Ժեստերի լեզուն՝ Արցախյան բեմում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ժեստերի լեզուն՝ Արցախյան բեմում

Ժեստերի լեզուն՝ Արցախյան բեմում

Փետրվարի 8-ին Ստեփանակերտում, իսկ 11-ին Շուշիում մնջախաղի սիրահարները հնարավորություն ունեցան վայելելու Արցախում առաջին անգամ բեմադրվող արվեստի այս ճյուղը։ Գերմանացի մնջախաղաց Արթուր Բլոխը ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հրավերով էր Արցախում։ Առաջարկի մասին երկար չի մտածել, հավաքվել եւ իսկույն մեկնել է Արցախ։ Խուլ չորս դերասանների հետ Արթուր Բլոխն աշխատեց երեք ամիս։ «Ինձ համար դժվար էր Արցախում, քանի որ չգիտեմ ոչ հայերենը, ոչ էլ ռուսերենը։ Բոլորը խոսում են, ծիծաղում, իսկ ես ոչ մի բան չեմ հասկանում. այդպես էլ խուլերն են։ Մնջախաղը ինքնարտահայտման մի ձեւ է, եւ շատ կարեւոր է Արցախում արվեստի այս ճյուղի զարգացումը։ Զարգացման ամուր հիմքեր կան՝ տաղանդավոր խուլ դերասաններ»,- նշել է մնջախաղի վարպետ Ա․ Բլոխը։

Արցախի խուլ դերասաններն առաջին անգամ են հանդես եկել սիրողական էտյուդային ներկայացումներով։ Չորս դերասաններից միայն մեկն էր անցյալում խաղացել ներկայացումներում, մնացած երեքի համար մնջախաղը նոր աշխարհ էր, որում կարճ ժամանակում ընդգրկվեցին։ «Սխալ է խուլերին համր կոչել։ Իրենք ունեն լեզու։ Այլ հարց է, որ ոչ բոլորն են տիրապետում ժեստերի լեզվին»,- ասում է Ա․ Բլոխը։ Արթուր Բլոխին ներկայացման ընթացքում օգնել է մեր հայրենակից, դերասան Գենադի Առստամյանը։ Ստեփանակերտի բեմադրությունը կազմված էր երկու մասից։ Առաջին մասում հանդես եկան խուլերը, երկրորդում՝ Արթուր Բլոխն ու Գենադի Առստամյանը։ Նունե Իսախանյանը փոքրուց է խաղացել թատրոնում։ Բաքվի դպրոցում սովորելու տարիներին ոչ մի միջոցառում առանց թատրոնի չէր անցնում։ Սումգայիթի դեպքերից հետո տեղափոխվել է Արցախ: Եւ թատրոնին երկար տարիներ հրաժեշտ տված Նունեն նորից հնարավորութուն է ունեցել բարձրանալ բեմ։

«Բեմում ես ինձ զգում եմ, ինչպես ասում են՝ իմ ափսեի մեջ»,- նշում է Նունե Իսախանյանը։ Շուշիի Նարեկացի արվեստի միությունում բեմադրությունը կազմված էր միայն երկրորդ հատվածից։ «Մեզ մոտ թատրոնի եւ տիկնիկային թատրոնի խմբեր կան, եւ մենք ուզում էինք, որ մեր երեխաները թատրոնի այս ճյուղին՝ մնջախաղին նույնպես ծանոթանան»,- նշել է Նարեկացի արվեստի միության տնօրեն Հայկ Պապյանը։ Խուլերի միության թարգմանիչ Նազիկ Մուրադյանը նշում է, որ հասարակությունում ընգրկվելու առումով սա մեծ հնարավորություն է խուլերի համար (Արցախում կա 200 խուլ)։ «Ցանկալի է, որ Արցախում մնջախաղի դպրոց հիմնվի, որպեսզի մյուս խուլերը նույնպես հնարավորություն ունենան ընդգրկվելու»,- նշել է Ն․Մուրադյանը։ Հանդիսատեսն ընկալել է ներկայացման յուրաքանչյուր ժեստը։ Իսկ անկեղծ խաղը միայն ծիծաղ ու ոգեւորություն է առաջացրել։ Բեմադրության ընթացքում ստացած բավականությունը վերջում արտահայտվեց երկար ծափահարություններով։

1