելուն պես լուծում կտա իմ հարցին: Սեյրանն ինձ տարավ Կիրովականի որսորդմիության խանութի վարիչի տուն: Այս մարդը, Սեյրանին տեսնելուն պես` երեսի գույնը կորցրեց: Բացատրեցի, թե ինձ ինչի համար է պետք այդ զենքը, դեռ ավելին` ես ցույց տվեցի պորտֆելում գտնվող գումարը ու բացատրեցի, որ այդ ամենի համար վճարելու եմ: Զենքն արդեն գնել էի, խանութի տերը մի 15-20 000 ռուբլու զինամթերք էլ անվճար տվեց` իմանալով, թե ինչ նպատակի համար է այն օգտագործվելու: Զենքը կար, մնում էր լուծել այն Արցախ հասցնելու խնդիրը: Որոշեցինք դիմել խորամանկության: Քանի որ երկրաշարժ էր եղել եւ Կարմիր խաչը բուժօգնություն էր տրամադրել Կիրովականին` որպես աղետի գոտի, Սեյրանը կարմիր խաչի օգնության արկղեր բերեց ու զենք-զինամթերքը դասավորեցինք այդ արկղերում: Եւ, որպեսզի կասկածի տեղիք չտանք, որոշեցինք դեղորայքով ծածկել արկղերի վերին շերտը: Մեքենան քշեցինք հիվանդանոցի բակը, Սեյրանը խոսեց գլխավոր բժշկի հետ, ասաց, որ Արցախ օգնություն են տանում ու եթե կարող են դեղորայքով օգնել` թող օգնեն: Մինչ այսօր, երբ հիշում եմ այդ տեսարանը, չեմ կարողանում զսպել արցունքներս:

 

 

 

Լսելով Արցախ օգնություն տանելու մասին լուրը, առանց բառ անգամ ասելու` գլխավոր բժիշկը կապվեց հիվանդանոցի բոլոր բաժինների հետ եւ հորդորեց, որ ով ինչով կարող է` թող օգնի: Ես հիվանդանոցի բակում կանգնած` ականատես լինելով, թե ինչպես բժիշկներն ու քույրերը, սանիտարները, ձեռքներին թեկուզ մի քիչ բամբակ ու բինտ լցնում էին մեքենայի մեջ, հեռվում կանգնած նայում էի այդ տեսարանին ու լաց էի լինում: Դասավորելով արկղերը, գնացինք Գյումրիի օդանավակայան. թռիչք չկար: Սեյրանը խոսեց օդանավակայանի ղեկավարության հետ, համոզեց, որ շտապ օգնություն են տանում Արցախ ու անհապաղ պետք է թռիչքը կազմակերպել: ՙՕՄՕՆ՚-ն այդ ժամանակ Ստեփանակերտի օդանավակայանում խիստ հսկողություն էր իրականացնում: Զանգահարեցի Ամուլյային, ասացի գազ 53 ուղարկի օդանավակայան ու մեքենայից բացի ոչ ոք մերոնցից թող որպես ուղեկցող չգա, որ եթե բռնելու են` միայն ինձ բռնեն: Ու զգուշացրեցի, որ մեքենան օդանավակայանից դուրս գալուց` առանց հետ նայելու փախնի: Բարեհաջող վայրեջք կատարեցինք: ՙՕՄՕՆ՚ը զարմացած հարցնում էր, թե ինչի բեռը թափողներ չկան, ասում էի, որ մենակ էլ կանեմ եւ այդպես էլ արեցի` մենակ դատարկեցի բեռը, ու օդանավակայանի տարածքը լքեցինք թե չէ, փախանք, որ մեր հետքն անգամ չգտնեն: Զենքը դասավորել ենք մեր տան նկուղում: Եւ այդպես էլ ոչ ոք մեր տղաներից չհարցրեց, թե ինչի համար էի մեքենա ուզել: Ինձ վստահում էին: Մեր տանն էինք փամփուշտները լիցքավորում: Եւ մեր տնից էի զենք տրամադրում տղաներին հատուկ գործողությունների համար՚:
Արցախյան Շարժումից 25 տարի անց, հետադարձ հայացք գցելով պատմության այդ էջերին, հասկանում ենք, որ շարժման առաջամարտիկները լինելով` անելանելի իրավիճակներում անգամ կարողացել են ելք գտնել` իրենց նպատակները կյանքի կոչելու համար, շատ դեպքերում` վտանգելով անգամ սեփական կյանքը:

 

 

 

ՙՄիտինգներից հետո եկել էր մի ժամանակաշրջան, երբ այնպես էին մեր գործողությունները ճնշել, որ անգամ մի թռուցիկ չէինք կարողանում բաց թողնել: Մի օր որոշեցի գնալ ՙմեբելնու՚ Ռաֆիկի մոտ, որ ճշտեմ, թե դեռ ինչքան պետք է լռենք, չէ որ ժողովուրդն էլ կարող էր ճիշտ չհասկանալ մեր լռությունը, մտածեր, թե ակտիվ սկսեցել էինք, հիմա ինչու ենք լռել: Անհրաժեշտ էր ինչ որ ձեւով տեղեկացնել, որ չնայած հրապարակային ոչինչ չի ձեռնարկվում, բայց միեւնույն է` ստվերում աշխատանքներ ծավալվում են: Ռաֆիկն ասաց, որ հնարավոր չի անգամ թռուցիկ բաց թողնել: Ես էլ առաջարկեցի, որ տեքստը լինելու պարագայում մնացած հարցերն իմ վրա եմ վերցնում: Ռաֆիկը զանգեց Քոչարյան Ռոբերտին, պայմանավորվեցինք եւ ես գնացի իր մոտ ֆաբրիկա: Այդ օրերին բոլորն, ինչպես հարկն է, իրենց տեղերում աշխատում էին: Ռոբերտն էլ էր գտնում, որ թռուցիկ չենք կարող բաց թողնել եւ եթե անգամ նման բան անենք, ինձ կձերբակալեն: Ես համոզված էի, որ չեն բռնելու ինձ եւ ըստ այդմ` Ռոբիկը տեքստը պատրաստում է հաջորդ օրը: Նորից եմ գնում տեքստը վերցնելու: Տեքստը արտագրեցի իմ ձեռքով, իսկ իր ձեռագիրն իր ներկայությամբ այրեցի: Իմ ձեռքով գրված տեքստը դրեցի կոշիկիս մեջ եւ դուրս եկա գործարանից: Բնականաբար, ինձ ստուգեցին ու ոչինչ չգտան: Ես, Կնյազը, Ռադիկը ու էլի մարդ կար մեզ հետ (ցավում եմ, որ հիշողության հետ խնդիրներ ունեմ եւ անունը չեմ կարողանում մտաբերել), 4 հոգով նորից մշակեցինք թռուցիկի տեքստը: Ինչքան հնարավոր էր մեր գրամեքենայով տպեցինք: Մնացածն էլ ՙԿոլցեվոյի՚ ֆոտոյում գիշերը տպել տվեցինք: Մեր թռուցիկների համար հատուկ շրջանակ էինք սարքել, որ ԿԳԲ-ն չկարողանար գտնել, թե որ ֆոտոյում ենք այն տպել: Առավոտյան թռուցիկները տարածեցինք: 
Այդ ժամանակահատվածում էր, որ հեռուստատեսությամբ Վոլսկին անգամ հրահանգել էր, որ բռնեն Ռոլեսին, Սերժիկին ու էլի ինչ-որ մեկի անունն էր տվել: Եւ ինձ ձերբակալեցին՚: 
Այն, որ մենք այսօր ունենք հզոր ու մարտունակ բանակ, ինչը փաստում ենք ոչ միայն մենք, կազմավորվել է նույն Շարժման ակտիվիստների ջանքերով, հնարավոր է, որ այսօր այդ մասին գրեթե չեն էլ հիշում, անգամ լինում են դեպքեր, երբ պատեհ առիթներին չեն էլ հիշում, բայց դեռ կենդանի են մարդիկ, ովքեր եղել են այդ ամենի ակունքներում եւ իրենց անմնացորդ նվիրումով են բերել այդ գործին:

 

 

ՙԲանակը ստեղծվել է ջոկատներից: Իսկ ջոկատների 90 տոկոսը Ագոն է ստեղծել: Տարբեր ճանապարհներով եւ զենք ենք հայթայթել, եւ փող ենք հայթայթել: Մի շատ դիպուկ արտահայտություն կա. ՙՀեղափոխությունը մտածում են հանճարները, իրականացնում են նվիրյալները, պտուղներից օգտվում են տականքները՚: Մենք այդ նվիրյալների շարքերում ենք: Իհարկե, մենք ինչ արել ենք` գիտակցաբար ենք արել: Այսօր ես դեռ ի վիճակի եմ եւ կարողանում եմ հոգալ ընտանիքիս կարիքները, սակայն այն ժամանակ, երբ փողը պարկով դրված էր տանը, իսկ կինս ասում էր` բեր այդ փողով ոսկի առնենք, վաղը մյուս օրը երեխաներին կամուսացնենք, ոսկի պետք կգա, ասում էի` դեռ դրա ժամանակը չէ, դեռ պետք է զենք առնենք: Հետագայում ինչքան ուզենաս ոսկի կառնեմ: Երբեւէ չեմ պատկերացրել, որ այսպիսի օրեր կլինեն: Սա հաստատ չեմ պատկերացրել: Էլի չեմ կարողանում պատկերացնել, որ մարդ ինչքան անամոթ պետք է լինի, որ խոսի առանց հետ նայելու, թե երեկ ով է եղել եւ ինչով է զբաղված եղել եւ այսօր ինչ է խոսում: Չկա ոչ ամոթ, ոչ խիղճ: 
Չնայած այսօր շատերն իրենց են վերագրում Շարժման կազմակերպումը եւ իրենց համարում են այն կորիզը, որն այդ ամենի հիմքում էր գտնվում, սակայն դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Գործը մենք ենք արել, մենք ինքնակոչներին չենք ընդունում: Պետությունն այսօր այնպես է սատարում այդ մարդկանց, որ չես էլ կարող շատ դեպքերում ասել` այ մարդ, ինչ բանի ես, դու ով ես եւ այդ ամբողջ ժամանակահատվածում որտեղ ես եղել եւ ինչ գործունեություն ես ծավալել: Կորիզում եղել են Ագոն, որին Դաշնակ Ագո էինք ասում, Գենան, ես ու էլի մի քանիսը: Դաշնակ Ագոն (Արկադի Կարապետյանը) Արցախ բերեց Դաշնակցության կանոնադրությունը: Արցախում առաջիններից եմ եղել, որ ծանոթանալով Դաշնակցության կանոնադրությանը, երդում եմ տվել եւ անցել կուսակցության շարքերը:

 

 

 

Շարժման 10-րդ ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ, որքան էլ տարօրինակ լիներ, ինձ էլ էին հրավիրատոմս տվել: Միջոցառմանը ներկայացել էի Դաշնակ Ագոի հետ: Իմ կյանքում երբեք ինձ այդքան ընկճված չեմ զգացել, ինչպես այդ օրն էի ինձ զգում: Միջոցառումը տեղի էր ունենում երիտասարդության պալատում: Ներկաներից գրեթե ոչ ոք Շարժման ակտիվիստ չէր: Նայելով այդ դեմքերին, մտածում էի` միթե այս մարդիկ էլ են եղել Շարժման ակտիվիստ: Ես եւ Ագոն մի անկյունում կուչ էինք եկել եւ, ի ուրախություն ինձ, միջոցառման կեսից լուր տվեցին ինձ, որ թոռնիկ եմ ունեցել, եւ ես կիսատ թողնելով միջոցառումը` շտապեցի հարազատներիս մոտ: Դրանից մի քանի օր հետո Աֆանասյան Գրիշան, ով Շարժման ակտիվիստներից է, մի հոգու հետ (ամենայն հավանականությամբ` պետության ներկայացուցիչ էր), եկել էին մեր տուն: Չնայած մեր տունը գրադը խփելուց հետո դեռ չէինք հասցրել նորմալ վերանորոգել, այնուամենայնիվ, տուն հրավիրեցի, հյուրասիրեցի, ու երբ Գրիշան պնդեց, որ բացեմ, տեսնեմ, թե ինչ են բերել` անգամ չթողեցի խոսել, ասացի` ձեր գնալուց հետո միայն կնայեմ: Փաթեթում անվանական նվեր էր`ժամացույց ու մի քանի թուղթ:

 

 

 

Քանի որ իմ կյանքում ոչ ժամացույց եմ կրել, ոչ էլ մատանի, այդ ժամացույցն էլ բնականաբար չեմ կրել երբեւէ, բայց որոշ ժամանակ անց նույն ժամացույցից տեսնում եմ ծանոթներիցս մեկի ձեռքին: Ծանոթս էլ ժպտալով ասաց, որ Շարժման 10-ամյակի կապակցությամբ են տվել: Ինձ ու ինձ մտորում էի` ախր նա մատը մատին անգամ չի կպցրել Շարժման ժամանակ, թե ինչի համար էին նրան տվել այդ նվերը, այդպես էլ չկարողացա հասկանալ: Ու մտածում էի, որ փաստորեն ես էլ պետք է այդ ժամացույցը կրեմ եւ ինչ-որ մեկն էլ, ով ոչնչից տեղյակ չի էլ եղել: Հենց այդ պահից այդ անվանական նվերն էլ իմաստազրկվեց ինձ համար: Ի դեպ` անունս այդ ցուցակում մեծ դժվարությամբ էր ընդգրկվել: Աշոտ Սարգսյանը ստիպեց, որ ինձ էլ ընդգրկեն այդ ցուցակներում: Մի քանի անգամ փորձել էին անունս հանել այդ ցուցակից` պատճառաբանելով, որ, առանց այն էլ շատ մարդիկ են ընդգրկված ցուցակում: Միեւնույն է` Աշոտը անունս նորից ընդգրկել էր /մեր հյուրը կոնկրետ անուններ տվեց, թե ովքեր էին խանգարում, որ նրա անունը չընդգրկեն շարժման ակտիվիստների ցուցակում-խմբ./:

 

 

 

Մեր ձեռքբերումը մեր անկախությունն է: Եթե կյանքը նորից վերապրեի` էլի կանեի այն, ինչ արել եմ: Այն, ինչ ազգին է վերաբերում, այդ հարցում երկնտրանք լինել չի կարող: Տղաս 9-րդ դասարանում հատուկ պատրաստվածություն էր անցել Դաշնակցության կազմակերպած դասընթացում եւ պատերազմի ժամանակ հատուկ գործողությունների էր մասնակցում: Նա Պաշտպանության Բանակի ամենաերիտասարդ բրիգադի հրամանատարն է եղել, այսօր էլ ծառայում է ՊԲ-ում: Ես այսօր զբաղվում եմ իմ տնտեսությամբ: Վերջը լավ է լինելու, մեջտեղում ինչ փուչ էլ կա, այն ստեղծում է մեր ներքին թշնամին: Թուրքը մեզ ոչինչ անել չի կարող: Սուտ է` ամեն ինչ նավթով չի որոշվում: Մենք էլ նավթ ունենք, մեր նավթը իրենց նավթից շատ է …

 

 

Կանգնած լինելով Շարժման ակունքներում, ամենեւին նպատակ չեմ ունեցել ինչ- որ դիրքի հասնել: Այսօր իմ սեփական տնտեսությամբ եմ զբաղվում ու, ինչպես 25 տարի առաջ էր, էլի նույն ՙսապոժնիկ՚ Սերժիկն եմ մնացել՚:

 

 

 

Պատրաստեց Անի ԱԶԱՏՅԱՆԸ

1