Էլիտար շենքի «լյուքս» պայմանները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Էլիտար շենքի «լյուքս» պայմանները

Էլիտար շենքի «լյուքս» պայմանները

Ստեփանակերտի Հովհաննես Թումանյան 121 հասցեում գտնվող բազմահարկ շենքը քաղաքի շինություններից առանձնանում է ոչ միայն իր կառուցվածքով, այլեւ «խճճված» ճակատագրով եւ «լյուքս» պայմաններով։

Բարձրահարկ բնակելի շենքի մի հատվածը՝ 66 բնակարան ունեցող Թումանյան 111«ա»-ն, շահագործման է հանձնվել 2010 թվականին՝ բարերար Սեյրան Կարապետյանի միջոցներով, շենքի մյուս հատվածի՝ Թումանյան 121-ի շինարարությունը պատվիրել է Արցախի ներդրումային հիմնադրամը՝ 66 բնակարանների մի մասը հիպոթեքային վարկային ծրագրով, մյուս մասը սոցիալական ծրագրերի շրջանակում համապատասխան ընտանիքներին տրամադրելու նպատակով։

2013 թվականին կայացած վիճակահանության արդյունքում որոշ ընտանիքներ ստացել են էլիտար տների բանալիները, իսկ 23 բազմազավակ ընտանիք այլ ելք չունենալու պատճառով փոխադրվել է շահագործման չհանձնված, չգազաֆիկացված, մութ ու ցուրտ էլիտար շենք։

Լոգանքի ժամանակացույց

«Երկուշաբթին Սաթենիկի լողանալու օրն է, երեքշաբթին՝ Արմանի, չորեքշաբթին՝ իմ․․․»,- վեց երեխաների մայր Արֆենյա Խաչատրյանը ներկայացնում է տան յուրաքանչյուր անդամի լոգանքի ժամանակացույցը։ Էլիտար շենքի չգազաֆիկացված լինելու պատճառով ինչպես Խաչատրյանների, այնպես էլ շենքում բնակվող մյուս 22 ընտանիքների անդամները լողանում են էլեկտրական կրակարանի վրա տաքացրած ջրով։ Լողանալու ջուրը տաքանում շուրջ մեկ ժամում՝ լվացքի համար նախատեսված ջրի տաքացման ու ճաշ պատրաստելու արանքում։

IMG_0538

Իր սիրունությամբ տարբերվող էլիտար շենքը գազաֆիկացնելու են միայն շենքի շահագործման հանձնելուց հետո, քանի որ՝ ոչ լրիվությամբ բնակեցված շենքում գազաֆիկացում անցկացնելը վտանգավոր է։

IMG_0437

Բնակարաններ առանց կահույքի

Եթե Արցախում նախկինում բազմազավակ ընտանիքներին տրամադրվող բնակարանները կահավորված էին, ապա Թումանյան 121-ի բազմազավակ ընտանիքների բնակարանները բացառություն են։ Գրեթե բոլոր տների մի անկյունում խնամքով շարված են մինչեւ առաստաղը հասնող ներքնակները։ Երեկոյան այդ «մահճակալները» կողք-կողքի դասավորվում են գետնին։

IMG_0556

«Ամուսինս երկու մահճակալ է կարողացել բերել, հիմա երեխաները հերթով փոխում են իրենց քնելու տեղը, այդպես շաբաթը երկու անգամ ամեն մեկս քնում ենք մահճակալի վրա»,- պատմում է Նարինե Շահնազարյանը։

IMG_0492

Մարզանք՝ վտանգավոր աստիճանների երկայնքով

Շինարարական մեկ կազմակերպությունից մյուսին փոխանցված 10 հարկանի՝ Հ․Թումանյան 121 շենքում մինչ օրս վերելակ չի գործում։ Ինչպես ասում են բազմազավակ ընտանիքների բնակիչները՝ ամենօրյա մարզանքը իրենց կյանքի անբաժան մասն է դարձել, այն էլ՝ ոչ անվտանգ․ շենքի  աստիճաններին բացակայում է ճաղաշարքը։

IMG_0564

«Ամեն օր ստիպված ենք հիշեցնել երեխաներին, որ աստիճաններով իջնել-բարձրանալուց  պատի կողմում լինեն»,- ասում է 10-րդ հարկում բնակվող Լաուրա Սարգսյանը։

Պատուհանը միշտ բաց, առաջին հարկում ապրողները միշտ սիրով են ջրով հյուրասիրում վերեւի հարկերից անբարեկարգ բակ խաղալու իջած երեխաներին։

Թագավորող խավար

Թումանյան 121 շենքի բնակիչները 19:00-ից հետո ժամանած հյուրերին որպես կանոն դիմավորում են բակում՝ լուսարձակը ձեռներին։ 10 հարկ ունեցող շենքի միջանցքները լուսավորված չեն։ Այդպես շենքի մեծ ու փոքր բնակիչներն ունեն իրենց լուսավորող սարքը, որը միշտ իրենց մոտ է։

Զբոսանք այլ բակերում

Առաջին հարկում բնակվող Ալյոնա Դադամյանը շենքի երեխաների զբոսավարն է։ 8 ամսական Սեպուհին զբոսանքի տանելուց անպայմանորեն իր հետ է տանում նաեւ շենքի մյուս երեխաներին։

22140041_1519038401509443_714956463_o

«Շենքում ապրող երեխաների ծնողներն առավոտից իրիկուն աշխատանքի են լինում, այդ պատճառով բոլորին հավաքում ու տանում եմ հարեւան շենքերի բակ, որոնք բարեկարգված են եւ ունեն խաղահրապարակներ,- պատմում է Ալյոնա Դադամյանը։

Նախագահին ուղղված նամակը

Հունիսին Հ․Թումանյան 121 շենքի բնակիչները նամակով դիմել են Հանրապետության նախագահին՝ խնդրելով անձամբ այցելել եւ սեփական աչքերով տեսնել կիսատ-ծվատ շինարարությունը եւ համապատասխան հանձնարարականներ տալ՝ գազաֆիկացնել շենքը, աշխատեցնել վերելակը, կարգի բերել միջանցքները եւ բարեկարգել շենքի բակը։

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով՝ այժմ կառավարությունը վերահսկում է Հ․Թումանյան 121 շենքի կառուցման աշխատանքների ընթացքը, սակայն շենքի բնակիչները էական փոփոխություններ չեն տեսնում։

IMG_0617

«Մենք հասկանում ենք, որ շենքը դեռեւս կառուցման փուլում է, սակայն կուզեինք ապրել ժամանակակից պայմաններով բնակարաններում,- ասում է Լաուրա Սարգսյանը եւ նշում, որ հույս ունեն՝ շուտով կստանան իրենց նամակի պատասխանը։

Լուսինե Թեւոսյան

1