Թե ինչպես պետք է ամրագրել Սահմանադրության մեջ պետության տարածքային ամբողջականությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Թե ինչպես պետք է ամրագրել Սահմանադրության մեջ պետության տարածքային ամբողջականությունը

Թե ինչպես պետք է ամրագրել Սահմանադրության մեջ պետության տարածքային ամբողջականությունը

Ինչպես որ սպասելի էր` Արցախի նոր Սահմանադրության նախագծի հրապարակման պահից հասարակական լայն հնչեղություն ստացած և ամենաշատ քննարկվող հարցերից դարձավ, այսպես ասած, տարածքների ամրագրման խնդիրը:

Ինչպես և այլ դրույթներ, այս հոդվածի նոր փոփոխված տարբերակը խնդրահարույց դարձավ, և հասարակության մեջ որոշակի հարցադրումներ առաջացան: Փորձենք հասկանալ, թե Սահմանադրության մեջ ինչու և ինչպես է պետք ամրագրել, այսպես ասած, Արցախի տարածքները, իսկ եթե ավելի ճիշտ ասենք՝ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, արդյոք դա անհրաժեշտ է և ինչպես է նպատակահարմար անել:

Այս հարցերին հստակ պատասխանելու համար պետք է սկսել սկզբից, այսինքն` փորձենք հասկանալ ինչ է պետության տարածքն ընդհանրապես և իրավական ինչ կատեգորիա ունի: Այսպիսով, պետության տարածքը երկիր մոլորակի մի մասն է, որը գտնվում է որոշակի երկրի ինքնիշխանության ներքո: Պետության տարածքի մեջ մտնում են ցամաքը՝ իր ընդերքով, ցամաքի ջրերը և օդային տարածությունը: Ջրային տարածքը կազմում են ներքին կամ ազգային ջրերը և տարածքային ջրերը, այսինքն` համաշխարհային օվկիանոսի ջրերի այն մասը, որը կցված է պետության ցամաքային տարածքին 12 ծովային մղոն հեռավորության վրա: Սա պետության տարածքի ընդհանուր բնութագրումն է, այսպես ասած` որպես աշխարհագրական կատեգորիա: Իսկ այժմ տեսնենք, թե իրավաբանորեն ինչ նշանակություն ունի պետության տարածքը: Նախ պետք է նշել, որ տարածքը պետության հիմնական հատկանիշներից է: Որպես իրավական կատեգորիա՝ ընդունված միջազգային իրավունքում, պետության տարածքը բնութագրվում է հետևյալ կերպ՝ տվյալ պետության ինքնիշխանության ներքո գտնվող երկրագնդի մակերևույթի որոշակի հատված: Տարածքը այլ պետություններից բաժանվում է սահմանով: Այն ընդգրկում է ցամաքը, ներքին ջրերը, ընդերքը, տարածքային ջրերը և դրանց վրա գտնվող օդային տարածությունը:

Իսկ սա նոր Սահմանադրության նշված դրույթն է. Արցախի Հանրապետության հանրային իշխանությունն իրականացվում է այն ողջ տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:

Նախքան այլ հարցերին անցնելը` նշեմ, որ հանրային իշխանություն տերմինը տվյալ դեպքում ոչ նպատակահարմար է: Սա, իհարկե, վերցվել է Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրությունից, ինչը ՀՀ-ում նույնպես բազում հարցադրումններ առաջացրեց, քանի որ փաստացի պետական իշխանություն դրույթը փոխարինվել է հանրային իշխանությամբ: Սա մեզ համար նպատակահարմար չէ, քանի որ մենք պետք է նշենք մեր պետության ինքնիշխանության և պետական իշխանության մասին:

Ինչպես տեսնում ենք` պետության տարածքի նկարագրության ժամանակ հստակ ընդգծվում է պետության ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ մասին: Իսկ ահա մեր նոր Սահմանադրության, ինչպես նաև գործող Սահմանադրության մեջ չգիտես ինչու նշվում է ոչ թե ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ մասին, այլև ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅԱՆ մասին:

Որպեսզի ավելի հասկանալի լինի, բացատրեմ երկուսի բնույթը: Պետության ինքնիշխանությունը հակիրճ կարելի է բնութագրել հետևյալ կերպ. իշխանության գերակայությունը ներքին գործերում և իշխանության անկախությունը արտաքին հարաբերությունններում: Այսինքն՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ամբողջությունը և գերակայությունը իր տարածքում, որը բացառում է օտար երկրների ենթակայությունը, այդ թվում` միջազգային հարաբերություններում:

Իսկ ինչ է պետության իրավազորությունը. դատական և ադմինիստրատիվ մարմինների իրավունքն է գործերի քննման և վճռման` համաձայն իրենց իրավասության: Միջազգային իրավունքում տարբերվում են տարածքային և անձնական իրավազորություններ: Առաջինն իրականացվում է որոշակի տարածքի սահմաններում. իր տարածքում պետությունն ունի լիարժեք իրավազորություն, բացառությամբ` միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: Անձնական կամ ազգային իրավազորությունն իրականացվում է պետության կողմից իր քաղաքացիների նկատմամբ, որոնք գտնվում են իր սահմաններից դուրս, օրինակ` բաց ծովում, ինքնաթիռում, տիեզերքում և այլն:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ հստակ կարող ենք ասել, որ նոր Սահմանադրության տվյալ դրույթն ընդհանրապես պետք է վերախմբագրել, և այստեղ խնդիրը ոչ թե տարածքների նշման կամ սահմանների ընդգծման հարցն է, այլև հենց մեր պետության պետական ինքնիշխանությանը հարցականի տակ դնելը:

Ինչ վերաբերվում է ընդհանրապես պետության տարածքների ամրագրմանը Սահմանադրության մեջ և դրա անհրաժեշտությանը, ապա միջազգային փորձն ուսումնասիրելով հասկանում ենք, որ պետության տարածքների ամրագրման մասին առանձին դրույթ ոչ բոլոր, նամանավանդ առաջադեմ երկրների Սահմանադրություններում է նշված: Սա կարելի է բացատրել նրանով, որ պետությունը, իրականացնելով ինքնիշխանություն, ինքնին ենթադրում է, որ դա իրականացնում է իր ամբողջ տարածքում: Անհնար է, որպեսզի պետությունն իրականացնի ինքնիշխանություն կամ նույնիսկ իրավազորություն ունենա տարածքի մի մասում: Պետությունն այդ իրավունքով օժտված է իր ամբողջ տարածքում, այդ թվում նաև` բռնազավթված տարածքներում: Սակայն որոշակի երկրներ, հիմնականում տարածքային վեճեր ունեցող, նշում են պետության տարածքային ամբողջականության և դրա անքակտելիության մասին:

Արդյոք պետք է ամրագրվի մեր երկրի տարածքային ամբողջականությունը նոր Սահմանադրության մեջ: Միանշանակ` այո: Սակայն դա պետք է անել այնպես, որպեսզի վտանգի տակ չդրվի մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու պետական ինքնիշխանությունը:

Ինչպես նաև պետք է հստակ նշվի պետության տարածքների կարգավիճակի փոփոխության անհնարինության մասին, կամ որոշակի մեխանիզմներ նախատեսել դրա փոփոխման դեպքում, այդ թվում նաև` ադմինիստրատիվ պատկանելության համար: Այդ մեխանիզմները պետք է միանշանակորեն ներառի հանրաքվեն:

Վահե Հարութունյան

1