Զորավարժություններն ինչ-որ տեղ ուղերձ են Հայաստանին և Իրանին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Զորավարժություններն ինչ-որ տեղ ուղերձ են Հայաստանին և Իրանին

Զորավարժություններն ինչ-որ տեղ ուղերձ են Հայաստանին և Իրանին

Տարածաշրջանում ծավալվող իրադարձությունները միայն Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական իրադարձություններով չէ, որ պայմանավորված են. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ Ծոցի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները ևս կարևոր են, որոնք անտեսել պետք չէ:

Անդրադառնալով որոշ երկրների՝ Քաթարի հետ հարաբերությունները խզելուն՝ նա կարծիք հայտնեց, որ Քաթարի հետ հարաբերությունները սերտացնելու առումով Հայաստանի դիրքորոշումը ճիշտ է:

Խոսելով Թեհրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին՝ Մանոյանն ասաց. «Դրանք ցույց են տալիս, որ այդ երկրում կարելի է նորմալ ընտրություններ անցկացնել, սա ցույց է տալիս, որ, առանց ներքին լարվածությունների, հնարավոր է շարունակել բնական կյանքը: Սա ողջունելի է մեզ համար, և կարող ենք սերտացնել հարաբերությունները Իրանի հետ»:

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ նա ասաց, որ Սիրիայի շուրջ զարգացումները գտնվում են արաբական երկրների միջև լարվածության խորացման հիմքում: «Եկել է պահը, որ արաբական երկրները վերջնական որոշեն, թե ինչ են անելու Սիրիայի հարցում»,- ասաց Մանոյանը և նշեց, որ Սիրիայում տիրող իրավիճակը ներքին խնդիրներից դուրս է եկել և տարածաշրջանային, ինչու չէ` նաև գլոբալ նշանակություն ունի, քանի որ որոշ գերտերություններ իրենց մասնակցությունն ունեն այդ հարցում: «Այնպես էլ չէ, որ Սիրիայի տագնապի վերջը երևում է»,- նշեց նա:

Մանոյանի խոսքով՝ Թուրքիայի շահերից չի բխի, որ մեծամասշտաբ գործողություններ սկսվեն Հայաստան- Արցախ-Ադրբեջան կամ Ադրբեջան-Արցախ ճակատում, քանի որ դա անվերահսկելի կդառնա, կներքաշվեն այլ պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը: «Կարող է Թուրքիան որոշ քայլերում աջակցի, որ Ադրբեջանի ղեկավարը որոշ առումով իրեն լավ զգա, բայց չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմը կբխի Թուրքիայի շահից»,- ասաց նա:

Անդրադառնալով Նախիջևանի սահմանին ընթացող զորավարժություններին՝ Մանոյանն ասաց, որ այդ զորավարժություններն ինչ-որ տեղ ուղերձ են Հայաստանին և Իրանին, որպեսզի ցույց տան, որ Նախիջևանը ևս կարող են թիրախ դարձնել: «Անհրաժեշտ է, որ մենք ունենանք ավելի հիմնավորված կեցվածք: Անհրաժեշտ է, որ մենք բարձրաձայն քաղաքանություն ունենանք, որպեսզի մտահոգությունները բարձրաձայնվեն, և ծավալվող իրադարձությունների ստվերի տակ չմնա Նախիջևանի հարցը»,- ասաց նա:

«Եթե փոփոխության կողմնակիցները կամ փոփոխություններն առաջարկողներն արվեստագետներ են, երաժիշտներ են, ցավոք սրտի, նրանք չեն հասկացել, որ երկրի դրոշը, հիմնը ոչ թե գեղեցկության մրցույթի համար են, որ մենք ավելի լավ երգենք, ավելի լավ գույների համադրություն անենք, այլ խորհուրդ ունեն»,- ասաց Կիրո Մանոյանը՝ արձագանքելով հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում Հայաստանի Հանրապետության հիմնի փոփոխությանը վերաբերող ցանկություններին:

«Հիմնը փոխել, կնշանակի այլ փոփոխություններ անել, իսկ եթե քաղաքական գործիչներն են առաջարկողները, նշանակում է՝ ցանկանում են արհամարհել Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը, դա կլինի ամենամեծ հետ քայլը»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ 1990 թվականի օգոստոսի 23-ի՝ Հայաստանի Հանրապետության մասին հռչակագրով, ասվում է, որ Հայաստանը շարունակելու է առաջին հանրապետության ժողովրդավարական և այլ մոտեցումները և հայացքները, ինչը, Մանոյանի խոսքով, հնարավորություն է տալիս, որ այդ խորհրդանշական շարունակությունը պահվի:

1