Ժամանակի պահանջներին համընթաց քայլելու հրամայականով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ժամանակի պահանջներին համընթաց քայլելու հրամայականով

Ժամանակի պահանջներին համընթաց քայլելու հրամայականով

Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, «Տարան» ռազմահայրենասիրական ակումբի ղեկավար Վիտալի Ջհանգիրյանի անունը կրող Ստեփանակերտի համար 11 դպրոցը Ստեփանակերտում գործող ավագ դպրոցներից մեկն է: Կրթօջախն ունի մի կարևորագույն նպատակ՝ ստեղծել անհրաժեշտ պայմաններ աշակերտի ներդաշնակ զարգացման համար, դաստիարակել բազմակողմանի զարգացած, բարոյական բարձր հատկանիշներով օժտված անհատներ: Մշակութային, կրթական, սպորտային բազմաբովանդակ միջոցառումներն ու ծրագրերն ուղղված են գիտակ, կրթված ու դաստիարակված քաղաքացու ձևավորմանը:

Դպրոցի պատմությունը սկսվում է 1994թ., երբ համար 10 դպրոցի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար նոր դպրոցի բացման անհրաժեշտություն առաջացավ, ինչի հիման վրա Ստեփանակերտի գործադիր իշխանության ղեկավարի կարգադրությամբ և Ստեփանակերտի ժողկրթբաժնի որոշմամբ նախկին համար 8 մսուր-մանկապարտեզի շենքում հիմնադրվեց համար 11 միջնակարգ դպրոցը:

Դպրոցին հատկացված շենքը երկհարկանի էր և բաղկացած էր երեք մասնաշենքից: Այն 1975-1989թթ. գործել է որպես մանկապարտեզ: Արցախյան պատերազմի ժամանակ 1991թ. շենքում տեղակայվել է զինվորական ստորաբաժանում, ապա ժամանակավոր օթևանել են Գետաշենի և Շահումյանի փախստականները: Արցախյան պատերազմի տարիներին շենքը տուժել է ռմբակոծությունից:

Շենքի պայմանները բավարար չէին սովորողների ուսումնադաստիարակչական գործընթացը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար: Եվ 2010թ. հին շենքի հարևանությամբ կառուցվեց ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող տիպային դպրոցական շենք: Եռահարկ շենքը կառուցվել է «Թրփանճեան» ընտանեկան կրթական հիմնադրամի նվիրատվության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով՝ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անունը կրող դպրոցն ամենախոշորն է Հիմնադրամի երբևէ կառուցած դպրոցների շարքում, որն իր ընդհանուր մակերեսով  /3500 քառ. մ/ գերազանցում է նախկինում կառուցած դպրոցները և առանձնանում ճարտարապետական հետաքրքիր լուծումներով:

2009-2010 ուստարում միջնակարգ կրթօջախը ստացել է ավագ դպրոցի կարգավիճակ: Ըստ տնօրեն Աիդա Գրիգորյանի՝ ավագ դպրոցին անցնելը աշակերտներին հնարավորություն է տալիս հոսքային դասարաններում ստանալ խորացված ուսուցում, ավելի լայն շրջանակներով շփվել տարեկիցների հետ, ձևավորել վաղվա կյանքի քաղաքացի: Սակայն ընդունելության սահմանափակում չկա: Առկա է ծրագրերի ու դասագրքերի անհամապատասխանություն:

Դպրոցում աշխատել են և շարունակում են աշխատել փորձառու մանկավարժներ, «ԼՂՀ վաստակավոր ուսուցիչ» կոչման, պետական և կառավարական պարգևների ու շքանշանների արժանացած ուսուցիչներ, «Տարվա լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի հաղթողներ:

Իր գործունեության ընթացքում դպրոցն ունեցել է 1216 շրջանավարտ, ոսկե և արծաթե մեդալակիրներ, «Լավագույն աշակերտ» ամենամյա մրցույթի հաղթողներ, առարկայական օլիմպիադաների, տարբեր թեմաներով շարադրությունների, «Կենգուրու», «Մեղու», «Արջուկ» մրցույթների և «Արծվիկ» ռազմահայրենասիրական խաղի մրցանակակիրներ: Դպրոցը բազմիցս շնորհակալական հավաստագրերի  է արժանացել տարատեսակ մրցույթների կազմակերպման և անցկացման գործում ունեցած ներդրումների համար:

2006-2007 ուստարում կրթօջախը մասնակցել է «Լավագույն դպրոց» մրցույթին և արժանացել «Արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների լավագույն դրվածք»  անվանակարգին: 2010-2011 ուսումնական տարում նույն մրցույթում հ. 11 ավագ դպրոցը հաղթող է ճանաչվել և արժանացել «Տարվա լավագույն դպրոց» անվանակարգին:

Դպրոցը համագործակցում է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դպրոցների, համալսարանների, Սփյուռքի մի շարք կրթօջախների հետ (ԱրՊՀ, Մ.Մաշտոց համալսարան, Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան, Երևանի «Ա. Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր,   «Այբ»  կրթական հիմնադրամ, Լիբանանի Մեսրոպեան վարժարան, Բելգիայի Ֆլանդրիա նահանգի ֆլամանական դպրոց):

2013-2015թթ. անընդմեջ «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական մրցումներում դպրոցի թիմը գրավել է մրցանակային l տեղը:

ՊԲ շարքերում ծառայող դպրոցի շրջանավարտների բարձր կարգապահության և կատարողականության համար դպրոցը բազմիցս արժանացել է ԼՂՀ պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի շնորհակալական նամակներին:

Դպրոցի կողմից պարբերաբար կազմակերպվում են այցելություններ զորամասեր, Արցախյան շարժման մասնակիցներին նվիրված հուշ-ցերեկույթներ, սպորտային ու ինտելեկտուալ խաղեր զինծառայողների և դպրոցականների միջև:

Դպրոցի տնօրենի խոսքով՝ այժմ դպրոցի հիմնական խնդիրը «Արարատյան բակալավրիատ» /ԱԲ/ ծրագրին միանալն է: Արցախի միակ դպրոցն է, որ պատրաստվում է միանալ ծրագրին:

«Ծրագիրը հնարավորություն է տալիս անցկացնել միջազգայնորեն ընդունված քննություններ, որոնց արդյունքները ճանաչված են աշխարհում և հնարավորություն են ընձեռում աշակերտներին ընդունվելու ՀՀ կամ միջազգային որևէ բուհ առանց հավելյալ քննությունների կամ կրեդիտավորելու այդ քննությունների արդյունքները արտասահմանյան բուհերում»,- նշել է Աիդա Գրիգորյանը:

2014 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) Կրթության ինստիտուտի հետ, նախաձեռնեցին Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ)։ ԿԳԱԾի գաղափարը «Այբ» կրթական հիմնադրամինն է: Ծրագրով նախատեսվում է ավագ բաղադրիչ ունեցող դպրոցներում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու այլընտրանքային կրթական ծրագիր` Արարատյան բակալավրիատը, որն արդեն ճանաչվել է քեմբրիջյան Ա մակարդակներին (GCE A Level) համազոր, և պատրաստել ուսուցչական համայնք, որը կկարողանա դասավանդել այդ ծրագրի պահանջներին համապատասխան: Այս ամենի արդյունքում հայ երեխաները, սովորելով հայկական դպրոցներում, հայերենով, կստանան այնպիսի կրթություն, որն ընդունելի ու ճանաչելի կլինի թե՛ տեղական, թե՛ միջազգային բուհերի կողմից՝ առանց լրացուցիչ քննությունների անհրաժեշտության:

Տաթևիկ Աղաջանյան

1