Ինչպես նվազեցնել լարվածությունը. Նալբանդյանը՝ համանախագահների հայտարարության մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ինչպես նվազեցնել լարվածությունը. Նալբանդյանը՝ համանախագահների հայտարարության մասին

Ինչպես նվազեցնել լարվածությունը. Նալբանդյանը՝ համանախագահների հայտարարության մասին

Ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից հրաժարվելու Ադրբեջանի գործելաոճը լրջորեն հարցականի տակ է դնում Բաքվի` որպես բանակցող կողմի նկատմամբ վստահությունը: Այս մասին, Հունաստանի ԱԳՆ-ում իր ելույթի ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը վկայակոչում էր հոկտեմբերի 16-ին Ժնեւում տեղի ունեցած գագաթաժողովը, որը կայացավ ամենաբարձր մակարդակով՝ հանդիպումների տասնվեց ամիս տեւած դադարից հետո: Մոտ չորս տարվա ընդմիջումից հետո, Ժնեւի գագաթաժողովին առաջին անգամ հնարավոր եղավ, թեկուզ եւ բավական հակիրճ, համատեղ հայտարարություն ընդունել: Այս համատեղ հայտարարությունն արտացոլում էր այն, ինչ երկար ժամանակ կոչ է անում Հայաստանը. լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով: Այս քայլերը ներկայացվել են 2016թ.-ի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին արված հայտարարություններում եւ դրանք շարունակաբար մերժվել են Ադրբեջանի կողմից: Հարց է առաջանում. Ինչպե՞ս հնարավոր կլինի նվազեցնել լարվածությունը, եթե Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել 1994-1995 թթ. հրադադարի համաձայնագրերով ստանձնած իր հանձնառությունը: Ինչպե՞ս կարելի է նվազեցնել լարվածությունը, եթե Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել հրադադարի խախտումնների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ժնեւի հայտարարությունը նաեւ ընդգծում է բանակցային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը նույնպես մշտապես լրջորեն սատարվել է Հայաստանի կողմից:

Իրենց վերջին հայտարարության մեջ համանախագահները հերթական անգամ կոչ արեցին ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնումը եւ ընգծեցին 2016թ.-ին Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ընդունված այլ որոշումների կատարման անհրաժեշտությունը:

Ադրբեջանը ձեւացնում է, իբրեւ թե նախորդ գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հայկական կողմի առաջ քաշած նախապայմաններ են: Հայաստանը նախապայմաններ առաջ չի քաշել, սակայն դա չի նշանակում, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չպետք է կատարվեն: Համբուրգում եւ Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհուրդների ընթացքում համանախագահների ընդունած հայտարարությունները ապացուցեցին, որ Ադրբեջանի` Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը մերժելու փորձերը դատապարտված են ձախողման: Ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից հրաժարվելու Ադրբեջանի գործելաոճը լրջորեն հարցականի տակ է դնում Բաքվի` որպես բանակցող կողմի նկատմամբ վստահությունը:

Համանախագահները կոչ արեցին կողմերին խուսափել կարեւոր մարդասիրական քայլերի քաղաքականացումից: Տարիներ շարունակ Ադրբեջանը հրաժարվում է ինչպես մարդասիրական, այնպես էլ ռազմական ոլորտներում վստահության ամրապնդման միջոցների իրագործումից: 2014թ. հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթաժողովից հետո Բաքուն կրկին հայտարարեց, որ վստահության ամրապնդման միջոցների իրագործումը հնարավոր կլինի միայն հակամարտության կարգավորումից հետո: Ակնհայտ է, որ կարգավորումից հետո վստահության ամրապնդման միջոցների նույնչափ մեծ պահանջարկ չի լինի: Անգամ եթե Ադրբեջանը համաձայնություն է տալիս վստահության ամրապնդման ինչ-որ մի միջոցի, ապա հետագայում, որպես կանոն, Բաքուն այն վերածում է վստահության ոչնչացման քարոզչական գործիքի:

Համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը շարունակելու միջնորդական առաքելությունը կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկությունների փոխզիջումների շուրջ: Այս առաջարկները հայտնի են եւ արտացոլված են համանախագահ երկրների նախագահների` 2009 թվականից ի վեր արված հինգ հայտարարություններում: Այդ առաջարկությունների առանցքը փաթեթային լուծումն է, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական կարգավիճակի որոշումն Արցախի ժողովրդի` իրավական պարտադիր ուժ ունեցող կամաարտահայտության միջոցով:

Ցանկանում եմ եւս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի հաստատակամ հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված համանախագահների առաջարկների վրա: Բանակցային գործընթացն այլընտրանք չունի:

Ակնհայտ է, որ այն, ինչ առաջարկվել է համանախագահների կողմից եւ ինչին սատարվում է Հայաստանը, մերժվում է Ադրբեջանի կողմից, եւ սա է խաղաղ գործընթացի առաջխաղացումը խոչընդոտող հիմնական պատճառը:

Համանախագահների նախաձեռնությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի երկրորդ կեսին կազմակերպելու արտաքին գործերի նախարարների հանդիպում: Ինչպես միշտ մենք նման հանդիպումներին գնում ենք կառուցողական տրամադրվածությամբ։

Եթե Բաքուն հետեւի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին եւ կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, ապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջ մղելու եւ ստատուս քվոն փոխելու համար:

Տիկնայք եւ պարոնայք, հարգելի բարեկանմենր,

Այսքանով կեզրափակեմ իմ խոսքը եւ պատասխանեմ պատասխանել ձեր հարցերին:

1