Զորավար Անդրանիկ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Զորավար Անդրանիկ

Զորավար Անդրանիկ

«Ամեն օր գլուխդ բարձին դնելուց առաջ մտածիր՝ ի՞նչ ես արել այսօր ազգիդ համար». Անդրանիկ զորավարի այս մարգարեությունը հրատապ է առայսօր:

Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին Արևմտյան Հայատանի Գարահիսար քաղաքում, հյուսնի ընտանիքում: 18 տարեկանում նա ձերբակալվում է իշխանությունների կողմից՝ մի թուրք ժանդարմի ծեծելու համար: Բանտից փախչելուց հետո Անդրանիկն ապրել է Կոստանդնուպոլսում: Տեղեկանալով, որ հարազատ վայրերում ապստամբական շարժում է ծավալվել թուրք ստրկացնողների դեմ, Անդրանիկը վերադառնում է Արևմտյան Հայաստան և ներգրավում թուրք բռնակալների դեմ  հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարում:

Զենք հայթայթելու նպատակով Անդրանիկը մեկնում է Կովկաս և Ղրիմ: Վերադառնալով Արևմտյան Հայաստան, նա անդամագրվում է հայտնի ֆիդայի Աղբյուր Սերոբի ջոկատին և շուտով դառնում ապստամբ ջոկատների ճանաչված մարտական ղեկավարը: Կարճ ժամկետում Անդրանիկը միավորում է Սասունի գավառի բոլոր ապստամբ ջոկատներին և արդեն 1904 թվականին ղեկավարում էր Սասունի ապստամբությունը: Թուրքական զինվորական ստորաբաժանումները ծանր հրանոթներով պաշարել էին Սասունի լեռները, որտեղ ամրացել էին ապստամբները: Սակայն գյուղացիները  Անդրանիկի ղեկավարությամբ մի շարք փայլուն հաղթանակներ տարան թուրքական զորքերի գերակշիռ ուժերի նկատմամբ: Սուրբ Առաքելոց վանքի հերոսական պաշտպանությունը, Տարոնի, Վասպուրականի, Սասունի կռիվները լայն ճանաչում բերեցին Անդրանիկին, նրան դարձրին արևմտահայ ազատագրական շարժման ոգին:

1906 թվականին Անդրանիկը Բուլղարիայի Վառնա քաղաքքում էր, ուր փնտրում էր թուրք զավթիչների դեմ պայքարի ուղիներ: Այստեղ նա ակտիվորեն  մասնակցեց 1912 թվականի բալկանյան առաջին պատերազմին: Բոլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Բալկանյան պատերազմին:

Գալով իշխանությունների գլուխ, երիտթուրքերը շարունակում էին իրագործել ցեղասպանության հրեշավոր ծրագիրը: Հայաստանի ճակատագրի հանդեպ ռուսական ցարական կառավարությունն ու եվրոպական երկրներն անտարբեր էին: Նրանք հետապնդում էին իրենց իմպերիալիստական նպատակները: Անդրանիկը Թիֆլիսում հայ կամավորականներ է հավաքագրում՝ Կովկասյան ճակատում կռվելու համար: Այստեղ նրա մարտական ջոկատների թիվը հասնում է 1000-ի: Հայ հասարակությունը ազատագրական պայքարի հույսեր էր կապում Անգրանիկ անվան հետ: 1914 թվականին Անդրանիկի ջոկատը Թիֆլիսից ռազմաճակատ է մեկնում: Հայ կամավորականները հաջողությամբ էին կռվում Արմտյան Հայաստանում: Անդրանիկը ռուսական հրամանատարությունից Գեորգիևյան խաչ է ստանում: Նա հաջողությամբ էր կռվում Խանասորում, Վանում: Վանա լճի ափին տարած հաղթանակի համար Անդրանիկը պարգևատրվում է երրորդ աստիճանի Գեորգիևյան խաչով:

1915 թվականին նա արդեն կորպուսի հրամանատար էր: Սակայն Կովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարի հրամանով հայ կամավորական ջոկատները ցրվում են, որովհետև դարձել էին միապետության համար վտանգավոր ուժ:

Անդրանիկի ջոկատը մեծ դեր է խաղացել Զանգեզուրի պաշտպանության, նրա բնակչության անվտանգության ապահովման գործում: 1918 թվականին Անդրանիկն իր ջոկատով շարժվեց դեպի Ղարաբաղ: Սակայն անգլիական օկուպանտները չթողեցին մտնել Ղարաբաղ, խոստանալով Ղարաբաղի և ողջ հայության հարցը լուծել Փարիզի խաղաղության կոնֆերանսում: Սակայն Ղարաբաղի հարցն այդպես էլ մնաց չլուծված:

Հիասթափվելով անգլիացիների երկդիմի քաղաքականությունից, Անդրանիկը ջոկատն արձակեց և Թիֆլիսով անցավ արտասահման: Արտասահմանում եղած ժամանակ էլ՝ Բուլղարիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում, Անդրանիկը շարունակում էր իր հայրենասիրական գործունեությունը:

Հայ ժողովրդի մեծ զավակը վախճանվեց 1927 թվականի օգոստոսին՝ Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում, որտեղից նրա աճյունը տեղափոխվում է Փարիզ՝ Պեր–Լաշեզ գերեզմանատուն, իսկ հետագայում ՝ Հայաստան:

Այսօր էլ դաշնակցական ակնառու գործիչ Անդրանիկի կերպարը մեզ համար ոգեշնչող խորհրդանիչ է, ազգային- ազատագրական պայքարի նվիրյալ առաջամարտիկ:

Լ. Բաղրյան

1