Երթ դեպի Արցախ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Երթ դեպի Արցախ

Երթ դեպի Արցախ

ՀՅԴ Գերագույն մարմինը կազմակերպել է երկօրյա զորակցական այց դեպի Արցախ:

 

Փետրվարի 27-ին երթի մասնակիցները` մոտ 1200 հոգի, կանգ առան Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Հյուրերին դիմավորեցին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի և Քաշաթաղի  կոմիտեի անդամները: Տեղի ունեցավ ճաշկերույթ:

Հյուրերին ողջունեցին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը և ՀՅԴ Քաշաթաղի <<Միջնաբերդ>> կոմիտեի ներկայացուցիչ Արին Գալստյանը:

 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն իր խոսքում ասաց, որ Արցախում անելիքներ շատ ունեն եւ պատվախնդրությամբ պիտի իրականացնեն  ուխտագնացությունը: <<Արցախում եղել ենք պատերազմի տարիներին, եղել ենք հազարներով, ազատագրել ենք մեր հայրենիքը, շատ զոհեր ենք ունեցել, և Ղարաբաղը սրբություն է մեզ համար:  Արցախը մեր գերխնդիրն է. հայկական իրականության մեջ կան կարմիր գծեր, որոնք ոչ մեկը խախտելու իրավունք չունի, այդ գծերից է նաև Արցախը>>:

 

Միջոցառման կազմակերպիչներից Իգոր Սարգսյանը տեղեկացրեց, որ երթին մասնակցում են ՀՀ բոլոր մարզերի, Երևանի և Ջավախքի ՀՅԴ կազմակերպությունների անդամներ: Նախատեսված է Ստեփանակերտում հանդիպում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ, ինչպես նաև այցելություններ զորամասեր:

 

Առաջին օրը Ստեփանակերտում կկայանա մոմավառություն: Հաջորդ օրը լինելու է հագեցված, որի շրջանակներում ուխտագնացները կայցելեն Շուշի և կիրականացնեն մի շարք միջոցառումներ:

 

Գեղարքունիքի մարզի ԿԿ անդամ Էդուարդ Ասլանյանը կարևորեց նման միջոցառումը՝ նշելով, որ երթի շատ մասնակիցներ Արցախյան պատերազմի առաջամարտիկներ են:

 

Մոտ մեկ ժամ տևած միջոցառումից հետո ուխտագնացները շարժվեցին դեպի Ստեփանակերտ:

 

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

1