Ժամանակակից հայի համակեցությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ժամանակակից հայի համակեցությունը

Ժամանակակից հայի համակեցությունը

Ընդհանրապես մարդկային գործունեության ծավալման կարեւոր նախապայմանը համակեցությունն է: Հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանի (ՀՀ եւ ԱՀ) բնակչության ավելի քան 97%-ը  հայեր են, բնականաբար, թեման հիմնականում վերաբերելու է հայերի համակեցությանը:

 Յուրաքանչյուր մարդ իր ամբողջ կյանքի ընթացքում հարկադրված է հաշվի առնել, որ իր կողքին ապրում եւ գործում են այլ մարդիկ` իրենց լավ ու վատ ցանկություններով, նպատակներով, հետաքրքրություններով:  Նույնը «տարածվում է» նաեւ յուրաքանչյուր ընտանիքի, ազգության, կուսակցության, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների վրա:

Համատեղ լինելու եւ գործելու վիճակով է պայմանավորված մարդկանց ու մարդկային խմբերի միջեւ առաջացող հակասություններն ու ընդհարումները:  Հարկադրված լինելով միաժամանակ միեւնույն տարածքում լինել ու գործել` մարդիկ եւ մարդկանց խմբերը, կախված իրենց շահերի համադրությունից կամ հակադրությունից, ստիպված են լինում մեկը մյուսի վրա ազդելու միջոցներ ու հնարավորություններ գտնել ու իրագործել: Ոմանք թշնամանում են, ոմանք՝ բարեկամանում, ոմանք հարմարվում են մյուսների թելադրանքին: Հիմնականում, այս հարաբերություններն անկայուն են. թշնամիները կարող են բարեկամներ դառնալ, բարեկամները` թշնամանալ, ուժեղները՝ թուլանալ, թույլերը` ուժեղանալ: Ինչպես մեր պապերն են ժամանակին ասել՝ «Այդպիսին է աշխարհի կարգը, այդպես եղել է, այդպես էլ կլինի»:

Մարդիկ, մարդկային խմբերը, պետությունները, ի սկզբանե ներքաշված լինելով համակեցության խառնաշփոթ իրադրությունների մեջ, ստիպված են եղել այսպես թե այնպես կարգավորել իրենց համատեղ ու միաժամանակյա գոյակցությունը:

Հակամարտությունը եւ ուրիշին ենթարկեցնելը դարերով եղել են ընդունելի, արժեքավոր եւ հիմնական ձեւերը: Բազմաթիվ արյունահեղ պատերազմներն ու ողբերգություններն աստիճանաբար մարդկությանը հանգեցրել են այն համընդհանուր գիտակցմանը, որ հակամարտությունը եւ հարկադիր ենթարկվածությունը պետք է դիտվեն որպես բացասական, անցանկալի երեւույթներ:

21-րդ դարում ապրող մարդկությունը դեռ չի ձերբազատվել հակամարտությունը որպես համակեցության ձեւ պահպանելուց: Դեռ չեն վերացել պատերազմներն ու արյունահեղությունները, տարածված են բռնություններն ու հակամարտությունները: Սակայն մարդկանց կողմից սրանք արդեն միարժեքորեն որակավորվում են որպես անընդունելի ու բացասական երեւույթներ: Հատուկ արժեք է ներկայացնում ազատությունն իր բազմաբնույթ ձեւերով: Որպես քաղաքակիրթ ձեւեր ընդունվում են միայն ազատ մրցակցությունն ու համագործակցությունը:

Ժամանակակից առաջավոր երկրները (ԱՄՆ, Ճապոնիա, մի շարք եվրոպական երկրներ) կարողացել են ստեղծել այնպիսի տնտեսական ու հասարակական համակարգեր, որոնց հիմքում ընկած է համակեցության կարգավորման ազատ մրցակցության ձեւը: Սակայն նշեք, որ եվրոպական մի շարք առաջատար երկրներ` Գերմանիան, Ֆրանսիան եւ Անգլիան, իրենց ղեկավարների «ձեռամբ» հայտարարել են, որ համակեցությունը տարբեր մշակույթ եւ կրոն ունեցող ազգերի միջեւ ձախողվել է: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեվիդ Կեմերոնը 2011թ. Մյունխենի անվտանգության համաժողովում խոստովանել է, որ մուլտիկուլտուրիզմի քաղաքականությունը տապալվել է:

Վերը նշված գերտերություններին սպառնացող վտանգը Հայաստանում հայ ազգին չի սպառնում: Հայաստանում համակեցության սպառնալիքները այլ բնույթի են: Անդրադառնանք հոգեւոր համակեցությանը:

 Հայտնի է, որ պետության անվտանգությունն ապահովում են ոչ միայն բանակը, կայուն եւ զարգացող տնտեսությունը, այլեւ ժողովրդի գաղափարական, մշակութային, բարոյահոգեբանական եւ հոգեւոր միասնությունը։ Ազգի ներքին պառակտումը դավանաբանական հիմքի վրա հանգեցնում է պետության անվտանգության թուլացմանը։

  Ներկայումս Հայաստանում (ՀՀ եւ ԱՀ) գրանցված են ավելի քան 70 կրոնական կազմակերպություններ եւ գործում են 200-ից ավել կրոնական խմբեր ու տնային «եկեղեցիներ»:

Վաղ անցյալից հիշենք, թե Օսմանյան Թուրքիայում ներքին կարգով ոնց էին խրախուսում հայ ժողովրդի դավանաբանական պառակտումն իրագործող միսիոներներին: Նրանք իրագործում էին թուրքական պետական հատուկ ծրագիր:

Կարճ ժամանակահատվածում Օսմանյան կայսրության բազմաթիվ հայկական գյուղական եւ քաղաքային համայնքներ տրոհվել են մի քանի դավանանքների` առաքելական, կաթոլիկ, ավետարանական եւ բողոքական։ Կրոնական միսիոներները իրենց հավատակիցներին վստահեցնում էին, որ նրանց սատար կկանգնեն, իսկ անհրաժեշտության դեպքում իրենց եկեղեցիներն ու պետությունները կպաշտպանեն թուրքական պետության բռնություններից: Սակայն, կյանքը ցույց է տվել, որ Օսմանյան Թուրքիայում տարբեր  տարիների կոտորածների եւ տեղահանությունների ժամանակ ոչ ոքի չեն խնայել: Մինչդեռ այնտեղ, որտեղ հայերը եղել են միադավան, հույսները դրել են իրենց վրա, դրսից օգնության ակնկալիք չեն ունեցել, գոնե քիչ զոհեր են տվել։

Այսօր էլ մեր փոքրիկ հայրենիքում, որի տարածքը կազմում է հայկական կենսատածքների 10%-ը, միսիոներների (այլ անվանումներով եւ առաքելությամբ) հոսքը չի դադարում: Աղանդավորների եւ այլ խորթ կրոնական կազմակերպությունների հավատացյալների բանակը օր-օրի ստվարանում է: Համակեցության հաջորդ խնդիրը վերաբերում է հասարակության  ներկայիս շերտավորումներին` ծայրահեղ աղքատներ, աղքատներ եւ հարուստներ:

Աղքատության մեջ` քծնի, վաճառվող, թշվառության մեջ` վախկոտ, դավաճան,

Հարստության մեջ` լկտի, չարախինդ, ե´ւ վրիժառու, ե´ւ ամբարտավան:

Զոհվում է լավը վատերի համար, եւ վատն ու չարը լլկում են, տանջում,

Մի բուռ լավերին այս վատ աշխարհում, ե´ւ կյանքի սրտում որոմն է աճում:

Մեծն Իսահակյանի այս խոհափիլիսոփայական զարմանահրաշ տողերը միայն բարձր դասարանի աշակերտների համար չի գրված, որ դժվարությամբ անգիր սովորեն:

 Մի՞թե հնարավոր է ներկայիս նման շերտավորված հասարակությունում, աղքատի հոգեբանությամբ լուրջ խնդիր լուծել: Իհարկե՝ ո´չ:

Աղքատության հաղթահարման միջազգային փորձը ցույց է տալիս, որ միայն տնտեսական աճ ապահովելով հնարավոր չէ մեղմացնել աղքատությունը,  տնտեսական զարգացմանը պետք է ներդաշնակվի սոցիալական, մշակութային, հոգեւոր եւ քաղաքական զարգացումը:

Արցախում աղքատության հաղթահարման խնդիրը, իմ համոզմամբ, պետք է լինի համայն հայության խնդիրը: Աղքատ երկրի զինվորը չի կարող Հայրենիք  պաշտպանել,  իսկ Արցախում բոլորն էլ զինվոր են` թե´ մեծը,  թե´ փոքրը:

Աղքատության հաղթահարման առաջին պայմանը աշխատատեղերի ստեղծումն է, իսկ կապիտալիստական հասարակարգում, որտեղ դրամն է տիրություն անում, աշխատատեղերի խնդիրը ածանցվում է դրան:

Ինչպես հայտնի է, նախկին ԽՍՀՄ-ում բոլոր քաղաքացիները ըստ Սահմանադրության (նաեւ` գործնականում) ապահովված են եղել աշխատանքով, որն էլ հանդիսացել է հասարակության աշխատավոր անդամների ապրուստի հիմնական եւ հուսալի միջոցը: Ըստ էության` սոցիալիզմի ժամանակ աշխատանքն ունեցել է հարկադիր բնույթ: Աշխատանքը ոչ այնքան քաղաքացու իրավունք էր, որքան անառարկելի սահմանադրական պարտականություն, որից խուսափելը դիտվում էր որպես հանցագործություն: Սոցիալիզմի ժամանակ օրենքով բացառվում էր նաեւ մարդու կողմից մարդու շահագործումը` նրա ցանկացած դրսեւորումներով: Շահագործումը դիտվում էր որպես հանցագործություն եւ պատժվում էր օրենքով: Իսկ կապիտալիզմի օրոք առանց շահագործումի անհնար է: Առանց շահագործման, այսինքն` առանց հավելյալ արժեքի ոչ մի ձեռներեց սեփականատեր արտադրություն չի ձեռնարկի: Հավելյալ արժեքի եւ դրա հիման վրա շահույթի ստացումը ոչ միայն անհրաժեշտ է արտադրություն կազմակերպելու, վերարտադրություն ապահովելու եւ ընդլայնվելու համար, այլեւ շուկայական տնտեսության կայացման կարեւորագույն պայմանն է: Այսինքն` շահագործումը սոսկ ձեռնարկատիրոջ քմահաճույքը չէ, այլ ավելի շատ նախապայման է: Ճշմարտություն է նաեւ այն, որ մասնավոր սեփականությունն է շահերի բավարարման բնական աղբյուրը, ուստի եւ տնտեսական առաջընթացի եւ բարեկեցության երաշխիքը: Սակայն պարզ է նաեւ, որ մասնավոր սեփականությունը շահագործում է ծնում, որն էլ հանգեցնում է շահերի բախման: Կապիտալիստական հասարակարգում շահերի բախումն անխուսափելի է: Մասնավոր սեփականության եւ շահագործման հետեւանքով հայ հասարակության մեջ առաջացել են բեւեռացումներ եւ հակամարտություններ: Հասարակությունը մասնատվել է շահագործողների եւ շահագործվողների, աղքատների եւ հարուստների, իսկ շահագործողների միջեւ առաջացած հակամարտություններն ու մրցակցությունը հասել է աղետալի աստիճանի: Աղքատների եւ հարուստների նման համակեցությունը, կարծում եմ, պետք է մտահոգի Հայոց իշխանավորներին:

Համակեցության հաջորդ խնդիրը իրավականն է:

Հայրենիքում հայությունը երկար տարիներ գոյատեւել է պարտադրված ենթարկվածության իրավիճակում եւ հարկադրված է եղել համակեցությունը կարգավորել հիմնականում ազգային ավանդույթների եւ սովորույթների միջոցով:  Հայ բնակչության մեջ դեռեւս չի ձեւավորվել առանձնակի հարգանք ու պատկառանք պետական օրենքների նկատմամբ, ինչն էլ խոչնդոտում է իրավական հասարակության ստեղծմանը:

Համակեցության հաջորդ խնդիրը, որն ամենակարեւորն է՝ համայնքային ապրելաձեւն է:

Հայկ Նահապետից սկսած մինչեւ Հայաստանի անկախացումը (անգամ Խորհրդային տարիներին), մենք՝ հայերս, ապրել ենք համայնքներով:  Իսկ ներկայումս …

Չնայած այն հանգամանքին, որ ԼՂՀ ՏԻՄ օրենքում մեծ լիազորություններ և արտոնություններ են տալիս համայնքներին, որոնք կարող են իրականացնել տեղական լիարժեք ինքնակառավարում: Բայց արդյո՞ք օրենքը եւ տեղական ինքնակառավարումը նպաստել են, որ ստեղծվեն լիարժեք կյանքով ապրող համայնքներ: Հարցադրումը ավելի հստակեցնենք`  մենք, դասական իմաստով, ապրու՞մ ենք համայնքներով: Իհարկե` ո´չ: Համայնքային կյանքով ապրել՝ պարզապես նշանակում է` լուծել «ես»-ի եւ «մենք»-ի փոխհարաբերակցության խնդիրը: Ավելի պարզ` համայնքի  յուրաքանչյուր անդամ ոչ միայն պետք է հոգա միայն իր եւ իր ընտանիքի անդամների մասին, այլ նաեւ ամբողջ համայնքի: Դրա դասական տարբերակը ուտոպիստ սոցիալիստների առաջարկած կոմունաներն են եղել, իսկ աղավաղված ձեւերը` կոլխոզներն ու սովխոզները:

Ներկայիս գյուղական համայնքներն ավելի շատ հիշեցնում են խորհրդային տարիներին կոլխոզից «խռոված» մենատնտեսների կամ «անհատականների» հանրությունը:   Շատ համայնքներում տեղական ինքնակառավարումը ձեւական բնույթ է կրում. համայնքի ավագանին հիմնականում սպասարկում է համայնքապետերին:  Համայնքի յուրաքանչյուր անդամի մտահոգությունը իր սեփականությունը արդյունավետ տնօրինելու  եւ դրանից շահույթ ստանալն է:  Եւ դրանում վատ բան չկա, եթե արդյունքում գյուղացիները ապրեն բարեկեցիկ, ինչպես օրենքն է «հորդորում»: Բայց իրականում…  Իրականում, հետզհետե ամայանում են մեր գյուղերը, անգամ այն գյուղերը, որոնք Արցախյան պատերազմի տարիներին ոչ միայն գոյատեւել ու մաքառել են, այլեւ հազարավոր փախստականների ու տեղահանվածների համար եղել են օթեւաններ ու փրկարար օջախներ: Այդպես է եղել, քանի որ մարդկանց մեջ եղել է հույսը, հավատը եւ, ամենակարեւորը, սերը:

Այցելելով ցանկացած գյուղ, կհամոզվենք, որ համայնքի անդամներին միավորող քիչ բան է մնացել:  Շատ համայնքներում բացակայում են ակումբները, գրադարանները, սպորտային դահլիճներն ու հրապարակները, որտեղ մարդիկ կարող են շփվել, հաղորդակցվել: Նման պայմանների եւ հանգամանքների պատճառով մենատնտեսները տարիների ընթացքում ձեռք բերելով «մենակյացի» հոգեբանություն (ի՞նչ կարող եմ ես անել մենակ), հանդիպելով բազմաթիվ խոչընդոտների (բյուրոկրատական քաշքշուկներ, ժամանակին չստացված վարկ, գյուղտեխնիկայի ոչ ժամանակին ձեռքբերում) եւ անհաջողությունների,  հիասթափվում են՝ կա´մ տեղափոխվում են քաղաք, կա´մ այնքան հողատարածք են մշակում, անասուն ու թռչուն պահում, որ բավարարի միայն իրենց կարիքները:

Վերեւում նշեցինք, որ ներկայումս համայնքի անդամներին միավորող քիչ բան է մնացել: Ժամանակին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն գրել էր. «Հայ Եկեղեցին շաղախ է հայ ազգության շենքը կանգուն ու անսասան պահող աշխարհի չորս ծագերից հասնող փոթորկաշունչ հողմերի դիմաց»: Հայոց Հայրապետի պատգամը մեզ հուշում է, որ պետք է վերականգնել 17 դար գոյատեւած եւ «Ավրորա» հածանավի հուժկու հարվածով փակված հայ քրիստոնյայի համայնքային կյանքը խորհրդանշող Ծխական խորհուրդները: Համայնքներում վերականգնելով հոգեւոր իշխանությունը, աշխարհիկ իշխանության հետ միասին կարելի է լուծել բազմաթիվ խնդիրներ: Իսկ թե ի՞նչ կտան Ծխական խորհուրդները եւ հոգեւոր իշխանության վերականգնումը, հարցին  պատասխանելու համար հիշենք Խամսայի մելիքությունների փառավոր անցյալը: Անհերքելի փաստ է, որ Արցախի մելիքությունների հզորությունը նախ եւ առաջ պայմանավորված է եղել  աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների միաբանությամբ: Նրանք համատեղ են լուծել երկրի առաջ ծառացած ցանկացած խնդիր` յուրաքանչյուրը կատարելով իրեն իսկ վերապահված գործառույթները, որոնք հստակ տարանջատված են եղել միմյանցից:  Եւ պատահական չէ, որ օտար բռնակալների  տիրապետության ժամանակաշրջանում Արցախը ոչ միայն կարողացել է պահպանել իր հայկականությունը, այլեւ կառուցվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողներ, վանքեր եւ եկեղեցիներ, դպրոցներ …

Ի հաստատումն նշվածների՝ կարող ենք բերել Արցախում անօրեն գործող աղանդավորների օրինակը: Նրանց «ֆենոմենի» իմաստը կայանում է համայնքային կյանքով ապրելու մեջ: Իհարկե, դրան նպաստում են նյութաֆինանսական  այն ահռելի միջոցները, որոնք աղանդները ստանում են արտերկրի տերերից, շրջանցելով մեր երկրի օրենքները: Զավեշտը կայանում է նրանում, որ աղանդավորականները համայնքային կյանքով ապրելը սովորել են այն քրիստոնեական  կազմակերպություններից, որոնցից շեղվել ու հեռացել են: Մենք էլ, հեռու մնալով աղանդավորներից, նշենք, որ մեզ համար խնդիր է` վերականգնել   Արցախի բոլոր համայնքների շաղախը հանդիսացող Ծխական խորհուրդները, որոնք ավելի քան 1700 տարի հայության մեջ պահպանել է հայկականությունը եւ քրիստոնեական սերը ցեղակիցների նկատմանբ: Նպատակահարմար է Ծխական խորհրդները ստեղծել  այն քաղաքային եւ գյուղական համայնքներում, որտեղ կան օծված եկեղեցիներ:  Դրանց թիվը Արցախում ավելի քան հիսուն է:

Համոզված ենք, որ մեր նախնիների համայնքային կյանքով ապրելու մեջ էր նրանց ուժը, որը գենետիկորեն փոխանցվել է մեզ: Ուստի դրա վերականգնումը, որպես համակեցության ամենակատարյալ կենսակերպի, կյանքի պահանջ է:

Աշոտ Սարգսյան

1