Թիրախը պարզ է, նահանջն` անթույլատրելի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Թիրախը պարզ է, նահանջն` անթույլատրելի

Թիրախը պարզ է, նահանջն` անթույլատրելի

Յուրաքանչյուր տարեմուտ առիթ է` մեկ անգամ եւս հաշվետվություն տալու, թե անցյալ տարվա ընթացքում յուրաքանչյուր անհատ կամ հավաքականություն ինչ հաջողություններ կամ ձախողումներ է գրանցել, կամ, ավելի պարզ, վերաիմաստավորել արածն ու չարածը:

 

Յուրաքանչյուր տարվա ավարտին` նոյեմբեր ամսից սկսած, ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցում նշվում են ՀՅԴ օրվա տոնակատարություններ: ՀՅԴ-ն 2013թ. դարձավ 123 ամյա կուսակցություն: Դաշնակցության օրվա տոնակատարություններին ներկայացնելով պատմական հոլովույթը` ավանդույթ է դարձել նաեւ ներկայացնել հաշվետվություն Դաշնակցության արածի եւ չարածի մասին: Դաշնակցությունը մարմանջ չունի ինքնագովասանքելու, դա փաստ է եւ պատմական իրողություն, դեռ ավելին` այսօրվա քաղաքական դաշտում հայտնված այլ նորելուկ գործիչների կամ կազմակերպությունների նման ուրիշի արածը իրեն վերագրելու եւ կամ գաղափարներ գողանալու:
Մենք ունենք մերը եւ թող հոխորտանք չթվա` պարծենում ենք մերով: Միշտ մեծահոգաբար ենք մոտենում նրանց, ովքեր մեր գաղափարի այս կամ այն հատվածներ, պատառիկներ ՙգողանալով՚ փորձում են իրենց հայտնությունը ներկայացնել:

 

Անկեղծ ասած, ներքուստ նաեւ հրճվանք ենք ապրում, որ ահա մեր գաղափարներից ու արածներից մի հատվածը եւս դարձավ այլոց սեփականությունը եւ համոզմունքը: Ինչեւէ, սա գաղափարական առանձնահատկության մասով:

 

Անցնենք գործին ու հաշվետվությանը` 2013-ը մեկ անգամ եւս փաստեց, որ Դաշնակցությունը գործի, առօրյա աշխատանքի եւ կենսունակ կուսակցություն է, հայ իրականության մեջ միակը, որը կա ամեն տեղ` որտեղ կա հայ եւ հայությանը վերաբերվող հարց ու խնդիր:

 

Սիրիա, ԱՄՆ, Ավստրալիա, Եվրոպա, Ռուսաստան, Լիբանան, Իրան, եւ, անշուշտ, Հայաստանի Հանրապետություն, Արցախ ու Ջավախք:
Սիրիայում ներկա ենք պատերազմի կիզակետում` որեւէ ջանք չխնայելով օժանդակություն տրամադրելու մեր հայրենակիցներին, Ամերիկայում Հայ Դատի, Հայոց ցեղասպանության հարցը Հայ Դատի հանձնախմբերի եւ կառույցի օրակարգում պահելով, Ավստրալիայում Արցախի նկատմամբ դրական ձեռքբերումներ ունենալով, Եվրոպայում քաղաքական կշիռ ներկայացնելով, թե° Ցեղասպանության եւ թե° Արցախի հարցերով հաջողություններ ապահովելով, Միջին եւ Մերձավոր Արեւելքի երկրներում հայկական համայնքների հոգսերն ու մարտահրավերները մեր ուսերին պահելով, Ջավախքում հայա-հայրենապահպանման առաքելությամբ, Հայաստանի Հանրապետությունում որպես ընդդիմություն, ամբիոններից եւ հասարակական-քաղաքակլան դաշտում ներկայության մեր բաժինն ունենալով եւ մեր խոսքը հնչեցնելով, իսկ Արցախում իշխանության մաս կազմելով եւ պատասխանատվության մեր բաժինը ստանձնելով:

 

ՀՅԴ-ն եւ ԼՂՀ-ն բնական դաշնակիցներ են Արցախի խնդրի լուծման պայքարի մեջ:
2013-ին, իրոք, տեսանք երկուստեք դաշնակցության իմաստը. Արցախի պետության զարգացման ուղղությամբ` Արցախի ներքին դաշտում, իսկ միջազգայնորեն ճանաչման ուղղությամբ` միջազգային բեմերում Արցախի իշխանությունների ներկայությունը ապահովելու առումով` արտաքին ճակատում:

 

Մենք խորը գիտակցումով եւ բաց աչքերով ենք նայում իրականությանը: Այո, մեր երկրում ծանր է սոցիալական, կենցաղային իրավիճակը: Կան անարդարության դրսեւորումներ եւ հատվածական շահադիտական մոտեցումներ:

 

Դաշնակցությունը տեսնում է դա, միաժամանակ լուրջ եւ ամենօրյա պայքար է մղում հոռի երեւույթների դեմ: Միգուցե իշխանությանը մաս կազմելու հանգամանքից ելնելով` ՙատամները սեղմելով ենք՚ դիմանում ցավին: Բայց Դաշնակցության կենսագրության 123 տարին վկայում է այն մասին, որ այդ պայքարը երբեք դադար չի ունեցել: Մենք համոզված ենք, որ մեր ժողովրդի հետ միասին պիտի հաղթահարենք դժվարություները:

 

Քանի դեռ հայ ժողովուրդն ունի դատ եւ բարեկեցիկ, բարգավաճ ապրելու իրավունք ու ցանկություն, Դաշնակցությունը ժողովրդի կողքին է. դա պայքար է: Եվ այս պայքարի առաջին դիրքերում եղել է եւ կա Դաշնակցությունը:

 

Լինենք իշխանություն թե ընդդիմություն, թիրախը պարզ է, նահանջը` անթույլատրելի: Թող Նոր տարին բոլորիս համար լինի նորանոր հաջողությունների եւ ձեռքբերումների տարի:
Շնորհավոր Նոր տարի

 

1