Թուրքիան անընդհատ ուղիներ է որոնելու միջամտելու Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Թուրքիան անընդհատ ուղիներ է որոնելու միջամտելու Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը

Թուրքիան անընդհատ ուղիներ է որոնելու միջամտելու Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը

«Բնականաբար, Թուրքիան անտարբեր չէ, թե՛ Նախիջևանի, թե՛ Ղարաբաղի հարցերում, որովհետև Բաքվի հետ բազմաթիվ ծրագրեր ունի: Էրդողանը նորից փորձում էր օսմանիզմի, պանթյուրքիզմի գաղափարը զարգացնել, իսկ այդ գաղափարի հիմքում է թյուրք ժողովուրդների հետ կապ պաշտպանելը: Բնականաբար, Նախիջևանը, Զանգեզուրը, Արցախը այդ ճանապարհին են: Ակնհայտ է, որ Թուրքիան ամեն ինչ փորձում է անել, որպեսզի Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում»,- նշեց Վահրամ Բալայանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Սոչիում հանդիպել են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Էրդողանը: Հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահն ասել էր. «Եռակողմ հանդիպման ժամանակ առիթ լինելու դեպքում Արցախի հարցը կրկին օրակարգ կբերեմ»։ Արցախի հարցի քննարկման մասին Էրդողանը խոսել էր նաև նոյեմբերի 13-ին Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպումից առաջ և հետո:

ԼՂՀ ԱԺ փոխնախագահը կարծիքով՝ Թուրքիան այժմ ակտիվացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորմանը մասնակցելու հարցը՝ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման պայմաններում:

«Մեզ համար վտանգավոր է Ռուսաստանի և Թուրքիայի միջև սերտ համագործակցությունը: Այդ պարագայում Հայաստանը միշտ տուժել է, տարածքային կորուստներ է ունեցել: Ճիշտ է, այս պահին նրանց միջև նման հարաբերություններ չեն, բայց պետք է չմոռանանք, որ Թուրքիան և Ռուսաստանն ունեն տնտեսական մեծ շահեր: Բնականաբար, տնտեսական համագործակցությունն իր հետ բերում է քաղաքական որոշակի շահեր: Այս տեսանկյունից, Էրդողանը ձգտում է հնարավորինս շատ բան կորզել»,- ասաց նա:

Ըստ նրա՝ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն այժմ այնպիսին չեն, որ Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերը զոհաբերվեն կայսերապաշտական ծրագրերի իրագործման համար:

Վահրամ Բալայանը համոզված է, որ Ռուսաստանը չի հանդուրժի Թուրքիայի մասնակցությունը արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: Ըստ նրա՝ ՌԴ-ն կձգտի ինքնուրույն արցախյան հիմնախնդրի ճանապարհները որոնել, ինչպես այժմ է անում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից դուրս ՌԴ-ն պարբերաբար առանձին նախաձեռնություններով է հանդես գալիս՝ նախագահների, արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ կազմակերպելով: Ըստ Բալայանի՝ Ռուսաստանն այդ նախաձեռնությունը ձեռքից բաց չի թողնի:

«Էրդողանը նաև միտք էր արտահայտել, որ տարածաշրջանում Արցախի խնդիրը լուծող ուժը Ռուսաստանն է: Իհարկե, նա քաջ գիտակցում է, որ Ռուսաստանը նախկին խորհրդային տարածաշրջանում գերիշխող դիրքում է, բայց մյուս կողմից էլ փորձում է առավելագույնը ստանալ այդ հանդիպումներից»,- նկատեց նա:

Վահրամ Բալայանի կարծիքով՝ մյուս համանախագահ երկրները՝ Ֆրանսիան և ԱՄՆ ևս չեն ցանկանա Թուրքիային տեսնել ՄԽ ձևաչափում, հատկապես ԵՄ-Թուրքիա և ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վատթարացման պայմաններում: Իհարկե, համանախագահ երկրներից բացի, փոխնախագահը նկատեց՝ այս հարցում իր տեսակետը պետք է արտահայտի նաև Հայաստանը:

1