Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու ընթացքը չի փոխի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու ընթացքը չի փոխի

Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու ընթացքը չի փոխի

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության արձագանքին, նկատեց, որ դա նշանակում է, որ հայկական կողմի ճնշումը Թուրքիան հարկադրված զգում է և փորձում ինչ-որ բացատրություն տալ:

«Հետաքրքիր է, որ սեպտեմբերին ՀՀ նախագահի՝ ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ կհամարեն, եթե Թուրքիան մինչև ապրիլ ամիս գործուն քայլեր չձեռնարկի, իրենք անտեսեցին։ Հիմա, երբ կրկնեց ԱԳ նախարարը, իրենք պարտավորված զգացին արձագանքել, իսկ դա նշանակում է, որ իրենք ճնշումը հարկադրված զգացին և փորձում են ինչ-որ բացատրություն տալ»,-ասաց Մանոյանը:

Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ՝ Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին: Այս արձանագրությունները դեռևս Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարցերով հանձնաժողովի օրակարգում են: Դրանց վավերացման համար կարևոր է, որ նպաստավոր քաղաքական մթնոլորտը և խաղաղությունն ապահովվեն Հարավային Կովկասում»:

Կիրո Մանոյանի խոսքով՝ պարզ էր, որ ՀՀ-ի կողմից արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու պատրաստակամությունից հետո Թուրքիան փորձելու էր ցույց տալ, որ տեսեք՝ Հայաստանն է, մենք պատրաստ ենք, և այլն:

«Մենք՝ որպես Դաշնակցություն, իհարկե, դժգոհ չենք, որ Թուրքիան չի վավերացրել հայ-թուրքական արձանագրությունները և մենք էլ չենք վավերացրել, բայց իրենց չվավերացնելը ցույց է տալիս, որ իրենք այս բանակցություններում անկեղծ չէին: Դրա համար էլ անհրաժեշտ է, և մենք էլ միշտ բարձրաձայնել ենք, որ Հայաստանն առ ոչինչ է հայտարարում այդ արձանագրությունները, որովհետև Թուրքիայի պահվածքն անկեղծ չէր, այն իմաստով, որ իրենք փաստորեն ՀՀ-ի հետ հարաբերություններ հաստատելու նպատակ չունեին»,-ասաց նա՝ նշելով, որ այդ հայտարարություններն ուղղված են միջազգային հանրությանը և նրանց, ովքեր ուզում են հասկանալ, թե իրավիճակն ինչ է և Հայաստանին մեղադրեն, որ ՀՀ-ն էր առ ոչինչ հայտարարում:

ՀՅԴ քաղաքական գործչի խոսքով՝ այսօր ոչ իրավականորեն այդ արձանագրությունները չեն գործում և իրավականորեն էլ անհրաժեշտ է նաև դրանք առ ոչինչ հայտարարել:

«Այլապես ինչ-որ վտանգ ներկայացնում են. միջազգային իրավունքի մեջ, եթե պայմանագիրը ստորագրվել է, թեկուզ չվավերացված, նաև ինչ-որ կեցվածք ու պարտավորություն է ենթադրում, դրա համար անհրաժեշտ է, որ առ ոչինչ հայտարարվի»,-ասաց նա:

Չնայած Թուրքիայի նման արձագանքին, ըստ Կիրո Մանոյանի, արձանագրությունները չվավերացնելու ընթացքը չի փոխվում:

«Այսինքն՝ հույս ունեմ այդպես չի լինի, որ պատճառ հանդիսանա ՀՀ-ին իր վերջնաժամկետ դիրքորոշումից հետ կանգնել։ Բայց կարծում եմ, որ Նախագահն իր այդ հայտարարությունը վերատեսության կենթարկի, եթե օրինակ հունվարի 16-ին, կամ մարտի 23-ին, այսինքն` մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում մի օր Թուրքիայի խորհրդարանը հայտարարի, որ վավերացրեցինք»,-ասաց նա:

Իսկ թե հանձնաժողովում դրական եզրակացություն ստանալուց հետո եթե հարցը մտնի խորհրդարան, այդ դեպքում և՞ս ժամկետները երկարաձգելու միտում չի տեսում, Կիրո Մանոյանը նշեց, որ ոչ. «Այստեղ էլ օրակարգային հարց է, բայց մինչև ապրիլ ժամանակ կա»։

Ըստ նրա, չնայած դրան, այս հայտարարությունն էլ հիմք չի տալիս ենթադրել, որ Թուրքիան մտադիր է վավերացնել արձագանգրությունները:

«Այս հայտարարությամբ ասում է՝ մեր նպատակը եղել է ՀՀ-ի հետ հարաբերությունների նորմալացումը, միևնույն ժամանակ ասում են, որ նպատակն է Հարավային Կովկասում ստեղծել կայունություն և խաղաղություն՝ հիմնված Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա: Կարծում եմ՝ մինչև մարտի 31-ը նման իրավիճակ Հարավային Կովկասում չի ստեղծվի»,-եզրափակեց նա:

1