Ժողովրդավար պետականության կրիչը ժողովուրդն է...
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Ժողովրդավար պետականության կրիչը ժողովուրդն է...

Ժողովրդավար պետականության կրիչը ժողովուրդն է…

Ոչ որպես գովասանքի խոսքեր, ՀՅԴ-ի իմիջը վարկանիշային աղյուսակում բարձրացնելու միջոց և մյուս քաղաքական կուսակցությունների գործունեությունը քննադատելու, փնովելու և պարսավելու, այլ իրականությունը ռեալ գույներով նկարագրելու համար պետք է ասել, որ ԼՂՀ-ում գործող կուսակցություններից ՀՅԴ-ն առանձնանում է իր պատասխանատու գործելաոճով, հստակ դիրքորոշումներով և առաջարկներով, հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին և խոստումներին` ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական շրջանում:

 

ԼՂՀ ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը և խմբակցության անդամ Վահրամ Բալայանը հանրապետության Մարտունու շրջանում և շրջանի գյուղերում հանդիպումներ են կազմակերպում ժողովրդի հետ:

 

Նպատակը` կուսակցության հեռանկարների, ապագա անելիքների, ծրագրերի, ժողովրդի հետ համատեղ, համախմբված ու համակարգված գործողությունների իրականացումն է, որը միտված է գյուղի և գյուղատնտեսության համաչափ զարգացմանը, ընդհանուր կենսամակարդակի բարձրացմանը:

 

Հերթական նմանատիպ հանդիպումը կայացավ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի հասարակության հետ:
Ելույթով հանդես եկավ ԼՂՀ ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավար, Մարտունու ընտրատարածքի պատգամավոր Արմեն Սարգսյանը, որում անդրադարձավ ՀՅԴ քաղաքական նոր ռազմավարությանը, հեռանկարներին, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ ծավալված բանակցությունների նոր ձևաչափերի կիրառմանը, ՀՅԴ դիրքորոշմանը, տեսակետներին և առաջարկներին ԼՂՀ նոր կառավարության առաջիկա 5 տարիների` 2012-2017թթ. համար նախատեսված գործունեության ծրագրի վերաբերյալ: Անդրադարձավ ինչպես նախորդ այցելությունների ժամանակ մասնավոր անձանց ներկայացրած գրավոր դիմումներին, խնդրանքներին, այնպես էլ համագյուղական բնույթի հիմնախնդիրներին` հնարավորության սահմաններում առաջադրված խնդիրներին տալով համապատասխան լուծում: Իսկ այն խնդիրները, որոնք ֆինանսական լուրջ ներդրումների հետ են կապված` խոստացավ որոշակի ժամանակահատվածում լուծման ուղիներ նախանշել:

 

ՙՀավատարիմ մնալով մեր նախընտրական խոստումներին` ՀՅԴ-ն մասսայական հանդիպումներ է կազմակերպում ժողովրդի հետ: Ինչով է դա պայմանավորված: Մեր նախընտրական ծրագրի համաձայն` ժողովրդին խոստացել ենք, որ և մեծամասնական, և համամասնական ցանկով ընտրվելուց հետո մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենալու: Մեր խմբակցությունը 6 ամսվա կտրվածքով կազմում է հանդիպումների ցանկ և այդ ցանկով հանդիպում բնակչության հետ: Բոլոր գյուղերում հանդիպումներ են եղել 2 անգամ, Մարտունի քաղաքում տարբեր կոլեկտիվների հետ 4 անգամ և Բերդաշենում թվով 4-րդ հանդիպումն է իրականանում: Մոտավորապես 68 հանդիպում ենք ունեցել շրջանի 50 համայնքներում:

 

Այս կերպ փորձում ենք Ազգային ժողովի գործունեությունը վերլուծել: Մենք հանդիպում ենք, հաշվետվություն ենք տալիս մեր կատարած գործերի մասին և լսում ժողովրդի առաջարկները: Եթե պատգամավորը ժողովրդի հետ սիստեմատիկ չի հանդիպում, ապա ինքը ոչ թե ժողովրդի մտահոգությունն ու ժողովրդի հարցերն է բարձրացնում վերև, այլ որպես անձ է իր կարծիքը, հարցերը ներկայացնում, որը սխալ է: Պատգամավորի գործունեությունը կայանում է հենց նրանում, որ ժողովրդի կարծիքն ընդհանրացնի և ներկայացնի բարձր մարմիններին,- բերդաշենցիների հետ հանդիպման ժամանակ նշեց Արմեն Սարգսյանը: — Ընտրվելուց հետո բերդաշենցիները 32 հարցով դիմել են ինձ: Սիստեմատիկ կապ ենք պահել նախկին և գործող գյուղապետերի հետ և փորձել ենք հնարավորության սահմաններում օժանդակություն ցույց տալ՚:

 

Որոշ հարցերի շուրջ ավելի մանրամասն խոսեց ՙԴաշնակցություն՚ խմբակցության անդամ Վահրամ Բալայանը. 
ՙԸնդհանուր առմամբ, մեր սերնդին` այն մարդկանց, ովքեր մասնակցել են ազգային ազատագրական պայքարին, ապրել ու այսօր էլ ապրում են ԼՂՀ-ում, բաժին է հասել միաժամանակ դժվարին, բայց և պատվավոր առաքելություն: Մենք կերտում ենք ազգային պետականություն` սա ամենածանր գործն է: Ավելի հեշտ է պատերազմում հաղթել, քան պետություն կառուցել. ես սա ասում եմ` որպես հասարակագետ: Շատ երկրներ են անցել այս ճանապարհը, և այն երկրները, որտեղ ժողովուրդն ավելի մոտ է կանգնած եղել իշխանությանը, ինքն է եղել իշխանություն, ավելի շուտ են հաղթահարել ճգնաժամը: Ցավոք սրտի, մեր և նմանատիպ երկրներում նստած է խորհրդային մտածելակերպը, որտեղ չկար ազատ ու անկաշկանդ խոսք: Եթե ժողովուրդն է իշխանությունը, այդ դեպքում հնարավոր է երկիրը և տնտեսապես զարգացնել, և ստեղծել կայուն տնտեսական համակարգ: Մեր խմբակցության հիմնական նպատակը դա է` մեր երկրում ունենալ այլակարծություն, ճշմարտության վերհանում, որ ազատ և առողջ քննադատությունը գործի և նյութականանա, համախմբվածություն երկրի ներսում, որի շնորհիվ հնարավոր կլինի դուրս գալ ճգնաժամից:

 

Մեր խմբակցության համար առավել կարևոր է լուծել երկրի համար համընդհանուր նշանակության հարցեր: Այդ իսկ պատճառով մենք իշխանություններին մատուցում ենք ծրագրեր, որոնք հնարավորություն կտան զարգացնել մեր երկրի տնտեսությունը, քաղաքական համակարգը: Արցախցին պետք է դառնա արտադրող, ապրանք արտահանող, նյութական բարիքներ ստեղծող: Արցախում պետք է զարգացնել էներգետիկ համակարգը (ողջունելի է փոքր հէկերի կառուցումը), կամ էներգետիկ նոր ռեսուրսների հայթայթումը. ի նկատի ունեմ Մարտակերտի քարածխի հանքավայրը, որ էներգետիկ բազայի զարգացման աղբյուր է:

 

Այսօր շուկայական հարաբերությունները քայքայում են գյուղի ավանդական կենցաղը, դրա համար ձգտում ենք մեր գործունեությամբ նպաստել Արցախյան գյուղերի կայացմանը և զարգացմանը: Տրոհված, մասնատված տնտեսության պայմաններում դժվար է կառուցել հզոր տնտեսություն, այդ իսկ պատճառով պետությունը վարկերի, նոր հարկային քաղաքականության շնորհիվ փորձում է ստեղծել ձեռք ձեռքի, միմյանց օժանդակող տնտեսական համակարգ՚:

 

ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցությունը գտնում է, որ ավագ դպրոցների հիմնումը դեռևս նպատակահարմար չէ: Պատգամավոր Վահրամ Բալայանը խոսեց նաեւ այդ մասին. ՙԽնդիր է նաև գյուղերում ավագ դպրոցի ստեղծումը, որը նշանակում է փակել բազմաթիվ դպրոցներ, իսկ դպրոցները մեզ համար անհրաժեշտություն են` առանց հաշվի առնելու աշակերտության քանակը, քանի որ ազգի սերուցքը դպրոցում է կրթվում: Ուսուցիչը գյուղի համար և ագիտատոր է, և ուսուցիչ, և համախմբող ուժ: Առայժմ գտնում եմ, որ պետք է ձեռնպահ մնալ այդ գաղափարից: Այդ գործընթացը դեռ չպետք է կիրառության մեջ դնել, որովհետև դա վտանգավոր է արցախյան գյուղի համար՚:

 

Պատգամավորն անդրադարձավ նաեւ երիտասարդության խնդիրներին. ՙՄեզ համար ուշադրության է արժանի մի կարևոր հանգամանք ևս` լուծել երիտասարդության բնակարանային խնդիրները: Անհրաժեշտ է ռեսուրսներ հայթայթել և գյուղական երիտասարդության համար հիպոթեկային վարկեր տրամադրել: Այդ առաջարկը ներկայացրել ենք կառավարությանը: 
Կարևոր է գյուղատնտեսության ապահովագրումը, որի երաշխավորը պետք է դառնա պետությունը, անմշակ հողահանդակների ցանքատարածությունները կրճատելու համար: Այսինքն, գյուղացին պետք է ապահովագրվի` հստակ իմանալով, որ աշխատանքի դիմաց ստանալու է գոնե նվազագույն արդյունք:

 

Մեր վերջնանպատակը ժողովրդավար պետության ստեղծումն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ապահովագրված կլինի՚:
Այնուհետև գյուղացիները իրենց հուզող հարցերն ուղղեցին ՙԴաշնակցություն՚ խմբակցության պատգամավորներին: Հարցերին մասամբ պատասխաններ տրվեցին, որոշներին էլ խմբակցության ղեկավարը խոստացավ անդրադառնալ համապատասխան մարմինների հետ որոշակի ճշտումներ կատարելուց հետո:

 

Այստեղ հարկ է առանձնացնել մի կարևոր հարցադրում, որը վերաբերում է բնակչության արտագաղթին: ՙԴաշնակցություն՚ խմբակցության անդամ Վահրամ Բալայանը, հարցին ի պատասխան, նշեց հետևյալը. ՙՀոգեբանական տեսանկյունից` արտագաղթը մի երեւույթ է, որ` ՙմիշտ այնտեղ լավ է /Ամերիկաններում, Ռուսաստաններում/, այնտեղ ՙփողն ու ոսկին գետերով է հոսում՚ բարդույթով մարդիկ լքում են երկիրը: Գյուղերի դատարկության խնդիր կա, բոլորին ձգում է քաղաքի ՙհեշտ ու հանգիստ՚ թվացող կյանքը: Այնինչ` երկիրը պահողն ու շենացնողը գյուղացին է: Հույսը չպետք է դնել դրսի թվացյալ օգնության վրա, քո վաղվա օրը, քո ապագան դու պիտի կերտես: Այսինքն` մեր պայքարը պետք է միասնության մեջ լինի: Իմ կարծիքով` սա հաղթական արդյունքի հասնելու միակ ուղին է՚: 
Ազգային Ժողովի ՙԴաշնակցություն՚ խմբակցության պատգամավորների հանդիպումները բնակչության հետ շարունակվում են:

 

Պատրաստեց` Նուշիկ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ

1