‹‹Թեվանիկ›› -ը՝ հաջողության ճանապարհին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ‹‹Թեվանիկ›› -ը՝ հաջողության ճանապարհին

‹‹Թեվանիկ›› -ը՝ հաջողության ճանապարհին

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հրավերով՝  հոկտեմբերի 23-31-ը  Բելգիայի եւ Հոլանդիայի մի քանի քաղաքներում  ցուցադրվեց  Ջիվան Ավետիսյանի  ‹‹Թեվանիկ››  ֆիլմը:

 

Ցուցադրություններին ներկա էին ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Բրյուսելյան  ցուցադրությունների ժամանակ դահլիճում ներկա էին նաեւ  կինոգետներ, պրոդյուսերներ, որոնք հետաքրքրված էին ֆիլմով եւ Ջիվան Ավետիսյանի աշխատանքներով:

 

Բացի ֆիլմի ցուցադրությունից, տեղի են ունեցել նաեւ հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, անդրադարձել Արցախի մշակութային կյանքին:

 

Aparaj.am-ի հետ զրույցում ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ ֆիլմը մեծ հուզմունքով է ընդունվել թե հայ, թե օտարերկրացի հանդիսատեսի կողմից, նրա համոզմամբ՝ սա լավ առիթ էր, որպեսզի կարողանանք  Արցախը  ներկայացնել նաեւ այլ տեսանկյունից:

 

‹‹Կարծում եմ՝ ֆիլմի ցուցադրությունից հետո կմեծանա թե հայ, թե օտարազգի հանդիսատեսի հետաքրքրությունը Արցախի նկտամամբ››, — նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը:

 

Փոխնախարարի  կարծիքով՝  ֆիլմի հաջողության գրավականներից մեկն այն է, որ բացի պատերազամից՝ այն նկարագրում է 1990-ականների արցախյան կենցաղը.

 

‹‹ֆիլմում  ներկայացվել է ավանդական Արցախը:  Ֆիլմի արցախյան բարբառով լինելը, գյուղական տեսարանները, ապրելակերպի նկարագրությունները նույնպես հանդիսատեսի մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել: ֆիլմում միայն պատերազմի տեսարաններ չեն,  այլ նաեւ  առանձին ներկայացվում են մի քանի մարդկային ճակատագրեր. այս ամենը  ֆիլմին հաջողություն բերեց:

 

‹‹Թեվանիկ››-ը դիտվեց եւ սիրվեց թե հայ,  թե օտարերկրյա հանդիսատեսի կողմից››,- նշեց նա:

 

‹‹Թեվանիկ››  ֆիլմը  հայ-լիտվական համատեղ արտադրանք է, այն արդեն արժանացել է բավականին մրցանակների,  ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում: Վերջերս Չինաստանի Սիան քաղաքում կայացած  «Մետաքսի ճանապարհ» միջազգային կինոփառատոնի ժամանակ ստացավ «հանդիսատեսի համակրանք» մրցանակը : Այն արժանացել է նաև այլ մրցանակների: 

1