Թե ինչու է Արցախի հանրային հեռուստատեսությունը խուսափում Դաշնակցություն բառից
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Թե ինչու է Արցախի հանրային հեռուստատեսությունը խուսափում Դաշնակցություն բառից

Թե ինչու է Արցախի հանրային հեռուստատեսությունը խուսափում Դաշնակցություն բառից

Հայ Հեղափոխական Դաշնակցության  Արցախի երիտասարդական միությունն  արդեն ավանդույթ է դարձրել ՙՊիտի գնանք` վաղ, թե ուշ՚ խորագրով ինտելեկտուալ խաղի անցկացումը: Այն մինչ օրս կազմակերպվել է Արցախի բուհերի թիմերի, երիտասարդական կազմակերպությունների միջև հիմնականում ազգային տոն օրերին: Այս խաղը յուրօրինակ ձև է` երիտասարդության մեջ արթուն պահել ամբողջական Հայաստանի գաղափարը:

 

 

Հունվարի 31ին ԼՂՀ N զորամասում ՀՅԴ ԱԵՄ-ը կազմակերպել է ՙՊիտի գնանք` վաղ, թե ուշ՚ խորագրով հերթական ինտելեկտուալ խաղը: Խաղը նվիրված էր Արցախյան շարժման 25 և բանակի կազմավորման 21-րդ ամյակներին: Խաղին մասնակցում էին զինվորներից կազմված 6 թիմեր, յուրաքանչյուր թիմ բաղկացած էր 6 հոգուց:
Խաղի բնույթը հետեւյալն է` գծելով ամբողջական Հայաստանի քարտեզը և նշելով քաղաքները, յուրաքանչյուր թիմի տրված ճիշտ պատասխանի դեպքում թիմը ՙազատագրում է՚ նշված քաղաքը և առաջ է շարժվում դեպի վերջնակետ` դրոշ դնելով Արարատի գագաթին: Ճանապարհը սկսվում էր Արցախից դեպի Ջավախք, այնուհետեւ Արևմտյան Հայաստան ու Նախիջևան, և վերջում եռագույնը ծածանվում է Արարատ Սուրբ լեռան գագաթին:

 

 

ՙՆերկայումս շատ միջոցառումներ են կազմակերպվում բանակ-հասարակություն կապը ամրապնդելու համար, բանակը այսօր թափանցիկ է բոլորի համար: Ողջունելի են նման միջոցառումների կազմակերպումը: Ընդհանրապես մարտական խնդիրը կատարելու համար մեզ անհրաժեշտ է բարոյակամային, ինտելեկտուալ բարձր հատկանիշներով օժտված զինվորներ՚,-նշեց զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Լեռնիկ Ասրյանը:
Խաղի ընթացքում հնչեցին տարբեր բնույթի հարցեր` տրամաբանականից մինչև ռազմարվեստ: Զինվորների ոգևորությունը ակնհայտ էր:

 

 

ՙՉէի սպասում, որ այսպես կազմակերպված ու հետաքրքիր կլինի: Շատ հավանեցի խաղը: Կարծում եմ` ձևաչափն էլ շատ տեղին է ընտրված: Երբ տեսա միասնական Հայաստանի քարտեզը և խաղի ոճը, այն ավելի ինձ դրդեց պայքարելու: Այսպիսի խաղեր պետք է կազմակերպվեն բոլոր զորամասերում, որովհետև այն օգնում է միավորվելու, միասին քննարկումներ կազմակերպելու, իհարկե միմյանցից նոր բաներ սովորելու: Բանակին անհրաժեշտ է ինտելեկտ, առանց դրա ոչ մի զինվոր չի կարող արդյունավետ օգտագործել իր տեխնիկան՚,-ասաց N զորամասի մոտոհրաձգային գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Խաչատրյանը:
Հաղթող թիմ ճանաչվեց ՙՀաուբիցա՚ թիմը` փայլուն պատասխանելով գրեթե բոլոր հարցերին` առաջինը իր դրոշը դրեց Արարատի գագաթին: Հաղթող թիմին ՀՅԴ ԱԵՄ-ի կողմից շնորհվեցին նվերներ:

 

 

Հաղթող ՙՀաուբիցա՚ խմբի ավագ, կրտսեր սերժանտ Վարդան Գևորգյանի խոսքերով` նման խաղերը նախ ինտելեկտուլ կարողությունն են մեծացնում և, նաև, օգնում են սովորել թիմային աշխատանք տանել: Դա բանակում կարևոր պայմաններից է:

 

 

N զորամասի հրամանատար Ժիրայր Պողոսյանը խոստացավ հաղթող և երկրորդ տեղ զբաղեցրած թիմերին կիրակի օրը մեկ օրով արձակուրդ տրամադրել:
ՙՄիջոցառումը նվիրված էր բանակի կազմավորման 21-ամյակին և շարժման 25-ամյակին: Այս կերպ ևս մեկ անգամ փորձեցինք մոտ գտնվել հայ զինվորին, որպեզի նա զգա թիկունքի ջերմությունն ու կարևորությունը : Միջոցառմամբ մենք փաստեցինք, որ հզոր, ուժեղ զինվոր` նշանակում է, ոչ միայն զինված զենքով, այլև` գիտելիքներով՚,- նշեց ՀՅԴ ԱԵՄ վարիչ մարմնի ներկայացուցիչ Վահագն Դադայանը:

 

 

Խաղից հետո ԱԵՄ-ի անդամները ծանոթացան զորամասի առօրյաին, տեխնիկային և ճաշեցին զինվորների հետ:

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

 

 

Հ.Գ.  Այս միջոցառումը լուսաբանել է Արցախի հանրային հեռուստատեսությունը: Հեղինակը չի նշել , թե ով կամ  ովքեր են այս միջոցառման կազմակերպիչները: 

Երիտասարդը, ով ռեպորտաժում խոսում է միջոցառման նպատակի եւ նշանակության մասին, ում չեն նշել, տեղեկացնում ենք` ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Վարիչ Մարնի ներկայացուցիչն է ` Վահագն Դադայանը: 

Ի դեպ, սա առաջին անգամ չէ: ՀՅԴ ԱԵմ-ի ձեռնարկած մի շարք միջոցառումներ, ԱՀ-ն ներկայացրել է <<մի խումբ երիտասարդների>>, <<Արցախի երիտասարդների>> կողմից նախաձեռնություն:

Հորդորում ենք լինել օբյեկտիվ եւ անկողմնակալ:

 

ՀՅԴ ԱԵՄ Լրատվական հանձնախումբ

Ներկայացնում ենք ԱՀ-ի պատրաստած ռեպորտաժը

 

 

 

 

 

1