Զբոսավարների դասընթացներ Ստեփանակերտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Զբոսավարների դասընթացներ Ստեփանակերտում

Զբոսավարների դասընթացներ Ստեփանակերտում

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ «Երիտասարդության ինքնաիրացման և զարգացման պայմանների ապահովում» ծրագրի շրջանակներում փետրվարի 21-27-ը Արցախի պետական համալսարանում տեղի են ունեցել զբոսավարաների (գիդերի) անվճար դասընթացներ:

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ Անի Կապլանյանի խոսքով նախարարությունն ունի ոչ ֆորմալ կրթության ծրագիր, որի  շրջանակներում կազմակերպվում են տարբեր դասընթացներ: Մինչ այս դասընթացը կայացել են «Նախագծերի կառավարում» և «Ռազմավարության պլանավորում» դասընթացները: Այս անգամ նախատեսված էր կազմակերպել դասընթաց զբոսավարների համար: Ծրագրին մասնակցել կարող էին 18-35 տարեկան անձինք: Մասնակիցների թիվը կազմում էր 66: Դասընթացը լինելու է երեք փուլով: Առաջին երկու փուլերը տեսական են, իսկ երրորդ փուլը՝ գործնական:

ՀՀ-ում գործող «Պլանետ Թրավել Քլաբ» տուրիստական կազմակերպության հիմնադիր,  դասընթացավար Արմեն Երանոսյանը նշեց, որ մինչ այս ՀՀ-ում եղել են նմանատիպ դասընթացներ: Առաջին փուլում դասընթացի շրջանակներում մասնակիցները լսում են դասախոսություններ մի քանի առարկաներից՝ կրոնների պատմություն, բնագիտություն, ազգագրություն, բանահյուսություն, զբոսավարի էթիկայի կանոններ: Ապա Արմեն Երանոսյանը ավելացրեց, որ  իր կազմակերպությունն արդեն 10 տարի է, ինչ ՀՀ-ում անցկացնում է անվճար նման դասընթանցներ: Արցախում այսպիսի դասընթացներն առաջին անգամ են:

Ըստ Արմեն Երանոսյանի՝ Արցախն իդեալական վայր է զբոսաշրջության համար, քանի որ այստեղ հուշարձանները, մշակութային կոթողներն ավելի լավ են պահպանվել: Ծրագրի շրջանակներում ուսանողներն այցելել են Շուշի և Գանձասար: Արմեն Երանոսյանի խոսքով դասընթացի նպատակն է Արցախում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար պատրաստել էքսկուրսավարներ(գիդեր): Արցախցին պետք է ճանաչի եկեղեցիները, հուշարձանները, լավ իմանա իր պատմությունը, որպեսզի կարողանա այն ներկայացնել զբոսաշրջիկներին:

Դասընթացի մասնակիցները ծրագրի  ավարտին  հանձնելու  են   քննություն, իսկ  լավագույններին տրվելու   են  հավաստագրեր:

Դասընթացի մասնակից Իրինա Հայրապետյանի խոսքով հաճելի էր մասնակցել նման  ծրագրի. «Այս օրերի ընթացքում ես հասցրի ավելի խորը ճանաչել իմ հայրենիքը, իմ ազգը ու հպարտանալ, որ ես հենց հայ ազգի զավակ եմ՝ մի ազգի, որը հինգ հազար տարվա պատմություն ունի, մի ազգի, որը մեծ հայտնագործությունների հեղինակ է այն էլ դեռևս տեսեք որ թվականներից: Վերջին երկու օրերը մենք ունեցանք աննկարագրելի հետաքրքիր ու անբացատրելի տպավորություններով լի շրջայցեր դեպի Շուշի և Գանձասար: Այդքան շատ տպավորություններ ու գիտելիքներ ստացանք դեռ միայն առաջին փուլում, կարծում եմ հետո էլ ավելի հետաքրքիր կլինի»,- եզրափակեց Իրինա Հայրապետյանը:

Անի Ավանեսյան

1