Ժողովրդի կամքին այլընտրանք չկա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Ժողովրդի կամքին այլընտրանք չկա

Ժողովրդի կամքին այլընտրանք չկա

Այն ժամանակվանից, որ հիմնադրվեց Միավորված ազգերի կազմակերպությունը, մինչ օրս միջազգայնորեն անկախ ճանաչված երկրների թիվը գրեթե քառապատկվել է: Հիմնադրման տարիներին ՄԱԿ-ին անդամակցում էին 51, այժմ՝ 193 երկրներ: Դա իրականացվել է 70 տարիների ընթացքում: 70 տարին պատմության  ակընթարթային պահ է, սակայն անկախության ձեռքբերումը  այս 142 երկրներից յուրաքանչյուրի համար՝ մի ամբողջ պատմություն:

Անցյալ դարի 60-ականներ, 90-ականներ և այժմ. կարծես թե անկախության ձգտումը ամեն 30 տարին մեկ թեժացման միտում է ունենում:  Դեռ անցյալ դարի 60-ականներին, երբ երկու գերտերությունների միջև սառը պատերազմն էր ձևավորվում, հիմնականում խորհրդային բլոկը աշխարհի զանազան կետերում  նեցուկ էր կանգնում ազգային ազատագրական պայքարներին: 90-ականներին Խորհրդային Միության փլուզումը նոր թափ հաղորդեց անկախ երկրների ձևավորմանը: Իսկ այժմ Եվրոպական մետրոպոլիայի ստեղծումն ու նրան հակազդելու լծակների օգտագործումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում արաբական գարունից սկսած՝ պետությունների վերաիմաստավորումը պատճառ են դարձել  ազգերի ինքնորոշման նոր թափի առաջացման:

Ազգային ազատագրական պայքար, անկախության հանրաքվե, ինքնորոշման իրավունքի իրացում. ինչ անուն էլ կրի, դրա վերջնական արդյունքը մնում է նույնը՝ ինքնիշխան պետության ձևավորում: Սա է ներկայումս գոյություն ունեցող պետությունների կազմավորման երեք քառորդի ուղին: Դեռ ավելին՝ քաղաքական միտումները հուշում են, որ դեռևս նույն ընթացակարգով շարունակվելու են ձևավորվել նորանկախ պետություններ ևս:

Ժողովուրդների  ինքնորոշման իրավունքը ըստ էության հակասության մեջ է երկրների տարածքային ամբողջականության հետ: Ինչքան էլ ցանկանանք միջազգային իրավական մեկնաբանություններով մեղմել այդ հակասությունը, մեկ է, պատմությունը փաստում է՝ տարածքային ամբողջականության սկզբունքը տեղի է տալիս:

Ինքնորոշված երկրները այլոց կողմից ճանաչվածություն ձեռք բերելու և միջազգային հանրությանը մաս կազմելու ճանապահին բախվում են տարածքային ամբողջականության խախտման փաստարկին: Այստեղ պետք է ի մտի ունենալ, որ ինքնորոշումը իրավունք է, որի սկզբնաղբյուրը ժողովուրդն է: Ժողովուրդն է, որ իր կամքն է դրսևորում անկախ պետություն ունենալու համար: Իսկ դրան հետևող ճանաչվածության հանգամանքը ըստ էության պայմանավորվածություն է պետությունների միջև: Պայմանավորվածություն, որը չի կարող գերակա լինել ժողովրդի կամքից:

Ժողովուրդների կամքը իրականություն է դառնում վաղ թե ուշ, իսկ պետությունների միջև պայմանավորվածությունները փոխարինվում են այլ պայմանավորվածություններով:

«Ապառաժ»-ի խմբագրական, 16 հոկտեմբերի, 2017թ.

1