Ինձ հերոս կզգայի, եթե մեր կորցրած դիրքերը հետ վերցնեինք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Ինձ հերոս կզգայի, եթե մեր կորցրած դիրքերը հետ վերցնեինք

Ինձ հերոս կզգայի, եթե մեր կորցրած դիրքերը հետ վերցնեինք

Ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններից հետո էր, երբ մեզ՝ Դաշնակցության երիտասարդներիս առաջնագծից  բարեւներ հասցրին: Հարցին, թե ո՞վ էր բարեւողը, ասացին՝ անունը չգիտենք, նրան այնտեղ <<կամանդիր>> են ասում, բոլորը նրան ճանաչում են, ինքն էլ բոլորին, ապա ավելացրին՝ փոքրամարմին եւ ճարպիկ երիտասարդ է, որի մասին դեռ կլսեք:

 

Մի քանի օր անց հանրապետության բոլոր լրատվամիջոցներով, ի թիվս ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների հերոսների, նա էր` 19 տարեկանում արդեն հերոս դարձած երիտասարդը, որին ՀՀ  նախագահը հանձնեց երկրորդ աստիճանի <<Մարտական խաչ>>  պարգեւը, ապա՝  շնորհվեց սպայի բարձ կոչում: Այդ նկարներում եւ տեսանյութերում ճանաչեցինք մեր գաղափարական ընկերոջը՝ Արթուր Աղասյանին: Դեռ մեկ տարի առաջ նա ՀՅԴ պատանեկան միության պատանիներից  էր, այսօր արդեն՝ <<Մարտական խաչ>>-ի ասպետ:

 

Մեկ ու կես ամիս հետո Արթուրն այցելեց մեզ՝  իր բարեւներն անձամբ հասցնելու: ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հին ու նոր անդամները հավաքվել էին նրան դիմավորելու, զրուցելու ապրիլյան դեպքերից, դրան նախորդող օրերից եւ պարզապես՝ 19 ամյա սպային տեսնելու եւ լսելու:

 

Դեռ ոչ մոտ անցյալում շատախոս, աղմկոտ Արթուրը կերպարանափոխվել էր, իր ամեն մի արտասանած մտքին զուգահեռ՝ ավելի եւ ավելի էր հասունանում  մեր աչքին, եւ նույնիսկ հարցերը  որոշակի զգուշավորությամբ  էինք նրան ուղղվում:

 

Ապրիլին դեռ 9 ամսվա ծառայող էր: Դիրքի ավագն էր: Ապրիլի 1-ի հերթափոխի ժամանակ հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր Արթուրի մտերիմ ընկերը՝ Վլադիմիր Մելքոնյանը: Կրակոցները շարունակվել էին  նաեւ գիշերը: Հասկացան, որ այս անգամ սովորականի պես չէ ամեն ինչ, թշնամին օգտագործում էր ամեն տեսակի զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր էր բարձրացրել օդ ու սկսել շրջանաձև հրետակոծել դիրքերը:

 

<<Մենք  եւս սկսեցինք կրակել:Գիշերվա 03:45-ից՝ մեկ ժամ շարունակ հրետակոծեցին մեր առաջնագիծը:  Տղաներին իջեցրեցի ներքեւ եւ հրահանգեցի, որ  պատսպարվեն: Հակառակորդը սկսեց հրետակոծել կացարանի տարածքը: Հրահանգեցի՝ չշարժվել եւ սպասել: Այդ ամենը տեւեց մոտավորապես մեկ ժամ: Մեկ ժամ մեր դիրքի ուղղաթյամբ տեւած հրետակոծությունից հետո նրանք երևի մտածեցին, որ ողջ մարդ չկա այնտեղ: Այնուհետեւ ձայներ լսեցինք, դուրս եկա՝ տեսնելու ինչ է կատարվում: Տեսա, որ մոտ 25-30 հոգանոց դիվերսիոն խումբն արդեն մոտեցել էր  դիրքին եւ գալիս էր ուղիղ դեպի մեր կացարան: Վստահ լինելով, որ բոլորը զոհվել են՝ առաջ եկան: Երբ հասկացան, որ մարդ կա, ցանկացան կացարանի ուղղությամբ նռնակ նետել, ես ավելի արագ գտնվեցի եւ նռնակս պատուհանից նետեցի  նրանց ուղղությամբ: Ցանկացանք մերոնց զգուշացնել, որ դիվերսիոն թափանցում է մեզ մոտ, սակայն նրանք հասցրին  կտրել «տապիկի» լարը: Ստիպված էինք ինքնուրույն մարտ վարել:  Այդ պահին դրանցից մեկը մտավ «բոդրուշի» փոսի մեջ: Բադալյան Հարությունը վիրավորեց դրան: Նռնակ տվեցի նրան, նետեց եւ վերջանականապես ոչնչացրեց: Այնուհետեւ կացարանի վերևում ոտնաձայներ լսեցի: Հասկացա, որ ուզում են վառարանի  խողովակով  նռնակ գցել: Ես ավելի շուտ նռնակ նետեցի, որից նրանց խմբի հրամանատարը վիրավորվեց: Մոտավորապես 20 րոպե տեւեց մարտը: Մի քանի հոգու սպանեցինք, մյուսներին վիրավորեցինք՝ խուճապահար ստիպելով ետ շպրտվել, թողնելով իրենց զոհերի դիակները: Դուրս եկանք, նրանց դիերից զենքերը սկսեցինք հավաքել: Նկատեցի, որ վիրավորներից մեկը, ով լեյտենանտ էր, նռնակ կա ձեռքին: Վերջինս ուզեց նետել, բայց չհասցրեց, ես առաջինը  նռնակ նետեցի: Քիչ հետո կարմիր «ռոպ» արձակեցին. նրանց ձախողման ազդանշանն էր: Այնուհետեւ տանկով հինգ «սնարյադ» խփեցին մեր խրամատի ուղղությամբ: Հետո կրակի ուղղությունը փոխեցին դեպի գյուղը…Այսպես,  բոլոր ուժերով պահել ենք մեր դիրքը՝ առանց զոհերի, միայն մեկ հոգի՝ Հարություն Բադալյանն է վիրավորվել… >>:

 

Արթուրի՝ թշնամու գիշերային գործողության ժամանակ կայացրած ճիշտ որոշումը փրկեց դիրքն ու տղաների կյանքը: Հարցին, թե ինչպե՞ս հաջողվեց այդքան սառնասրտությամբ եւ առանց խուճապի մատնվելու գործել, պատասխանեց.

 

<< Դիվերսիայից ընդամենը մի քանի ժամ առաջ մահացու վիրավորվեց իմ մտերիմ ընկերը. նա իմ ձեռքերում զոհվեց: Այդ պահից մեջս վրեժի ցասում առաջացավ: Երբ թուրքերին տեսա, ինքս ինձ ասացի՝ վրեժս պիտի լուծեմ, ու հենց հիմա է ժամանակը դա անելու: Ուրիշ ոչինչ>>:

 

Մի պահ բոլորս լռեցինք, ապա նա շարունակեց.

 

<< Մեր դեմ դուրս էին եկել հատուկ պատրաստված դիվերսիոն խմբեր: Մեր պես 18-20 տարեկան չէին: <<Յաշմա>> հատուկ ջոկատայիններն էին՝ թմրանյութերի ազդեցության տակ: Մեզ հաջողվեց ջարդ տալ նրանց… Հնարավոր է, որ զենքով զիջում ենք, բայց դա չի նշանակում, որ չենք կարող հաղթել կամ էլ՝պետք է հուսահատվենք: Պետք է պարզապես ավելի կազմակերպվենք, իրար թիկունք լինենք:

 

Նորից լռություն տիրեց, ապա ներկաներից մեկը հարցրեց՝ քեզ հերոս զգու՞մ ես, Արթո՛ւր:

 

<< Ինձ հերոս կզգայի, եթե մեր  կորցրած դիրքերը հետ վերցնեինք: Այդ ժամանակ հետմահու, թե ողջ, մեդալով, թե առանց մեդալի, ինձ հերոս կզգայի>>:

Արմինե Նարինյան

1