Ժայռապատկերը՝ հնավայրում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ժայռապատկերը՝ հնավայրում

Ժայռապատկերը՝ հնավայրում

Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանի Հակարի գետի Աղավնո վտակի աջափնյա սարահարթերում շատ են մինչքրիստոնեական շրջանի բնակատեղիներ, որոնց հարևանությամբ կան դամբարանադաշտեր, ամրոցների ավերակներ, պատմական փարախներ, այլ նշանակության շինությունների ու պատերի հիմքեր: Այս օրերին հնագետները պեղումներ են իրականացնում Աղավնոյի աջափնյա Միրիկ գյուղի հյուսիսային կողմում գտնվող բլրի վրա գոյություն ունեցող կիկլոպյան ամրոցի ավերակներում: Վերջերս այնտեղ էի, ու հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու հետ եղանք գյուղի մոտակա սարահարթերում:

Մեզ ուղեկցում էին Միրիկի հարևանությամբ գտնվող Մոշաթաղի գյուղական համայնքի ղեկավար Սիրակ Սողոմոնյանը և Միրիկ գյուղի բնակիչ Նորայր Դանիելյանը: Այս հատվածում են գտնվում նշված գյուղերի խոտհարքերը, որոնք խորհրդային տարիներին մելորացվել են, ու շատ են վնասվել պատմական հնավայրերը: Այնուամենայնիվ պահպանված հուշարձանները տեղեկացնում են, որ հազարավոր տարիներ առաջ այս հատվածը եղել է բնակեցված, բնակիչներն զբաղվել են հիմնականում անասնապահությամբ: Նորայր Դանիելյանը ցույց տվեց մի բանակատեղի, որտեղ պահպանվել են 10-ից ավելի պատմական փարախներ՝ մոտակայքում դամբարաններ:

Այստեղից ուղիղ գծով մոտ 5 կմ արևելքում է Միրիկի ամրոցը: Հավանաբար փարախները պատկանել են նույն ամրոցին, որտեղ և վտանգի պահին պատսպարվել են մոտակա բնակավայրերի բնակիչները: Փարախների մոտ գտնվող մեծ քարերի վրա այն ժամանակ նաև փոսորակներ են արել, հավանաբար՝ որպես սանդ կամ ջրաման: Հնամենի բնակավայրից մոտ 1 կմ հեռու նման քարերից մեկի վրա ժայռապատկեր կա: Նորայրը գիտեր իր ասելով «քարտեզով քար»-ի տեղը: Նույն քարի մասին տեղեկացրել էր նաև Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգ դպրոցի զինղեկ Գալուստ Սահակյանը, ով առաջ աշխատում էր հողաշինարար և պատահաբար տեսել էր հուշարձանը: Քաշաթաղի ներկայիս շրջանում առայժմ միակ ժայռապատկերն է, որի մասին տեղեկություն ունեցանք:

Սա իսկական հայտնագործություն է: Գտնվում է ծովի մակերևույթից 1933 մ բարձրության վրա՝ 39,3953, 9 և 46, 17, 49, 6 կորդինատներում: Ժայռապատկերը քանդակված է 2,6×2,3 մ չափերքվ քարի վրա, ապա շարունակվում նեղ ու երկար մեկ այլ քարի վրայով ու վերջանում երրորդի սկզբում: Բացի պատկերից, քարերից առաջինի վրա կան 5 փոսորակներ, որոնցից մեկը սրտաձև է: Մյուս քարին 4 փոսորակներ են: Սրտաձև փոսորակ ունեցող քարի 4 եզրերի անկյունամասերում փոքր փոսեր, կլորավուն 2 պատկեր, այլ խորհրդանիշներ կան, որոնց նշանակության մասին համապատասխան մասնագետները եզրակացություն կանեն:

Հուշարձանը գտնվում է ձորակի եզրին: Հարավարևլյան կողմում պահպանվել են ձորից բարձրացող աստիճանների հետքեր: Նման պատկերներով քարեր կան Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի «ծննդավայրս» Սև սարի (3063 մ) մոտակա հնավայրում: Ըստ «Հայաստանի Հանրապետություն» հանրագիտարանի համահեղինակ, պատմաբան Սամվել Հակոբյանի՝ Սև սարի ժայռապատկերը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2700մ բարձրության վրա, քաղաքակրթության անձնագիրն է: Այստեղ ամբողջ աստղային քարտեզն է, որի վրա պատկերված է նաև Սևանա լիճը: Ի տարբերություն Միրիկի հուշարձանի՝ Սև սարի հնավայրում, որը գեղհովիտցիները համարում եմ աստղադիտարան, շատ են ժայռապատկերները, որոնց մի մասը գտնվում է բնական քարակույտերի «խնջիկների մեջ»: Այստեղ ևս քարերի մեջ սանդ-փոսեր կան: 2 ժայռապատկերներում նույնանման պատկեր-խորհրդանիշներ կան: Հավանական է՝ նույն ժամանակրջանի են, և նորահայտ ժայռապատկերը նույնպես երկնային քարտեզ է՝ մեծ փոսորակները՝ տարածքի լճակները: Ինչևէ, ժայռապատկերի նշանակության մասին մասնագետները պետք է ներկայացնեն, այժմ կարևորը, որ պահպանվի եզակի հուշարձանը:

Զոհրաբ Ըռքոյան

1