Ժողովրդի անվտանգությունը սահմանից այս կողմ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Ժողովրդի անվտանգությունը սահմանից այս կողմ

Ժողովրդի անվտանգությունը սահմանից այս կողմ

ՙԺողովրդի անվտանգություն՚ եզրույթ-երեւույթը մեզ մոտ ասոցացվում է որպես արտաքին թշնամուց անվտանգության ապահովում, ավելի հստակ` սահմանից այն կողմ ՙատամները սրած՚ եւ գայլի ախորժակ ունեցող Ադրբեջանից պաշտպանվածություն:

 

Կասկած չունենք, որ հայրենիքի սահմանին գիշեր ու ցերեկ կանգուն եւ արթուն հայ զինվորի` հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովությունը թշնամու ոտնձգությունների նկատմամբ, կատարվում է ամենայն պատասխանատվությամբ եւ նվիրումով: Սակայն նույնը չի կարելի ասել սահմանից այս կողմ հասարակության պաշտպանության եւ անվտանգության մասին: Հասարակության անվտանգության ապահովումը երկրի ներսում` խաղաղ պայմաններում նույնքան կարեւոր է, որքան սահմանի անառիկությունը: Հասարակության ապահովության եւ անվտանգության հսկողության եւ պատասխանատվության զգացումն այնքան է թուլացել, որ հասարակության լայն հատվածներ դառնում են պարզապես խոցելի: Խոսքը անցած ամսվա ընթացքում հարյուրից ավելի երեխաների սննդային թունավորման մասին է, ինչի հետեւանքով փակվել են մի քանի մանկապարտեզներ` տասնյակ երեխաների` ՙսուր աղիքային ինֆեկցիայով՚ հիվանդանալու պատճառով: Միանգամից տարածվել է մի քանի սննդատեսակների` ինֆեկցիայի տարածման պատճառ դառնալու մասին տարաբնույթ կարծիքներ ու տեսակետներ:

 

Ստեփանակերտի հակահամաճարակային կայանը հայտնել է համաճարակի տարածման պատճառը` նշելով ՙԱրցախկաթ՚ ընկերության թթվասերը: ՙՂարաբաղ օփեն՚ էլեկտրոնային թերթի հետ զրույցում ԼՂՀ առողջապահության նախարարը խոսել է համաճարակի տարածման աղբյուրի մասին, մի քիչ էլ մեղմացնելու համար նշել, որ դա ՙ… արտառոց դեպք չէ, այլ սովորական թունավորում… ՚:

 

Չկիսելով հարգարժան նախարարի կարծիքը` պիտի ասել, որ ՙսովորական թունավորում չի լինում՚: ՙԱրցախկաթ՚ ընկերության տնօրենը բացառում է, որ համաճարակի պատճառը իրենց ընկերության թողարկած արտադրանքն է` հիմնավորելով, որ նույն օրը նույն խմբաքանակից տրամադրել են նաեւ այլ հիմնարկների ու բնակավայրերի, որտեղիցբողոքներ եւ նման դեպքեր չեն եղել: Մի կողմ ենք թողնում այս տարակարծությունները: Խնդիրն ամենեւին էլ այս կամ այն ընկերության կամ արտադրանքի մասին չէ, հատկապես, որ խոսքը տեղական արտադրանքի մասին է, իսկ մենք միշտ խրախուսում ենք հայրենական արտադրությունը: Հարցն այլ հարթության մեջ է:

 

Խնդրի մասին չի խոսվում, այն ուշադրության չի արժանանում` մինչեւ չենք կանգնում փաստի առաջ: Իսկ հնարավոր չէ՞ր արդյոք կանխել խնդիրը: Կարծես ստեղծված են բոլոր օղակները, մարմինները, որոնք ունեն բյուջե` խնդիրներ ու առաքելություններ կատարելու: Որտե՞ղ են ընդհանրապես երկրի համապատասխան մարմինները, ինչո՞վ են զբաղված: 
Սա, իհարկե, միակ դեպքը չէ:

 

Բազմաթիվ են օրինակները, երբ խանութներում վաճառվում են ժամկետանց եւ անորակ սննդատեսակներ: Այս տեսանկյունից հասարակությունը խոցելի է ու անպաշտպան: Իսկ սա ազգային անվտանգության խնդիր է:

 

Յուրաքանչյուր ձեռնարկություն վճարում է համապատասխան մարմնին իր կազմակերպության եւ շրջակայքի սանիտարահիգիենիկ ապահովության համար: Ժամանակ առ ժամանակ զանգվածային համաճարակի կամ հիվանդության տարածման պատճառ են դառնում հանրային վաճառքի հանված մսամթերքը կամ կաթնամթերքը, կամ էլ այլ սննդատեսակներ: Ամեն անգամ հիվանդության տարածման եւ հասարակությանը վնաս հասցնելուց հետո միայն որոշվում է դիմել այս կամ այն կանխարգելիչ միջոցների:

 

Վերջին համաճարակային դեպքը, որ տեղի է ունեցել երկրում, իհարկե, այն չէ, որին այսքան լուրջ անդրադառնում ենք: Սա պարզապես ահազանգ է պատասխանատու բոլոր կողմերին եւ մեկ անգամ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ մոտենալու նման խնդիրներին: Ահազանգում ենք նաեւ, որ պետք չէ պատահարով զգուշանալ, այլ ամեն օր ու վայրկյան, քանի դա ողջ հանրության հարցն է: Մոտենում է աշնան երկրորդ շրջանը եւ ձմեռը:Իսկ երեխաները ոչ թե ՙՁմեռ պապիկին՚ են դիմավորելու, այլ մայրաքաղաքի բնակարանների ծորակներից հոսող կեղտաջրերին… Իսկ մենք` ժողովուրդս, պետք է առողջ ու դիմացկուն լինենք` դիմակայելու ամեն տեսակ մարտահրավերների:

 

Եթե զինվորը երկրի սահմանում ամենայն պատասխանատվությամբ է հսկում ու պաշտպանում ժողովրդին, ապա երկրի ներսում ցանկացած պատասխանատու անձ պարտավոր է լինել իր տեղում եւ կատարել իր առաքելությունը:

 

<<Ապառաժ>>-ի  խմբագրական

1