Ընդունվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ընդունվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքը

Ընդունվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքը

ԼՂՀ Ազգային ժողովը մայիսի 31-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակներից պատգամավոր Հովիկ Ջիվանյանը նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պատգամավորների կողմից ներկայացվել է 95 առաջարկություն, որոնց մի մասը, հիմնականում խմբագրական բնույթի, ընդունվել են: «Օրենքի նախագիծը լրացվել է մի կետով, որով առաջարկվել է հանձնաժողովների նախագահներին տալ մեկական վճարովի օգնականների հաստիքներ, որոնք պետք է նախատեսվեն ԱԺ աշխատակազմի հաստիքացուցակով»,- ավելացրել է ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը:

Նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակության բաժնում ելույթ ունեցած պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի մտահոգությունը վերաբերում էր հանրապետության նախագահի գրանցման և առաջադրման հարցերին:

Պատգամավոր Վահրամ Բալայանը նշել է, որ նախագծի վերաբերյալ շահագրգիռ քննարկումներ են կազմակերպվել: ««Դաշնակցություն» խմբակցությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է 30 առաջարկություն, որից 16-ն ընդունվել են, 5 առաջարկությունների վերաբերյալ որոշակի բացատրություն է տրվել, որը մեզ համար սպառիչ է եղել, 9 առաջարկություն չի ընդունվել»,- նշել է Վահրամ Բալայանն ու ավելացրել, որ «Դաշնակցություն» խմբակցության կարևոր առաջարկներից մեկը եղել է խորհրդի առաջարկը, որն ինչ-որ ձևով իր արտահայտությունն է ստացել 5-րդ հոդվածում, որում ասվում է. սույն հոդվածի 2-րդ մասի 18- 29-րդ կետերով նախատեսված լիազորություններն /խոսքը վերաբերում է ԱԺ նախագահին/ իրականացվում են Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցություններում քննարկվելուց հետո՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները: «Հաշվի առնելով վերոնշյալը, նաև այն հանգամանքը, որ ժամանակի ընթացքում մնացած առաջարկները օրենսդրական նախաձեռնությունների միջոցով հնարավոր կլինի շտկել, խմբակցությունը կողմ կքվեարկի նախագծին»,- հավելել է Վահրամ Բալայանը:

Օրենքի նախագծին կողմ են արտահայտվել «Հայրենիք», «Ժողովրդավարություն», դեմ՝ «Վերածնունդ» խմբակցությունները:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի հանրապետության օրենքի նախագիծն ընդունվել է 27 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:

1