Թե ինչ եղավ, երբ Տիգրանիկը Ռուսաստան թռավ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Թե ինչ եղավ, երբ Տիգրանիկը Ռուսաստան թռավ

Թե ինչ եղավ, երբ Տիգրանիկը Ռուսաստան թռավ

Փոքրիկ գյուղում Տիգրանիկին գիտեին բոլորը: Մի բուռ մարդիկ են, ամոթ էլ չէ՞, որ իրար չճանաչեն: Մի ժամանակ գյուղը մեծ էր, բնակչությունը` շատ: Բայց ժամանակի ու բարքերի բերումով փոքրացավ, դարձավ անմխիթար, երիտասարդները չվեցին դեպի տաք ռուսաստաններ: Հիմա դատարկ տների թիվն ավելի շատ է, քան իրենք` բնակիչները:

Տիգրանիկը միջակ սովորող էր, հատուկ շնորհքով ու գիտելիքներով չէր փայլում դպրոցում, թեև մայրը ծնողական ժողովների ժամանակ անընդհատ բողոքում էր. «Սովորում է, չի սովորում` 3-4 եք դնում, բա երեխուն էդպես կկոտրե՞ն, երեխուն պիտի թև տաք…»: Դպրոցում արդեն անգիր գիտեին այդ բողոքը, և ծնողական ամեն մի ժողովի գնալուց առաջ դասղեկն ինքնաբերաբար ծանոթ երգի պես քթի տակ կրկնում էր այն:

Այդպես էլ դպրոցում Տիգրանիկին ոչ ոք թև չտվեց, բայց արի ու տես, որ մի օր նա մեծացավ, ինքն իրեն թև առավ ու թռավ Ռուսաստան:

— Գնացել է փող աշխատելու, ուզում է գա հայրական տունը շենացնի, հրե՜ն տանս պատը քանդվում է, ո՞վ պիտի դրա հոգսը քաշի: Խեղճ երեխաս էստեղ կարգին աշխատանք չգտավ, գնաց ընկավ Ռուսաստանի ձորերը, — ախ ու վիշ էր անում մայրը:

— Հը, Տիգրանիկը ո՞նց է, ձեն-ձուն չի հանում, հարմարվե՞ց Ռուսաստանում,- որոշ ժամանակ անց հարցրեց հարևան Սաթիկը:

— Է՜, Տիգո, ի~նչ Տիգո, ո՞վ կարող է հիմա Տիգոյիս հետ ոտք չափի: Փողին փող չի ասում, գալոստիկը վզին, ջիպը տակին, տուն-տնամեջն էլ երկու անգամ չես նայի:

— Բո՜, Էդ ի՞նչ գործով է զբաղվում մեր Տիգրանիկը, որ էդպես Տիգո է դառել:

— Ես ի՞նչ իմանամ, իմ ի՞նչ գործն է, կարևորը՝ որ ոտքը պնդացրել է արդեն:

— Հա՜, վերջում էլ մի ռուսի կհանդիպի, կմնա էնտեղ, քեզ էլ կտանի:

— Չէ մի չէ, խի՞ ես մեռած եմ, որ տղաս ռուս հարս բերի տունս: Իմ հացը խլեբ չի դառնա՝ լավ իմացիր

Այսպես Տիգրանիկը հաստատվեց Ռուսաստանում: Տաս տարի գյուղի երես չտեսավ: Ձմռան ամիսներին մայրը գնում էր տեսակցության և վերադառնում` գովեստի պարկը շալակին. «Տիգոյիս պես չկա՝ գալոստիկը վզին, ջիպը տակին…»:

Մի օր հարևանուհուն ասաց.

— Երկու օրից Տիգոս գալիս է, հարսիս բերում է ծանոթացնի, էս ամառ շախով-շուխով հարսանիք կանենք:

— Մալադեց տղա, բա աղջիկը ո՞ր կողմերից է:

— Էնտեղից է:

— Էնտեղի հա՞յ է:

— Բայց դա ի՞նչ կապ ունի՝ հա՞յ է, թե հայ չէ: Ես հո հետամնաց չեմ, որ նման հարցեր տամ. կարևորը՝ իրար սիրում են:

— Հողեմ գլուխդ, դե կգնաս խլեբ ուտես,- քթի տակ ասաց հարևանը:

— Ի՞նչ:

— Ոչ մի բան, ասում եմ՝ երևի գյուղովի մեծ հարսանիք կանեք:

— Ի՞նչ գյուղ, Ռուսատանում ենք անելու, Ռուսատանում:

— Ուզու՞մ ես ասել, որ մենք հետամնաց մարդիկ ենք, հա՞:

— Չէ, բայց հո ռուսի պես զարգացած չեք: Տիգոյիս հարսանիքին էնքան գալոստիկով մարդիկ են գալու, որ չեղած: Ամո՞թ չի էդ մարդկանց ասենք, թե գյուղում է Տիգոն պսակվում:

Երկու օրից Տիգրանիկ-Տիգոն եկավ գյուղ: Սև ջիպով անցավ գյուղամիջով և գլխով բարևեց կանգնած մարդկանց:

— Էս Տիգրանիկը չի՞: Բա խի՞ մեքենայից չիջավ, 10 տարի դաս եմ տվել, — ասաց մաթեմատիկայի ուսուցիչը վիրավորված:

Մայրը տղայի պատվին ժենգյալով հաց էր թխել: Երբ սեղան նստեցին, հյուսիսային հարսնացուն ասաց.

1 Тигран, что это?

2 Это… зеленный хлеб, — այսպես թարգմանեց  Տիգոն, ում համար արդեն ամեն բան կանաչ էր:

Уфф, не хочу, давай пиццу закажем, — հարսը քիթը կնճռոտեց:

Տիգրանիկը քահ-քահ ծիծաղեց:

4 Օքեյ, օքեյ, զակաժեմ, — ասաց անգլոռուսախոս դարձած Տիգոն:

Հաջորդ օրը առավոտյան մայրը արդուկեց տղայի կոստյումը, որ հագնի ու իջնի գյուղամեջ:

— Մամ, գալոստիկս չե՞ս կապի, — կոստյումը հագնելով` ասաց տղան:

— Վայ, բալա ջան, ես ո՞ր օրվա գալոստիկ կապող եմ, հարսիկդ թող կապի:

— Չի կարողանում, մամ… Հիմա ի՞նչ անեմ, առանց գալոստիկ իջնեմ գյուղամեջ, մարդիկ ի՞նչ կասեն:

— Ամոթ է, ամոթ է: Սպասի, գնամ հարևան Սերժիկին կանչեմ՝ գա կապի: Գյուղապետարանում է աշխատում, գուցե իմանա՞ ձեւը:

Սերժիկը գլուխն օրորեց ու ասաց, որ կյանքում «էդ գործն արած չկա»:

— Պահոոոո, ուրիշի կանչի,-  բողոքեց Տիգոն:

— Սպասի՝ գնամ Սիրուշին կանչեմ. չորս տղա է մեծացրել, գալոստիկ կապած կլինի:

Էն, որ Սիրուշը 4 տղա էր մեծացրել, դա ճիշտ էր, բայց, որ գալոստիկ կապել չգիտեր, էդ ավելի ճիշտ էր:

— Բա ի՞նչ անեմ, — նեղսրտվեց մայրը:

-Խի՞ ես սրտնեղվում, — հուսադրեց Սիրուշը, — Առստամյանին խնդրի՝ գա կապի. գյուղապետ մարդ է, ամեն օր գալոստիկով է գործի գնում:

— Վայ, ես քո արևը կծեմ, ճիշտ ես ասում:

Րոպե չանցած՝ Առստամյանը ներկայացավ:

Տիգոյի գալոստիկի հարցը համարվեց լուծված: Առստամյանն իրենից գոհ-գոհ հարցրեց.

— Տղա ջան, Ռուսաստանում ի՞նչ գործի ես:

-Սեփական բիզնես ունեմ, դաչա, մեքենա, աշխատողներ…

— Հա~…

— Պարոն Առստամյան, ինչպե՞ս դուրս գամ ձեր լավության տակից: Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել գյուղին:

— Ապրես, շատ ապրես, որ էդքան շնորհք ունես: Դե, գյուղում մեծացած երեխա ես, պիտի գյուղի հոգսերին տեղյակ լինես: Ինչպես տեսնում ես`մանկապարտեզ չունի գյուղը, ակումբի շենքը փլման ենթակա է, մի նորմալ բուժկետ չունենք և նման այլ խնդիրներ, որոնց լուծումը ակնկալում է քեզպեսների աջակցությունը:

— Ես մի բան կանեմ, անպայման գյուղի համար մի հովանավոր կգտնեմ, հանգիստ կացեք:

— Ապրես, տղա ջան, շատ ապրես:

— Դուք էլ ապրեք, պարոն գյուղապետ, որ դուք չլինեիք, ո՞վ պիտի Տիգոյիս գալոստիկը կապեր. երեսներս պարզ արիք, — ժպիտը դեմքին ավելացրեց մայրը:

Առստամյանի հեռանալուց հետո մայրը Տիգոյին զգուշացրեց:

— Գյուղի մարդկանց շատ գլուխ չդնես: Ականջիդ մեկը խուլ պահիր: Գյուղացի մարդիկ են, ի՞նչ գիտեն, թե ինչ է կատարվում ռուսաստաններում: Դրանք մենակ ուզողություն անել գիտեն:

— Գիտեն, թե փողը մենակ ակումբ-մանկապարտեզ շինելու համար է, — Տիգոն նայեց հայելու մեջ եւ հիացավ ինքն իր տեսքով:

…Սա Տիգրանիկի առաջին այցն էր հարազատ գյուղ: Ապա այն դարձավ վերջինը: Դրանից հետո գյուղացիք Տիգոյի երեսը չտեսան: Երկու տարի հետո մայրն էլ տեղափոխվեց Ռուսաստան: Հիմա հայրական տունը դատարկ է, հարևան Վալոդն է տանը նայում: Մի անգամ հեռախոսով կապվել էր Տիգոյի հետ ու հարցրել.

— Բալա ջան, բա հայրական տանդ պատը փլվել է, ի՞նչ անենք. կու՞զես մի քիչ փող ուղարկի, մի մարդ վարձեմ՝ շինի, ափսոս է:

— Չէ, դյադ Վալոդ, ինչի՞ս են պետք էդ պատերը, տունը քեզ փեշքեշ, կուզես պահի, կուզես`քանդի-ծախի, կուզես`գոմ շինիր:

— Լավ, Տիգո ջան, դե որ էդպես է, ուրեմն կով-մով կպահեմ մեջը:

— Ոնց սիրտդ տա, Վալոդ դյադ, — Տիգոյի ձայնը մարեց հեռախոսում…

Հերմինե Ավագյան

1 Տիգրան, ի՞նչ է սա

2 Դա… Կանաչ հաց է,

3 Ուֆֆ, չեմ ուզում, արի պիցցա պատվիրենք,

 4 Օկ, Օկ, կպատվիրենք…..

1