Ժամանակն է պետական մակարդակով նշել մայիսի 28-ը
Մայիսի 31-ին տեղի ունեցած ԼՂՀ Ազգային Ժողովի լիագումար նիստում «Դաշնակցություն» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
Մայիսի 28-ին Հայաստանը և հայությունը տոնում են Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց Ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:
Հանրապետության օրը ՀՀ-ում պաշտոնապես նշվում է 1992 թ., իսկ Արցախում 2001 թ. մայիսի 26-ից՝ ԱՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքի համաձայն:
Վեց դար հայ ժողովուրդը չէր ունեցել պետականություն և նրա վերականգնումը հսկայական նշանակություն ունեցավ մեր ժողովրդի համար: Եվ հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության և ազգի հարատևության սկիզբ դրեց երկրում: Առաջին հանրապետությունն արժեքային որոշակի համակարգի մարմնավորումն է, որն այժմ նույնպես խիստ անհրաժեշտ է մեր հանրապետությանն ու հասարակությանը։ Առանց Հայաստանի Առաջին Հանրապետության չէր կարող գոյություն ունենալ՝ ոչ խորհրդային Հայաստանը, ոչ վերանկախացած Հայաստանը։
Սակայն այսօր մենք այս կարևորագույն տոնի նկատմամբ չունենք պատշաճ հանրային վերաբերմունք: Հասարակության մեծ մասի մոտ այն ընկալվում է պարզապես ոչ աշխատանքային օր:
Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի շեմին կոչ ենք անում հանրությանը նորովի ընկալել մայիս 28-ը որպես անկախության, պետականության հռչակման, սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու և ազատության օր: Ժամանակն է Արցախի Հանրապետությունում ամեն տարի պետականորեն պատշաճ մակարդակով նշել համաժողովրդական այս տոնը: