Զարգացման կարևոր փուլ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Զարգացման կարևոր փուլ

Զարգացման կարևոր փուլ

Յուրաքանչյուր պետություն իր կառավարման համակարգը ձևավորում է՝ ելնելով տվյալ երկրի պատմությունից, աշխարհագրական դիրքից, ազգային ավանդույթներից, արժեքներից և դրանց հիման վրա ձևավորված մտածողությունից և քաղաքական մտքի զարգացման մակարդակից: Իսկ այդ կառավարման համակարգը պետք է ընկալելի և ընդունելի լինի տվյալ երկրի ժողովրդի կողմից ու գործնական արդյունքներ ապահովի հատկապես միջազգային հանրության կամ այլ երկրների հետ հարաբերվելիս:

 

Վերոնշյալ հաստատումից ելնելով՝ հնարավոր չէ, և ոչ էլ անգամ պատկերացնելի, որ, օրինակ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանական համակարգն ու խորհրդարանում տիրող ավանդույթները հնարավոր է տարածել աշխարհի որևէ երկրում: Իսկ տարածելու դեպքում՝ արդյունքն այլ բան չէ, բացի փլուզումից: Նույն վախճանը՝ փլուզումը, պետք է ակնկալել, եթե Ճապոնիայի կայսեր ավանդույթները, այդ թվում՝ պարզ ժողովրդի առաջ խոնարհումները, տեղափոխվեն Վինձորյան պալատ:

 

Կառավարման համակարգում տեղ գտած այս բոլոր ավանդույթները մաս են կազմում և իրենց մեջ խտացնում են շատ ավելի իմաստ ու խորհրդանիշ, որոնց բացակայությունն իրոք կարող է խարխլել կառավարման համակարգը տվյալ երկրում:

 

Այժմ աշխարհում տիրող նմանօրինակ ավանդույթները և, այսպես ասած, արարողակարգերն առնված են Եվրոպական և հատկապես ֆրանսիայի հետհեղափոխական ժամանակների կարգերից: Իհարկե, չի կարելի ժխտել նաև վենետիկյան ազդեցությունը՝ հատկապես դիվանագիտական արարողակարգերում:

 

Սակայն Արևելքը շատ ավելի խորքային է:

 

Եթե այսօրվա Արևմուտքին համարենք ներկա աշխարհի քաղաքականության, քաղաքակրթության մատուցողը, ապա Արևելքը դեռ շատ ավելի վաղ աշխարհին մատուցել է քաղաքականության բարոյականությունը՝ իշխանավորի վարքականոնները: Դա արտացոլվել է արևելյան փիլիսոփայությամբ հեռու արևելյան կրոնական, ինչպես նաև ժողովրդի մեջ հազարամյակներ ապրող էպոսներում և ավանդապատումներում: Այլ կերպ ասած՝  Արևմուտքը տարան է ձևավորում, Արևելքը՝ տարայի պարունակությունը:

 

Ընդհանուր առմամբ՝ մեր երկրի պետական կառավարման կարգերը ևս առնված են արևմտյան օրինակից: Խոսքը ոչ միայն օրենքների, այլ ընդհանուր գաղափարների մասին է՝ մարդու իրավունքների հարգում, ժողովրդավարության հասկացություն, պետական մարմիններ ՝օրենսդիր, գործադիր, դատական, և նրանց տարանջատումը…

 

Սակայն, այս բոլոր հասկացությունները միայն այն ժամանակ կարող են արդյունք ապահովել, եթե կարողանան համապատասխանել միջավայրին և միջավայրի ու միմյանց հետ հարաբերություններում զարգացման և բովանդակային իմաստավորման միտումներ պարունակել: Ահա այդ ժամանակ է, որ մեզ օգնության պիտի գա բարոյագիտությունը: Ներկայացվող այս բոլոր եվրոպական «տարաները» զուրկ են լինելու պարունակությունից կամ չեն ծառայելու իրենց նպատակին, եթե համապատասխան նյութով՝ բարոյականությամբ չլցվեն:

 

Մեր երկիրը թևակոխել է զարգացման կարևոր փուլ: Պետք է կարողանանք առավել արդյունավետ օգտագործել այս պահը: Քննարկվում է Սահմանադրության փոփոխությունները և նախատեսվում է 2017 թվականին ժողովրդի դատին ներկայացնել Արցախի նոր Սահմանադրությունը: Սա այն բացառիկ առիթներից է, որտեղ մենք կարող ենք ունենալ թռիչքային զարգացում, եթե ճիշտ օգտվենք հնարավորություններից և զանց առնենք միայն ձևականություններին հետևելուց: Բանավեճը կենսական է և անհրաժեշտ:

 

«Ապառաժ»-ի խմբագրական  17 նոյեմբեր, 2016թ.

1