Թալիշի ջոկատի տղաները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Թալիշի ջոկատի տղաները

Թալիշի ջոկատի տղաները

Չինական տեխնոլոգիաներով կառուցված տնակի փոքրիկ սենյակում կողք-կողքի տեղավորվել էին Թալիշի ջոկատի տղաները։ Զրույցը չի ստացվում. տղաները քչախոս են։ Ինչ-որ չափով՝ հիասթափության «մատն» էլ էր խառը։Չէին ուզում խոսել ոչ լավի, ոչ վատի մասին։ Ի վերջո, տարիքով ամենամեծը՝ Էդուարդ Իսախանյանը, ճեղքեց պենոպլաստե պատերի ներսում կախված լռությունը։

Մինչեւ 1980-ական թվականները սահմանամերձ Թալիշում ադրբեջանցիները չոբանություն էին անում։ Որոշ ժամանակ անց չոբաններից մեկը Թալիշում հողատարածք պահանջեց տուն կառուցելու համար։ Թալիշի այն ժամանակվա գյուղապետը դա լսելուն պես հեռացրեց աշխատանքից բոլոր ադրբեջանցիներին եւ կարգադրեց սահման փորել Ադրբեջանի հետ։

1988 թվականից սկսած՝ երբ սկսվում է Արցախյան շարժումը, լեռնաշխարհի բոլոր սահմանային գյուղերում ստեղծվում են ինքնապաշտպանական ուժեր: Թալիշի սահմանների պաշտպանության համար գյուղում կազմավորվում են աշխարհազորային խմբեր: Թալիշեցի երիտասարդներն Արցախում առաջիններից էին, ովքեր համախմբվելով՝ ստեղծեցին ինքնապաշտպանական ջոկատներ: Իրենց ծննդավայրին, իրենց զավակներին ու ծնողներին պաշտպան կանգնած տղաներին արձագանքեցին նաեւ հայաստանաբնակ թալիշցիները, որոնք եկան սատար կանգնելու իրենց եղբայրներին ու քույրերին, հայրենի հող ու ջրին:

«Այն տարիներին զենք միայն ջոկատի մի քանի անդամ ունեին։ Ով ինչ հարմար գործիք ուներ ինքնապաշտպանվելու համար՝ վերցնում էր: ՀՅ Դաշնակցության շարքերն ընդունվելուց հետո նման խնդիր չունեինք»,- հիշում է Էդուարդ Իսախանյանը։

Թալիշի տղաները 4 տարի շարունակ կռվեցին, գոյության պայքար տվեցին թշնամու դեմ, բայց անկարող եղան պաշտպանելու դարավոր գյուղը՝ իրենց պապերից ժառանգած հողն ու ջուրը:

1992 թվականի հունիսի 16-ի կեսօրին ընկավ Թալիշը՝ Ղարաբաղի ամենախոշոր գյուղերից մեկը: Այդ օրը շատ շատերը երդվեցին վրեժ լուծել, երդվեցին պայքարել մինչև վերջ, որպեսզի հետ գրավեն:

«Շահումյանի գրավումից երկու օր անց դիրքերում էինք։ Տղաներից մեկը վազելով եկավ, թե գյուղը չկա, բոլորը փախել են,- զրույցին է միանում Անդրանիկ Սեդրակյանը,- Այն ժամանակ կապ չկար, եւ շատերի ընտանիքներն առանց տղամարդկանց զգուշացնելու հեռացել էին»։

Անդրանիկը հիշում է, որ ջոկատի որոշ անդամներ շտապեցին իրենց ընտանիքներին գտնելու։ Մյուսները գյուղում մնացին եւս մի քանի ժամ։

Մատաղիսից ինքնաթիռով շահումյանցիներին էին տեղափոխում։ Տղաները նույնպես գնացին Երեւան։ Քիչ ժամանակ անց միացան Վազգեն Սարգսյանի «Մահապարտներ» ջոկատին։

«Գյուղից 21 հոգի էինք։ Շուրջ մեկ ամիս մարտական պատրաստություն ստանալուց հետո երդվեցինք Եռաբլուրում եւ մեկնեցինք Արցախ՝ տարբեր ուղղություններով»,- պատմում է Էդուարդ Իսախանյանը։

Արցախյան պատերազմի տարիներին Ղարաբաղի պաշտպանության բանակին զինվորագրվեցին եւ թշնամու դեմ մարտի ելան թալիշեցի 250-ից ավելի ազատամարտիկներ՝ կատարելով բազում սխրանքներ ու հերոսություններ: Թալիշի ազատամարտիկները պայքարեցին՝ ընդգրկվելով մահապարտների «Արծիվ-1» գումարտակում, Շահումյանի պարտիզանական ջոկատում, «Թալիշ» գումարտակում եւ Ղարաբաղի Պաշտպանության բանակի տարբեր զորամիավորումներում:

1994 թվականի ապրիլի 9-ին սկսվում է Արեգասարի ռազմագործողությունը, որի ընթացքում հայկական ուժերը փայլուն զորարշավով թշնամուց գրեթե լիովին ազատագրում են Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան հատվածը:

Ապրիլի 13-ին սկսվում է Թալիշի ազատագրման օպերացիան: «Եղնիկների» ու լեգենդար 5-րդ բրիգադի համատեղ օպերացիայի շնորհիվ 1994 թվականի ապրիլի 14-ին ազատագրվում է Թալիշը։

Լիովին ավերված գյուղը երկու տարվա գերությունից հետո ազատ շունչ է քաշում:

«Հետաքրքիր էր այն տարիները։ Ճիշտ է, էլի պատերազմ էր, բայց այսօրվա պատերազմի նման չէր»,- ասում է Անդրանիկը։

Գյուղի ազատագրումից երեք ամիս հետո ժողովուրդը վերադարձավ Թալիշ։ Տղաները պատմում են, որ մինչեւ 2014 թվականի օգոստոսը կրակոցները սահմանափակվում էին դիրքերում։

 «Պատերազմ տեսած ժողովուրդ էինք, մտածեցինք՝ կպատահի։ Շարունակեցինք մեր համար հանգիստ ապրել»,- ասում է Սամվել Ավանեսյանը եւ նշում սակայն, որ գնալով վիճակը սկսեց լարվել։

«Ամբողջ գիշեր երեխայիս հետ դրսում կանգնեցի՝ այն հույսով, որ լույսը բացվելուն պես կրակոցները կդադարեն։ Առավոտյան ավելի ուժեղացան։ Հասկացանք, որ գյուղի թիկունքից են խփում։ Մերոնք  էլ ոչինչ չարեցին,- նշում է Արցախյան պատերազմի ժամանակ մի քանի անգամ վիրավորված Էդուարդը և շարունակում,- երբ դու քո երեխային ծածկում ես մարմնովդ, որ բեկոր հանկարծ չկպնի․․․Ոչ մեկին ոչ ուզում եմ տեսնել, ոչ խոսել, ոչ էլ հավատում եմ, որ լույս կբացվի։ Ճիշտ է, չեմ կարողանում ամեն ինչ իրենց դեմքներին ասել՝ իմանալով որ վաղը կարող է վատ լինել ինձ համար, բայց այդ գիշերվա ապրածիս համար նրանք են պատասխանատու։ Բոլորիս ապրումների համար նրանք են պատասխանատու․․․»։

Թալիշն ազատագրած տղաները վստահ էին, որ թշնամու կրակոցն անպատասխան չի մնա։ Նույնիսկ՝ ավելին։ Ոչինչ չարեցինք։ Պարտվեցինք։

«Այսօր ես չեմ կարողանում գնալ իմ տունը, ծնողներիս գերեզմանը։ Թալիշի 800 հեկտարը կորցնելով՝ մենք կորցրինք ամբողջ Թալիշը․․․»,- ասում է Էդուարդը։

Տղաները թերահավատությամբ են վերաբերում Թալիշի վերաբնակեցման ծրագրին։

«Չգիտեի վեց ամսական երեխուս հանեի, թե ծեր հորս։ Մի քանի ամսից էլ 4-րդ զավակս է ծնվելու։ Ու՞ր գնամ: Ո՞նց ապրնք այնտեղ»,- ասում է  Սամվել Ավանեսյանը:

Տղաներն ապագան չեն տեսնում։ Իշխանություններից էլ հույս չունեն։

«Եթե երկրիս ղեկավարությունն ասում է, որ չի երաշխավորում իմ անվտանգությունը, ապա չեմ հասկանում՝ ո՞վ պետք է երաշխավորի, ո՞վ է պատասխանատու։ Բա ինչի՞ համար են ստանձնել այս երկիրը կառավարելու պատասխանատվությունը»,- ասում է Էդուարդ Իսախանյանը։

Թալիշի ջոկատի տղաներն այսօր իրենց ընտանիքներով ապրում են Ալաշան տեղամասում։ Մեկը ճամբարատանը, մյուսը՝ բաղնիքում, երրորդը՝ նոր տեխնոլոգիաներով կառուցված տնակում։ Ապրիլի կեսերին շահագործման կհանձնվեն եւս 20 տնակ։ Երբ ասացի, որ պետությունն այդ տնակներն իրենց համար է տեղադրում, որ հարմար ապրեն, Էդուարդն իր հանգիստ ձայնով մի հարց ուղղեց  միայն․ «Ինչո՞ւ բաճկոնդ չես հանում. գարուն է չէ՞, արեւը շողում է»։

Ցուրտ էր․․․

Լուսինե Թեւոսյան

1