Թոթափենք ստրկամտությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Թոթափենք ստրկամտությունը

Թոթափենք ստրկամտությունը

Յուրաքանչյուր պետական համակարգ քաղաքական առումով կարիք ունի պաշտպանության: Պաշտպանություն՝ նախ և առաջ արտաքին ներթափանցումներից, ապա ներքին ցնցումներից խուսափելու համար: Ռազմական ոլորտում վաղուց ապացուցված է, որ ուժի կենտրոնացումը մանավանդ քիչ ռեսուրս ունեցող համակարգերում կարող է աղետաբեր լինել և անցանկալի հետևանքներ ունենալ: Հայ ժողովրդի պատմության մեջ այս իրականությանն ականատես ենք եղել. հիշենք Վարդանանց ու Վահանանց պատերազմները և արդյունքները: Ավարայրի դաշտում գործնական պարտությունը ի վերջո Նվարսակի դաշնագրով վերածվեց համեմատական հաղթականի: Նույն իրողությանն ականատես ենք եղել նաև պատմության քաղաքական ոլորտում՝ Արցախի մելիքությունների պարագայում, երբ մելիքներն ունեցել են ապակենտրոն իշխանական համակարգ և կարողացել են փաստորեն պահել համեմատական ավելի ինքնիշխան կարգավիճակ: Թե’ ռազմական և թե’ քաղաքական ասպարեզներում ուժի կենտրոնացվածութունը ռիսկային տարրեր է պարունակում:

Հենց այդ սկզբունքից ելնելով է, որ աշխարհում այսօր ապակենտրոնացված կառավարման համակարգերն առավել արդիական են և գործնականում համարվում են հաջողված ու արդյունավետ:

Պետական համակարգում պատասխանատվության լայնորեն բաշխումը ենթադրում է յուրաքանչուր պետական օղակի պատասխանատվության բաժնի հատկացում: Պատասխանատվության հանձնումը համակարգի որևէ օղակի՝ տվյալ մասնիկի մոտ առաջ է բերում հանձնառության զգացում: Իսկ երբ հանձնառու ես որևէ գործի կատարման ուղղությամբ, պարտավոր ես պաշտպանել արածիդ իրավականությունն ու ճշմարտացիությունը:

Գալով մեր իրականությանը, փաստենք, որ խորհրդային կարգերից ժառանգված համակարգը գերկենտրոնացված է եղել: Չնայած այն հանգամանքին, որ խորհրդային հանրապետությունների սահմանադրությունները լայն իրավասություններ էին շնորհել խորհուրդներին, սակայն կոմունիստական կուսակցական ամենազորության մտայնությունն «հարցեր լուծելու» գործնական փորձը առ ոչինչ էին դարձնում թղթի վրայի օրենքները: Խորհրդային համակարգից ժառանգած հոգեբանությունը շարունակվում է մեր օրերում ևս տիրական մնալ: Չնայած նրան, որ բավականին բարձր գնով՝ արյամբ ենք նվաճել մեր երկրում ինքնիշխանության կայացման իրավունքը, սակայն ստրկամտության՝ «վերևի կենտրոնացված ուժի» ամենազորության պատրանքը այդպես էլ չենք կարողացել թոթափել մեր մտայնությունից: Եվ հենց այդ պատճառով ոչ կարողանում ենք լիարժեք պաշտպանված լինել և ոչ էլ ունենալ իրական ինքնիշխանություն:

Պետության ինքնիշխանությունը կարող է իրական դառնալ միայն այն պարագայում, երբ համակարգի յուրաքանչուր մասնիկի մոտ անկախության մտայնությունը արմատավորած է: Իսկ անկախությունը «վերևի կենտրոնացված ուժի» բացառմամբ միայն կարելի է արմատավորել:

«Ապառաժ»-ի խմբագրական, 31 հունվար 2017թ.

1