Երիտասարդության օրը` Ծիծեռնավանքում...
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Երիտասարդության օրը` Ծիծեռնավանքում...

Երիտասարդության օրը` Ծիծեռնավանքում…

ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միությունը իր ստեղծման առաջին իսկ օրից կարևոր խթան է հանդիսացել հայ երիտասարդի հոգում հայրենասիրական գաղափարների արմատավորման, նրանց հոգով, մտքով ու մարմնով կրթելուն ու դաստիարակելուն:

 

 

Նոյեմբերի 10-ը` Երիտասարդության միջազգային օրը ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության երիտասարդները նշեցին Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք գյուղում: Այս գյուղը հայտնի է իր` շուրջ 1500 տարվա պատմություն ունեցող համանուն վանքով:

 

 

 

Վանական այս համալիրը, գտնվելով պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Աղահենք գավառում, դարեր շարունակ արժեքավոր դեր է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլև համայն քրիստոնյա աշխարհի համար, քանի որ այստեղ է պահվում Պետրոս առաքյալի ծիծեռնը (ճկույթը), այստեղից էլ գալիս է վանական համալիրի անունը: Ծիծեռնավանք գյուղը վերաբնակեցվող գյուղ է: Գյուղի բնակիչները պատմեցին, որ մինչև շրջանի ազատագրումը ադրբեջանցիները եկեղեցին գոմի էին վերածել, հատակն ամբողջովին քանդված էր: 2001 — 2003թթ. բարերարների շնորհիվ վանքն ամբողջությամբ վերանորոգվել է:

 

 

Արցախի Երիտասարդական միության Ստեփանակերտի Վարիչ մարմինն այստեղ կազմակերպեց ազգային ավանդական խաղերի (աքլորակռիվ, թելքաշոցի և այլ) մրցույթ: Օրն ամփոփվեց դաշնակցական երիտասարդների համար ավանդական դարձած խարույկահանդեսով, ազգային-հեղափոխական երգ ու պարով, արտասանություններով: Բաց երկնքի տակ ծածանվում էին Արցախի, Հայաստանի և Հայ Հեղափոխական Դաշնակցության դրոշները: Ջերմ ու անմիջական մթնոլորտը խթան հանդիսացավ ընկերների մերձեցման, հայրենասիրության ու միասնականության գաղափարի խոր արմատավորման, ոգևորումի և, անշուշտ, նմանատիպ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտության: Երեկոյան Արցախի Երիրտասարդական Միության երիտասարդները տպավորություններով, աննկարագրելի, անմոռանալի հուշերով վերադարձան Ստեփանակերտ:

 

 

Տ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

1